Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասեր տալ ԶԼՄ-ներին ինչպես աշխատել՝ չի կարելի, իշխանությունը պետք է իր տոնայնությունը փոխի». Սաթիկ Սեյրանյան

Փետրվար 19,2019 14:43

Այսօր ՄԱԱ-ում քննարկում էր կազմակերպվել իշխանություն-մամուլ համագործակցությո՞ւն, թե՞ հակամարտություն թեմայով: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ մամուլը հեղափոխությունից հետո փորձում էր ժամանակ տալ նոր պաշտոնյաներին, բացի այդ, ավանդական մամուլին հակադրվեց ֆեյսբուքը: Նոր իշխանությունները սոցցանցերը որպես գործիք ընտրեցին, իսկ դա իր հետ բերում է նոր խնդիրներ: Սոցցանցերում «ֆեյք ինֆորմացիաներ» կարող են շրջանառվել, նաեւ «ֆեյք լուրեր» տարածվել: Նա ասաց, որ եթե կառավարության անդամները գտնում են, որ իրենց խոսքը պետք է տարածվի հիմնականում հաղորդագրությունների, ֆեյսբուքի միջոցով, էլ լրատվական ծառայություններն ինչի՞ են պետք, լուծարեք, միաժամանակ նաեւ տնտեսում կանեք:

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ ուղղորդումներ կան, թե ինչպես են հորդորում մարդկանց «report» անել լրատվական կայքի էջը, «block» անել, «սքրինշոթերը» կան. «Ես կարծում եմ, սխալ է հակամարտություն որակել իշխանություն-մամուլ հարաբերությունները, բայց համագործակցություն էլ չեն կարող ասել, ամեն մեկը իր գործը պետք է անի, ԶԼՄ-ի դերը չի համագործակցելը»:

Սաթիկ Սեյրանյանը նաեւ նշեց գերատեսչությունների՝ մամուլի տեղեկատվության հարցմանը ուշ պատասխանելու հանգամանքը: Նա ասաց, որ ԶԼՄ հարցմանը պատասխանում են, թե օրենքով սահմանված կարգով կպատասխանենք, ինչն արդեն ուշ է, լրագրողն ասում է՝ ես կհրապարակեմ ու նյութի մեջ կգրեմ, որ պատրաստ ենք հրապարակել նաեւ ձեր պատասխանը: Բայց երբեմն այնքան ուշ է լինում այդ պատասխանը, որ մոռանում ես՝ ո՞ր հարցման պատասխանն են ուղարկել:

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ նախկին իշխանության ժամանակ էլ են խնդիրներ ունեցել, ունեցել են պատասխաններ, որոնք ոչինչ չեն ասում, բայց հիմա էլ այդ խնդիրները չեն լուծվել: ՀԺՄ նախագահի խոսքով՝ «Տոնայնությունը պետք է փոխեն, մամուլի հետ չի կարելի այդպես խոսել: Որոշ մարդիկ ունեն հիշողության կորուստ, վարչապետի լրատվամիջոցի ինչ-որ ներկայացուցիչներ հիմա դասեր են տալիս մեզ, չի կարելի, քիչ է մնում իրենց պադշիվկաները հանես ու դնես իրենց առաջ: Դասեր տալ ԶԼՄ-ներին ինչպես աշխատել՝ չի կարելի, Google կանենք ու բոլոր հարցերի պատասխանները կստանանք: Իշխանությունը պետք է իր տոնայնությունը փոխի: Ինչպես Աղասի Ենոքյանն ասաց, հիմա այլեւս նախկինները չկան, որ մեղքերը բարդեն նախկինների վրա, հիմա քավության նոխազ է դառնում մամուլը՝ մենք լավն ենք, մամուլը մեզ սեւացնում է»:

«Ռադիոլուր» ծրագրի տնօրեն Արմեն Վարդանյանն ասաց, որ քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, նախորդի համեմատ, շատ ավելի լավ է աշխատում: Հարցին՝ Հանրային ռադիոյի վրա ճնշում կա՞, ձեր ազատության աստիճանը փոխվե՞լ է՝ Վարդանյանը պատասխանեց, որ ոչ. «Մենք ինչպես կայինք, այնպես էլ աշխատում ենք: Ես 94-ից աշխատում եմ ռադիոյում, իհարկե, փոխվել է ռադիոն, փոխվել է ազատության իր ծավալը: Ժամանակին կար ազատության սահման, ռադիոն միշտ փորձում էր այդ սահմանի մեջ պտտվել, հետո մի քիչ դուրս էր գալիս: Մամուլում պետք է օգտվես ազատության այն սահմանից, որը նվաճում ես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728