Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրականում Սամվել Ալեքսանյանի վճարած ընդհանուր հարկերը ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են. «Հայկական ժամանակ»

Փետրվար 19,2019 12:56

Վեցերորդ խոշոր հարկատուն ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ»-ն է, որը պետական բյուջե է վճարել 16 մլրդ 191 մլն 390 հազար դրամի չափով հարկեր։ Թերեւս ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն այն է, որ Ալեքսանյանի ընկերությունը նախորդ տարի` 2017 թվականին, վճարել էր 21 մլրդ 470 մլն 222 հազար դրամի հարկ, այնինչ այս տարի այդ թիվը բավականին նվազել է։ Նվազել է շուրջ 5 մլրդ 278 մլն 832 հազար դրամի չափով: Որոշ մարդիկ նշում են, թե սա նշանակում է, որ նոր իշխանություններն ու Սամվել Ալեքսանյանը իրար հետ «լեզու» են գտել: Այստեղ հիմնական հարցն այն է, թե որ շրջանում է տեղի ունեցել Ալեքսանյանի կողմից վճարվող հարկերի նվազումը: Եթե նայենք 2017 թվականի առաջին եռամսյակին եւ 2018 թվականի առաջին եռամսյակին Ալեքսանյանի վճարած հարկերը, ապա այն այսպիսին կլինի` 2017-ի հունվար-մարտ ամիսներին «Ալեքս Հոլդինգ»-ը վճարել է 4 մլրդ 490 մլն 937 հազար դրամի հարկ, 2018 թվականի նույն ամիսներին` 3 մլրդ 350 մլն 227 հազար դրամի հարկ:

2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` այսինքն` հունվարից մինչեւ հունիս, Ալեքսանյանի ընկերությունը վճարել է 11 մլրդ 263 մլն 740 հազար դրամի հարկ, իսկ 2018 թվականի նույն ամիսների ընթացքում ընկերությունը վճարել է 7 մլրդ 678 մլն 256 հազար դրամի հարկ: Այսինքն, հիմնական խնդիրն առաջացել է 2018 թվականի առաջին կիսամյակում: Ընդ որում, եթե 2018 թվականի առաջին եռամսյակում Սերժ Սարգսյանն էր երկրի ղեկավարի պաշտոնին, ապա երկրորդ եռամսյակում Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ։ Այսինքն, նվազումը տեղի է ունեցել 2018 թվականի առաջին կիսամյակում:

Իրականում Ալեքսանյանի վճարած ընդհանուր հարկերը ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են։

ՊԵԿ-ից ՀԺ-ին ասացին, որ 2017 թվականին գործել է միայն Ալեքս Հոլդինգը, որը զբաղվել է մի քանի տարբեր գործունեություններով` սուպերմարկետների ցանց, ալրաղաց, պարարտանյութի ներմուծում, մեծածախ առեւտուր եւ այլն: 2018 թվականին կազմակերպությունից թվով 7 կազմակերպություններ են ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը զբաղվել է մեկ հստակ գործունեությամբ։ Օրինակ՝ ալրաղացը սկսել է գործել Բաղրամյան ՍՊԸ-ի տակ: Այսինքն, որպեսզի կարողանանք գնահատել Ալեքս հոլդինգի հարկային վճարումները, պետք է վերցնենք 2017 թվականին Ալեքս Հոլդինգի կատարած վճարումները, եւ 2018 թվականին այդ 8 կազմակերպությունների կատարած վճարումները միասին, որովհետեւ այս 8 կազմակերպությունները իրականացրել են այն նույն գործունեությունները, որոնք նախորդ տարի` 2017 թվականին, Ալեքս հոլդինգը իրականացրել է միայնակ: Այսինքն, եթե համեմատենք այդ հարթակի վրա, ստացվում է հետեւյալ պատկերը, որ այս խմբի կողմից 2017 թվականի 21.5 մլրդ-ի փոխարեն, 2018 թվականին բյուջե է վճարվել 22.9 մլրդ դրամ:

Այստեղ հատկանշական է նաեւ այն փաստը, որ այլեւս չկա նախորդ տարիներին ձեւավորված այն արատավոր պրակտիկան, որ տարեվերջին բյուջեով սահմանված հավաքագրումը չկատարելու դեպքում ՊԵԿ-ը գործարարներից հունվար-փետրվար ամսվա հարկերը նախօրոք էր ուզում, որպեսզի կարողանա իր առջեւ դրված «պլանը» կատարել:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728