Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջել ենք Սաֆարովին Հունգարիա վերադարձնել. ՄԻԵԴ վճիռը գուցե հրապարակվի այս տարի». փաստաբան

Փետրվար 19,2019 13:40

«Ադրբեջանը Սաֆարովին արդարացրեց եւ հերոսացրեց: Այդ հիմքերով դիմեցինք ՄԻԵԴ: 2016թ. ՄԻԵԴ-ը հարցեր առաջադրեց Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարություններին, օրինակ՝ արդյոք Ադրբեջանը թույլ չի՞ տվել համապատասխան կոնվենցիաների խախտում՝ կյանքի իրավունքի մասով: Մեր ներկայացրած գանգատի կոմունիկացիոն փուլն արդեն ավարտվում է, եւ կարծում եմ՝ այս տարի ՄԻԵԴ վճիռ կունենանք: Մեր պահանջն է՝ Սաֆարովին վերադարձնել Հունգարիա կամ երրորդ երկիր, որպեսզի նա պատիժը կրի»,-«Արմենպրես» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց 2004թ. այս օրը Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը:

Նա նշեց, որ ըստ միջազգային համապատասխան կոնվենցիաների՝ Ադրբեջանը որպես պետություն պատասխանատու է նշյալ դեպքի համար. «Նա իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը՝ Սաֆարովի հանցանքի համար: Միշտ ասել եմ, որ պետական պատվեր կա: Սաֆարովն ինքնուրույն չէր անի նման բան: Նա բավականին հեռանկարային սպա է եղել: Չեմ կարծում, թե նա չէր գիտակցում, որ նման արարքից հետո պատիժ է կրելու: Եթե նա համոզված չլիներ, որ իր պետությունն իր մեջքին կանգնած չէ, չէր անի նման բան»:

Նազելի Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, որ քննարկում են Ադրբեջանին պատասխանատվության կանչելու ակնկալիքով Միջազգային քրեական դատարան դիմելու հարցը: Հիշեցնենք, որ Հունգարիայում Ռամիլ Սաֆարովը երկու տարվա դատաքննությունից հետո դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի: Սաֆարովը ութ տարի Հունգարիայի բանտում անցկացրեց, իսկ այդ երկրի իշխանափոխությունից հետո Ադրբեջանին հաջողվեց կազմակերպել նրա արտահանձնումը: «Հունգարիան համաձայնվեց արտահանձնել Սաֆարովին՝ խախտելով միջազգային նորմերը: Ադրբեջանում էլ, ինչպես հայտնի է, Ռամիլ Սաֆարովը «ներում» ստացավ՝ իր իսկ օրենսդրության խախտմամբ: Ադրբեջանին հաջողվեց ոչ օրինական միջոցներ ձեռնարկել եւ 2012թ.-ին Սաֆարովի արտահանձնումը կազմակերպել»,-եզրափակեց Նազելի Վարդանյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2525259450877970/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728