Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումն ու ընդունումը, ի թիվս այլ շերտերի, մեկ կարևոր արձանագրման պատճառ դարձան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվությունը։ Մեղմ ասած, պասիվությունը։
Ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականները մի քանի ելույթներ ունեցան, որոնք ընդամենն արտաքուստ էին ապահովում ընդդիմադիր ժանրի կանոնները։ ԲՀԿ-ականների ելույթներում ակնհայտորեն պակասում էր իրենց բնորոշ պաթոսն ու պոպուլիզմը, որով նրանք անարգանքի սյունին էին գամում նախկին կառավարություններին։
Իր եզրափակիչ ելույթում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե չանդրադարձավ ԲՀԿ-ականների քննադատություններին, եթե դրանք, իհարկե, կարելի է քննադատություններ անվանել։ Փաշինյանի ելույթն ակնհայտ դարձրեց մի քանի օր շարունակ երևացող այն իրողությունը, որ հակամարտությունն ընթանում է իշխանություն- «Լուսավոր Հայաստան» տիրույթում։
Այսինքն՝ առնվազն կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների մասով «Լուսավոր Հայաստանն» իրեն արձանագրեց որպես իշխանությանը թիվ մեկ ընդդիմադիր խորհրդարանական ուժ։
Այսքանը վստահաբար գիտակցում էին ու գիտակցում են նաև ԲՀԿ-ականները։ Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչի՞ դիմաց «Բարգավաճ Հայաստանը», Գագիկ Ծառուկյանը զիջեցին իրենց դիրքերն Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժին։ Այդ քայլին դիմելու քաղաքական դրդապատճառներ «Բարգավաճ Հայաստանը» չուներ։
Ճիշտ հակառակը՝ կառավարության ծրագրի քննարկումն այս ուժը պետք է օգտագործեր՝ որպես թիվ մեկ ընդդիմադիր ավելի ամրանալու, հանրային գիտակցության մեջ՝ որպես իշխանությանը վերահսկող համար առաջին ուժ ֆիքսվելու համար։ Եվ եթե չկան նման քայլի դիմելու հրապարակային պատճառներ, հետևաբար՝ այդպիսիք պետք է փնտրել ոչ հրապարակային դաշտում, քաղաքական կուլիսներում։
Արթուր ՍԱՐԳՍՅՍՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում