Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մեր սիրիական նախաձեռնությունը «սխալ հասկացան»

Փետրվար 19,2019 22:00

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մի քանի օր առաջ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Սիրիա է ուղարկվել մոտ 80 մարդուց բաղկացած հումանիտար առաքելություն, կազմված է բժշկական, հումանիտար ականազերծման եւ պահպանության միավորներից։

Պաշտպանության նախարարությունը նաեւ հայտնեց, որ դա բացառապես հայկական կողմի նախաձեռնությունն է, համաձայնեցված Դամասկոսի հետ, եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը վերաբերում է միայն լոգիստիկային, իսկ մեր արտգործնախարարությունը շեշտեց, որ առաքելությունը կրում է բացառապես հումանիտար բնույթ եւ այլ բնույթի գործունեություն նախատեսված չէ։

Որքանո՞վ է սա քաղաքականապես արդարացված, եւ սրա իմաստը ո՞րն էր։ Սրա վերաբերյալ, ցավոք, որեւէ հանրային բանավեճ չեղավ, իսկ քաղաքական բանավեճ (չհաշված առանձին քաղաքական հայտարարությունները, որոնցից որոշները՝ համեմված տարբեր խորության մանիպուլյացիաներով)՝ առավելեւս, չնայած՝ ռիսկերն ակնհայտ էին։ ՀՀ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչները հրապարակայնորեն հավաստիացրեցին, որ ռիսկերը հաշվարկված են, Հայաստանի գործընկերներին անհրաժեշտ բացատրությունները տրված են, թե այդ առաքելության բուն նպատակը որն է, որպեսզի մեզ «սխալ չհասկանան»։
Սակայն, ստացվեց այնպես, որ մեզ հենց այդպես էլ՝ «սխալ հասկացան»։

Նախ, մեզ «սխալ հասկացան» ռուսները, եւ ահա թե ինչու եւ ինչպես։ Եթե հայտարարվում է, որ սա մե՛ր նախաձեռնությունն է, ապա պարոն Շոյգուն որպես ի՞նչ է մեզ «շնորհակալություն» հայտնում, որ Հայաստանն «առաջինն արձագանքեց Ռուսաստանի կոչին՝ օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին»։ Ինչո՞ւ է թույլ տրվում հնարավորություն, որպեսզի Ռուսաստանն «իրենով անի» մեր նախաձեռնությունը (ճիշտ թե սխալ էր այդ նախաձեռնությունը՝ դա այլ հարց է), եւ ինչո՞ւ է պոստֆակտում միայն հայտարարվում, որ նախաձեռնությունը բացառապես մերն է, առաքելությունը բացառապես հայկական է, դրա շահառուներն այնտեղ դեռ մնացած հայերն են, առաքելությունն էլ գործելու է բացառապես հայկական դրոշի ներքո։

Եվ դրան գրեթե անմիջապես հետեւեց այն, որ մեզ սկսեցին «սխալ հասկանալ» արդեն ամերիկացիները, եւ ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես եկավ բավականին կտրուկ հայտարարությամբ, որը կարելի է բաժանել երեք մասի։ Առաջին մասը վերաբերում էր իրենց բուն վերաբերմունքին հայկական առաքելությանը։

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, եւ մենք կիսում ենք Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները», – ասված է լրատվամիջոցների հարցումներին Պետդեպարտամենտի տված պատասխանում, որը տրամադրել են հայկական ԶԼՄ-ներին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Այնուհետեւ, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադառնում է երկու համատեքստերին՝ ռազմաքաղաքական միջավայրին, որի պայմաններում պիտի գործի հայկական առաքելությունը, եւ այնուհետեւ տալիս է ընդհանուր իրավիճակի եւ դրա պատճառահետեւանքային կապերի գնահատականը. «Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաեւ չենք պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն այս առաքելության նպատակով»:

«Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց եւ պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի եւ վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», – հայտարարում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը (մեջբերումներն՝ ըստ «Ազատություն» ռ/կ-ի):
Արժե հիշել նաեւ Բոլթոնի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցրած հայտարարությունը, որ Վաշինգտոնն ըմբռնումով է մոտենում Հայաստանի ցանկությանն օգնել Սիրիայի հայերին, սակայն նաեւ նախանշեց «կարմիր գիծը», որ դա չպետք է որեւէ առնչություն ունենա, ուղղակի կամ միջնորդավորված՝ Սիրիայում վարվող ռազմական գործողությունների հետ։ Հիշենք նաեւ, որ դա այն ժամանակաշրջանն էր, երբ մեծ էր հավանականությունը, որ Ասադի բանակը ռուսական օդուժի օժանդակությամբ կարող է հարձակում նախաձեռնել Իդլիբ նահանգում վերահսկողություն հաստատելու նպատակով։

Ի՞նչ մենք շահեցինք արդյունքում։

Նախ, Սիրիայի հայերի մասով։ Պետք է անկեղծ լինել եւ խոստովանել, որ պատմականորեն հայերը Մերձավոր Արեւելքում անելիք չունեն, եւ նրանց հայրենադարձության հարցը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական առաջնահերթություն։ Լավագույն հումանիտար առաքելությունը կլիներ սիրիահայերի շուտափույթ տարհանումը Սիրիայից եւ հայրենադարձությունը Հայրենիք։ Եվ դա բխում է ոչ միայն նրանց, այլեւ հենց Հայաստանի Հանրապետության պետական շահերից։ Հիշեցնենք, որ Հայաստանը շարունակում է դուրս մնալ միջազգային ֆինանսական օգնության ծրագրերից, կապված սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու հետ։ Նաեւ, մեծ հարց է, հիպոթետիկ ռւ հռետորական, իսկ ռուսական կողմը նման խանդավառությամբ ինքնաթիռներ կտրամադրե՞ր հայերին Հայաստան վերադարձնելու համար…

Ռուսների մասով, ինչպես միշտ, մենք կրկին տեսանք երկակի խաղը, երբ «աջ ձեռքով» ռուսները մեզ «շնորհակալություն» են հայտնում, իսկ «ձախով» պրոպագանդիստական պատերազմի նոր ալիք սանձազերծեցին ընդդեմ Հայաստանի կառավարության, ու հիմա էլ բարձրաձայնում են «Ղրիմը ճանաչելու անհրաժեշտության» մասին, սովորական «դարավոր բարեկամության» շարքից։

Ամերիկացիներն էլ ուղղակիորեն չդատապարտեցին, սակայն «երեսով տվեցին» թե՛ «դարավոր բարեկամությունը», թե պատճառներն այն աղետի, որում հայտնվել են հայերը Սիրիայում, ինչի հետ կապված մեր հասարակության մեջ գերիշխում են մոտեցումները, որոնք հրամցվում են ռուսական հեռուստաալիքներով։ Եվ, ինչպես ասվում է հրեական անեկդոտում, «նստվածքը մնաց»։

Ի դեպ, հրեաների մասով։ 1984-85 թվականներին Եթովպիայում էր քաղաքացիական պատերազմ, եւ բնականաբար՝ թիրախում նույնպես հայտնվեցին ազգային-կրոնական փոքրամասնությունները։ Իսրայելը կազմակերպեց «Մովսես» օպերացիան, մի իրավամբ հումանիտար առաքելություն, որի ընթացքում մեկ ամսում մոտ 14 հազար հրեա կենտրոնացված հայրենադարձվեց, նրանցից մոտ մեկ եւ կես հազարը՝ ծնողազուրկ երեխաներ։ Այդ տարիներին Հայաստանը դեռ անկախ չէր, պետություն չէր, եւ Ադդիս-Աբեբայի ազդեցիկ հայ համայնքը հանձնվեց բախտի քմահաճույքին եւ քիչ բան է հայտնի, թե ուր ենք նրանք… Իսկ հիմա Հայաստանն ազատ եւ անկախ պետություն է, եւ ժամանակն է այդ կարգավիճակին հարիր բովանդակությամբ քաղաքականություն վարել, եւ հենց նման դեպքերում է, որ «հայաստանակենտրոնություն» եզրույթը իմաստ կստանա։ Իսկ այս անգամ, կարծես թե, ստացվում է «ինչպես միշտ», եւ դա շատ վատ է։ Շատ վատ է, որ ուզում ենք նույնիսկ լավ բան անել, բայց ստացվում է, որ մեզ «սխալ են հասկանում»։ Ինչո՞ւ է այդպես։ Մենք ոնց որ թե այդպես էլ չենք կարողանում ժամանակին ձեւավորել եւ ձեւակերպել ոչ միայն մեր պետական շահը, այլեւ ուղղակի պարզ բացատրել, թե մենք մեզանից եւ աշխարհից ինչ ենք ուզում, հանձնել դա թղթին եւ թղթից ուղղակի կարդալ, որ հանրությունն էլ, հայաստանյան եւ միջազգային, մեր արածից կամ չարածից բան հասկանա, եւ հետո ստիպված չլինենք բացատրություններ տալու այն բանից հետո, երբ մեզ արդեն «սխալ հասկացան»։ Դա այն է, ինչը կոչվում է անկախ պետության քաղաքականության տեղեկատվական ապահովում, հաղորդակցում, փաբլիկ ռիլեյշնզ… 21-րդ դար… եւ այլն։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728