Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչական դաշտում իշխանությունները տանուլ են տալիս եւ արդյունքում կարող են կորցնել այն ամենը, ինչը ձեռք է բերվել նույն քարոզչական դաշտում տեւական ժամանակ տարած հաղթանակների շնորհիվ. «Հայկական ժամանակ»

Փետրվար 19,2019 11:48

Տնտեսական հեղափոխությունը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, եթե հասարակությունը ոչ միայն վստահի նոր իշխանություններին, այլեւ որոշակիորեն փոխի իր սոցիալ-տնտեսական վարքագիծն ու մտածողությունը։ Այսինքն՝ առաջին պլան են մղվում հասարակական գիտակցության վրա ազդելու մեխանիզմները, պարզ ասած՝ քարոզչամիջոցները։ Իսկ նոր իշխանություններն ակնհայտորեն այս հարցում եւս առաջնորդվում են «բաց ձեռքերի» մարտավարությամբ։ Սեփական գաղափարները հասարակությանը հասցնելու (առանց որի հաջողության հասնել հնարավոր չէ) քարոզչական մեխանիզմներ նրանք պարզապես չունեն։ Ֆեյսբուքյան լատինատառ քարոզիչները չեն կարող կատարել այդ դերը, եւ ունենք այն, ինչ ունենք. լրատվամիջոցների ու քարոզչամիջոցների ջախջախիչ մեծամասնությունը պարզապես «ասֆալտին է ծեփում» նոր իշխանություններին, եւ արդյունքներն արդեն տեսանելի են (եթե անգամ վերնախավը դեռ չի տեսնում)։ Որովհետեւ լրատվական-քարոզչական դաշտում «բաց ձեռքերի» մարտավարությունը դիմացինին չի ստիպում նույնպես հանդես գալ «բաց ձեռքերով», հակառակը՝ որակյալ դիմադրության բացակայությունը նրանց ավելի է ոգեւորում։ Առավել եւս, որ անփորձ պաշտոնյաները դրա առիթները տալիս են։

Իշխանական վերնախավում, իհարկե, կան մարդիկ, ովքեր տեսնում ու հասկանում են, թե ինչ է կատարվում, ու փորձում են ինչ-որ բան անել։ Բայց ինչ-որ բան անելու ձեւերը մի քանիսն են։ Չգիտենք, թե որ «խելոքն» է խորհուրդ տվել, բայց այնպիսի տպավորություն է, թե իշխանությունները որոշել են ուղղորդված հակաքարոզչության դեմ պայքարել ոչ թե սեփական քարոզչությունն ուժեղացնելու, այլ դիմացինի քարոզչամիջոցները թուլացնելու ճանապարհով։ Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ դա ոչ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է հակառակ էֆեկտը տալ։ Չէ՞ որ «հալածյալ ընդդիմադիր լրատվամիջոցի» լուսապսակը (հետո՞ ինչ, որ որեւէ մեկը նրանց չի հալածում) միայն ավելացնում է այդ կառույցների գործունեության արդյունավետությունը։

Արդյունքներն էլ, կրկնենք, արդեն երեւում են. քարոզչական դաշտում իշխանությունները տանուլ են տալիս եւ արդյունքում կարող են կորցնել /հասարակությունը կարող է կորցնել/ այն ամենը, ինչը ձեռք է բերվել նույն քարոզչական դաշտում տեւական ժամանակ տարած հաղթանակների շնորհիվ։ Քանի՞ հեռուստաընկերություն կա, որ այսօր հասարակությանը բացատրում է հեղափոխության էությունը, եւ քանի՞սն են թաքուն կամ բացահայտորեն պայքարում իշխանությունների դեմ, քանի՞ թերթ կամ լրատվական կայք կա, որ գոնե լոյալ է իշխանությունների նկատմամբ, ու քանի՞սն են թաքուն կամ բացահայտ «ասֆալտին փռում» հեղափոխությունը։

Սա ոչ մի դեպքում չի նշանակում, թե պետք է սահմանափակել այդ լրատվամիջոցների ազատությունը, սա նշանակում է, որ իշխանությունները նույնպես պետք է օգտվեն այդ ազատությունից ու իրենք էլ իրենց քարոզչությունն իրականացնեն։ Ընդ որում՝ ոչ թե սեփական վարկանիշի համար (եթե տնտեսական հեղափոխությունը ձախողվի, ո՞ւմ է պետք այդ վարկանիշը), այլ որովհետեւ առանց հզոր քարոզչական աջակցության հաջողության հասնել հնարավոր չի լինելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728