ՀԱԿ թեթև ձեռքով Հայաստանում քաղաքական օրակարգ մտավ, կամ առնվազն հանրային ուշադրություն գրավեց խորհրդարանականից կիսանախագահական համակարգի անցման հարցը: Հայաստանում կառավարման մոդելների շուրջ քաղաքական քննարկումներն ու բանավեճերը նոր չեն և այդ իմաստով, թերևս, կարևոր է մշտապես հիշել մի բան՝ արդյունավետ կարող է լինել ցանկացած մոդել, ամեն ինչ կախված է կիրառողներից և այն հողից, որի վրա կիրառվելու է մոդելը: Հողը տվյալ դեպքում զուտ ֆիզիկական իմաստ չէ, որ ունի, այլ հոգեբանական, մտածողության, արժեհամակարգային, ավանդույթային: Եվ ահա, այդ ամբողջ հենքը հաշվի առնելով, աներկբա է, որ կիսանախագահական մոդելը Հայաստանում մեզ վերադարձնելու է այնտեղ, որից պոկվելու համար էլ հանրությունը գնաց թավշյա հեղափոխության կամ, համենայնդեպս, պետք է որ դրա համար գնացած լինի հեղափոխության, ոչ թե զուտ իշխանություն փոխելու կամ, այսպես ասած՝ ավելի լավ սոցիալական պայմաններ ունենալու:
Վերջին հաշվով, ավելի լավ սոցիալական պայմանները, ավելի լավ տնտեսությունը, ավելի շատ հնարավորությունը կախված են հենց այն հանգամանքից, թե որքան համարժեք կլինեն հողն ու կիրառվող կառավարման մոդելը: Ակնառու է, որ կիսանախագահական կամ նախագահական մոդելները Հայաստանում չեն ունեցել այդ համարժեքությունն ու ներդաշնակությունը: Ընդ որում, այստեղ կա մի նուրբ հանգամանք, որը հարկավոր է ընդգծել ու պարզաբանել: Կիրառված նախագահական կամ կիսանախագահական մոդելները հենց շատ ներդաշնակ, համահունչ են եղել Հայաստանում եղած հանրային հոգեբանա-մտածողական, արժեհամակարգային հողին, բայց հակառակ կողմից: Այսինքն՝ ներդաշնակ են եղել ոչ թե հանրային օրակարգին, պետական զարգացման հրամայականին, այլ ներդաշնակ են եղել այն արատներին, որոնք առկա են եղել հանրային մտածողության մեջ և բխել են քաղաքական ավանդույթներից զուրկ անցյալից: Այդ հողի վրա գերակայել է ամեն ինչի անձնավորված ընկալումն ու պատկերացումը, «փրկչի» սպասումը, բոլոր հարթություններում, սոցիալական բոլոր շերտերում: Արդյունքը եղել է այն, որ առավել աշխույժ և հնարամիտ խմբերը այս հանգամանքը հմտորեն խաղարկել ու շահարկել են, հանրությանը պարտադրելով տարաբնույթ «փրկիչների»՝ տարբեր կարգավիճակներով, պատերազմի հերոսներից՝ իրական և նաև կեղծ, մինչև քաղաքականության, այսպես ասած, «գուրուներ»:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում