Նախկին փաստաբան, այժմ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե կառավարության ծրագիրն ինչ կտա մեզ իրավական անվտանգության, երկրում արդարադատության, անկախ դատական համակարգի կայացման առումով։ Նա նախընտրեց հարցին պատասխանել կառավարության ծրագրի իրավական մասից մեջբերում անելով․ «Նախ՝ անցումային արդարադատության գործիքակազմի մասին է խոսվել ծրագրում, երկրորդը․ որ շատ կարեւոր ինստիտուտ է, մեղավորության կանխավարկածը, որը նորություն է մեզանում, եւ պետք է այն բավականին շատ մամուլով հնչեցնի, որպեսզի հասարակությունն ըմբռնի, թե ինչի մասին է խոսքը։ Մյուսն արտադատարանական գործիքակազմի ներդրումն է, մասնավորապես արբիտրաժային արդարադատության մասին է խոսքը, եւ պետությունն էստեղ լուրջ անելիք ունի՝ թոթափելով դատական համակարգը եւ մատչելի դարձնելով արդարադատությունը հասարակությանը։ Նաեւ խոսք կա հանրային պաշտպանի մեխանիզմների ներդրման մասին»։
– Հիմա կառավարության այս ծրագրով որո՞նք են լինելու առաջին քայլերը, ինչպե՞ս են ներդրվելու անցումային արդարադատության մեխանիզմները։
– Առաջին քայլը, իմ անձնական տեսակետն ա դա, պետք ա լինի կառավարության որոշումը, որտեղ սահմանվելու է այդ շրջանակը անձանց, որոնց վրա տարածվելու ա անցումային արդարադատությունը եւ այն չափանիշները, ուղենիշները, որի հիման վրա ընդունվելու են համապատասխան օրենքներ, եւ էդ օրենքներն ընդունվելուց հետո ստեղծվելու են համապատասխան մարմիններ, էդ մարմիններն էլ էդ օրենքները կիրառելու են։ Ես ասել եմ, որ անցումային արդարադատության անհրաժեշտ օրենքները, որ պետք ա ընդունվեն, վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, որ հետադարձ ուժ է տրվելու այն անձանց նկատմամբ, ում իրավունքները նախորդ իշխանությունները խախտել էին մասսայական իրենց ելույթներում։
– Մենք հիմա ունե՞նք անկախ դատական համակարգ։
– Հիմա՝ ե՞րբ։
– Այս պահին։
– Անկախ դատական համակարգը մենք ունենք օրենքի ուժով եւ Սահմանադրությունն ընդունելուց հետո, իսկ փաստացի, եթե Դուք իմ ելույթները նայեք, «համակարգ» բառը մի քիչ սխալ եք օգտագործում, եթե ասում եք՝ անկախ ա դատական համակարգը, եթե «դատական համակարգ» տերմինն եք օգտագործում, ինքն անկախ չի կարա լինի։ Դատարանը համակարգ չի լինում, լինում ա դատական իշխանություն, լինում են դատավորներ, եւ համակարգը, ճիշտ եք ասում, նախորդ իշխանության ժամանակ ա եղել, որտեղ վերեւից ներքեւ ինքը կառավարելի ա եղել։
– Հիմա մեր դատարաններն անկա՞խ են։
– Ոչ թե դատարանները, այլ՝ դատավորները։ Մենք ունենք դատավորներ, որ անկախ են, եւ մենք ունենք դատավորներ, որոնց մասին ես մամուլով եմ հրապարակել, որ չեմ հավատում, որ իրանց դեմ չկան կոմպրոմատներ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում