Լրահոս
Օրվա լրահոսը

«5-6 դատական հայտ ենք ստացել՝ վարչապետի այդ ստատուսից հետո». Արմինե Օհանյանը՝ իրենց դեմ ճնշումների մասին

Փետրվար 19,2019 15:29

Այսօր ՄԱԱ-ում քննարկում էր կազմակերպվել իշխանություն-մամուլ համագործակցությո՞ւն, թե՞ հակամարտություն թեմայով:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ հեղափոխության առաջին օրերից հասկացել են, որ սպասումները նոր իշխանություններից չեն արդարանալու, ավելի վատ է լինելու, քան նախկին մերժված իշխանությունների օրոք. «Հեղափոխությունից մեկ ամիս հետո «Հրապարակի» նկատմամբ կազմակերպված հարձակումներ սկսվեցին, մենք համարձակվել էինք երիտասարդ իշխանավորների մասին նյութեր հրապարակել, իրենք կոչ արեցին մերժել «Հրապարակը»: Իրենց թվաց, եթե մերժել են նախկին իշխանություններին, ուրեմն կարող են մերժել նաեւ արժեքները, մամուլը, ազատությունը, եկեղեցին եւ այլն»:

Նա ասաց, որ իշխանություններին թվում էր, որ պետք է միայն գովեստի խոսքեր լինեին մամուլում, բայց մամուլը այդպիսին չի կարող լինել: Արմինե Օհանյանը թվարկեց, թե ինչ է տեղի ունեցել այս ամիսներին. «Վարչապետի «լայվերը», նախարարների՝ ֆեյսբուքյան հարթակը նախընտրելը միանգամից հասարակությանը ազդակ ուղարկեցին, որ պետք է ոչ թե կարդալ ԶԼՄ-ների հրապարակումները, այլ հետեւել ֆեյսբուքյան հարթակին, սա մամուլը նսեմացնելու քաղաքականություն էր, որը որդեգրեց նոր իշխանությունը ու շարունակում է դա անել մինչեւ այսօր: Մեր սիրելի վարչապետը որոշեց, որ խաշի պատմությունը կարող է դնել իր պատին ու պախարակել ԶԼՄ-ն: Ամբողջ թիմը հասկացավ, որ մենք ունենք նոր թշնամի, եթե առաջ դա Սերժ Սարգսյանն էր, ՀՀԿ-ն, հիմա «Հրապարակ» օրաթերթը, սկսեցին բացահայտ, ոչ բացահայտ, ուղղակի ու անուղղակի մեթոդներով պայքարել մեր դեմ, հարձակումներ սկսեցին: Այդ մարդիկ միայն երազում կարող էին ինչ-որ մանդատ ստանալ ու մանդատի պարտքը որոշել են տան «Հրապարակի» դեմ ստատուսով իրենց օրը սկսելով: 5-6 դատական հայտ ենք ստացել՝ վարչապետի այդ ստատուսից հետո, նման դեպք ունեցել ենք շատ տարիներ առաջ, հիմա նույն պատմությունը կրկնվում է՝ նոր իշխանությունների ձեռքով»:

Օհանյանը նաեւ ասաց, որ նոր ԱԺ-ն, որ ընդամենը 1.5 ամիս է աշխատում է, երկու նախաձեռնությամբ է հասցրել հանդես գալ, երկուսն էլ մամուլի դեմ են. «Խոսքի ազատությունը ոչ թե իշխանության մեջ գտնվողների խոսքի ազատությունն է, այլ այն մարդկանց, ովքեր հակառակ ճամբարում են, իշխանության մեջ չեն: Արդյոք այդ ազատությո՞ւնն ունեն նախկին պաշտոնյաները, այն մարդիկ, որոնք համաձայն չեն այսօրվա իշխանության ինչ-որ քայլերին: Մեզ ասում են, որ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, ինչքան այսօր: «Հրապարակի» համար երբեք այսքան բարդ չի եղել աշխատելը, ինչքան վերջին 9 ամիսներին՝ հոգեբանական ու տարբեր տիպի ճնշումներ կան ու դա գործադրում են ոչ թե ֆեյքեր, այլ՝ կոնկրետ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, նախարարներ կան, որոնք իրենց պատերին «Հրապարակի» դեմ ստատուս են գրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728