Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գուրգեն Մարգարյանի սպանությունն Իլհամ Ալիեւի պատվերն է». Մարինա Գրիգորյան

Փետրվար 19,2019 14:08

«2004թ.-ին՝ Գուրգեն Մարգարյանի սպանությունից 3,5 տարի առաջ, Իլհամ Ալիեւը եկել է իշխանության: Այդ հանցագործությունն Ալիեւի առաջին ուղերձն էր աշխարհին այն մասին, թե ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել որպես նախագահ եւ ինչ մտադրություններ ունի: Նա հայատյացությունը դարձրեց Ադրբեջանի պետական քաղաքականություն»,-«Արմենպրես» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ 15 տարի առաջ այս օրը Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը սպանեց ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի սպա Գուրգեն Մարգարյանին, Հունգարիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն տարիներ անց արտահանձնվելով Ադրբեջանին՝ ներում ստացավ՝ միջազգային իրավական նորմերի խախտումներով:

Մարինա Գրիգորյանը նշեց. «Այդ սպանությունը եղել է Իլհամ Ալիեւի պատվերը: Դա պարզ դարձավ Սաֆարովի եւ նրա հետ նույն սենյակում եղած մյուս զինծառայողի առաջին իսկ ցուցմունքից: Վերջինս ասում էր, որ երբ Սաֆարովն արյունոտ կացնով եկել է իր սենյակ, ասել է՝ «կգնաս Բաքու եւ կասես, որ ես կատարեցի այն, ինչ պետք է կատարեի, եւ թող նրանք չնյարդայնանան»…»: Մարինա Գրիգորյանը հիշեցրեց նաեւ Ռամիլ Սաֆարովի հունգարացի փաստաբանի՝ դատարանում ուշագրավ հայտարարությունն այն մասին, որ հայի սպանությունն Ադրբեջանում չի համարվում հանցագործություն. «Սա Ալիեւի քաղաքականության մարմնավորումն է: Բոլորի համար է պարզ, որ հունգարացի փաստաբանը չէր կարող ինքը նման բան հորինել եւ հայտարարել դատարանում: Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին ժամանակին հայտարարեց, որ ադրբեջանցի երիտասարդները պետք է հետեւեն Սաֆարովի օրինակին: Այսինքն, կոչ արեց հայ սպանել: Ալիեւի քաղաքականության շարունակությունը տեսանք ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, երբ գլուխ կտրող զինվորականին Ալիեւն անձամբ պարգեւատրեց»:

Մարինա Գրիգորյանը նաեւ փաստեց. «Ադրբեջանում հայերիին սպանողներին հերոսացնելու քաղաքականության հիմքերը դրվել են դեռեւս Սումգայիթի ջարդերի ժամանակ, երբ ցույցերում ադրբեջանցիները բարձրացնում էին մարդասպանների լուսանկարները: Հետո տեղի ունեցավ Մարաղայի սպանդը: Արցախի այդ գյուղում Ադրբեջանի հատուկ ջոկատայինները հիսուն բնակչի սպանեցին, իսկ կազմակերպիչը դարձավ անկախ Ադրբեջանի առաջին ազգային հերոսը: Այսօր էլ Ալիեւն ամեն կերպ փորձում է ազատել մարդասպան-դիվերսանտներին, որոնք պատիժը կրում են Արցախում: Ալիեւը մոռանում է, որ այս դեպքում գործ ունի ոչ թե Հունգարիայի ծախված կառավարության, այլ Արցախի իշխանության հետ: Այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե պատանդների, այլ մարդասպան-դիվերսանտների հետ, որոնք երկու հոգու են սպանել: Սաֆարովին շարունակում են հերոս համարել՝ մեզ կոչ անելով խաղաղության նախապատրաստվել: Էլ չասեմ Սումգայիթի, Բաքվի եւ Մարաղայի ջարդերի մասին: Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել այդ ամենի համար, խաղաղության նախապատրաստման մասին խոսելը քաղաքական ցինիզմի արտահայտություն է»,-եզրափակեց Մարինա Գրիգորյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2525259450877970/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728