Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազգ-բանաստեղծ

Փետրվար 19,2019 12:30

Թումանյանի 150-ամյա հոբելյանն է, Ամենայն հայոց բանաստեղծի, Որբերի ամենայն հայոց հայրիկի, «Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ» Ամենայն հայոց թամադայի, մեր մինուճարի։ Մեծեր ու հանճարներ շատ ունենք, սակայն նա է մեր մեծերի մեծը, մեր «լավաշ հացը», մեր այն միակը, որը մեր ինքնաճանաչումն է ու գենետիկ կոդը, նրանով կարելի է հասկանալ հայ մարդուն, նրա բնավորությունը. նա է հայի ու հայկականության խորհրդանիշը, մեր տեսակն աշխարհում։ Վաղուց է ասվել՝ նա է մեր Պուշկինը, Շեքսպիրը, Գոթեն, այսինքն՝ նա, որից ամեն ազգ միայն մի հատ է ունենում։ Գուցե մաշվել են Թումանյանի բացառիկության մասին խոսքերն ու համեմատությունները, սակայն դրանք միշտ արդիական են, ինչպես բնության իրողությունները, ինչպես որ առածներն ու ասացվածքները։ Թումանյանը անհատականացված ազգ է եւ տոնել նրա հոբելյանը՝ նշանակում է մեծարել հայ ժողովրդին։

Թումանյանն է մեր ամենա-ամենան, ամենաեռանդուն գործիչը, թերթի ամենաժողովրդավար խմբագիրը, ամենատաղանդավոր քննադատն ու հրապարակախոսը, ամենամեծ զոհաբերության ընդունակ հայրենասերը։ Քանի հերոս գիտեիք, որ իրենց կյանքից զատ հայրենիքի զոհասեղանին կամովին դրել են 8 երեխաների կյանքը՝ չորս որդիներին դնելով Անդրանիկի տրամադրության տակ՝ իբրեւ զինվոր եւ չորս դուստրերին՝ իբրեւ գթության քույր։ Հայրենիքն այդ զոհաբերությունն ընդունեց եւ պոետի որդին՝ Արտավազդը՝ Վանի վերջին պարետը դարձավ Առաջին աշխարհամարտի ու Եղեռնի վերջին զոհերից մեկը։ Ո՞վ է համաճարակի միջից տասնյակ երեխաներ փրկել ու տարիներով պահել իր տանը, անչափահաս երեխաների կողքին… Եվ եթե Աստվածաշնչում Աբրահամն էր այդպիսի զոհաբերության ընդունակ, այն էլ Աստվածն էր նրան փորձության ենթարկում, ապա Թումանյանն իր խղճի ձայնով էր զոհում աենաթանկը՝ զավակներին։ Եվ եթե Աբրահամի պատմությունը կարող է եւ հորինված լինել, ապա Թումանյանի զոհաբերությունը իրական էր եւ ոչ մի Աստված չփրկեց նրա Արտիկին։

Համաշխարհային գրականության մեջ քանի՞ գրող գիտենք, ով այդքան բազմազբաղ էր եւ վիթխարի դեր է խաղացել հանրային կյանքի բոլոր ոլորտներում, ո՞վ է միաժամանակ նախագահել տասնյակ կազմակերպություններ, կատարել քաղաքացիական սխրանքներ՝ բազում անգամ վտանգելով իր կյանքը։ Աշխարհացունց եւ ոչ մի արհավիրք ի զորու չեղավ կասեցնելու անվերջ զոհաբերություններով լի կյանքի ուղին, ինչն ապացուցվեց նրա կյանքով՝ սկսած վերարկուն վաճառելուց ձեռք բերած գումարով Արեւմտյան Հայաստանի ազատագրության համար հրացան գնելուց եւ 4֊5 հայորդիներով թուրքական իշխանությունների դեմ դուրս գալու ռոմանտիկական ծրագրերից, մինչեւ ազգամիջյան բախումների, արյունահեղության դադարեցում, մինչեւ Առաջին աշխարհամարտի օրերին այցելություններ Արեւմտահայաստան՝ ավերակների ու դիակների աշխարհ, մինչեւ Էջմիածին՝ որբերի ու գաղթականների խնամք, մինչեւ քաղաքացիական պատերազմը կանխելու անհաջող փորձ, մինչեւ չիրականացված գործուղում Ռուսաստան՝ կայսր Նիկոլայ Երկրորդի մոտ, մինչեւ ՀՕԿ֊ի առաջին նախագահի պաշտոն… եւ սա բոլոր չէ… միայն թվարկելիս մարդու շունչը կտրվում է, թվում է, թե ամենքս էլ գիտենք, եւ ամոթ է, որ չիմանանք… նման վարքագիծը բացառիկ է՝ բնորոշ միայն նահատակության գնացող առաքյալներին։

Թումանյանը ապրել է հայկական պետականության բացակայության պայմաններում եւ ողջ կյանքում իրականացրել է պետական գործառույթներ, նույնիսկ կյանքի վերջին 4 տարիներին, որոնք համընկան Հայաստանի առաջին հանրապետության ողջ գոյության եւ Խորհրդային Հայաստանի առաջին երկու տարիներին, Թումանյանը միայնակ շարունակում էր անպետական երկրի պետական գործչի կամավոր ստանձնած դերը։ Այսպես՝

Թումանյանը մշակույթի նախարարություն էր. միաժամանակ նախագահում էր Հայ գրողների ընկերությունը, Հայ գրչի մշակների միությունը, Հայ արվեստի տունը, անդամակցում էր Հայ երաժշտական, պատմական, ազգագրական եւ այլ հասարակական կազմակերպություններին, ձեւավորել էր հայ ազգային մշակութային քաղաքականություն՝ նախ յուրաքանչյուր հայի ճանաչելի դարձնել իր ազգային մշակույթը, եւ ապա ստեղծել մշակութային կապեր, նպաստել հարեւան ու եվրոպական ազգերի միջեւ առնչությունների զարգացմանը, հանրահռչակել ազգային մշակույթը։

Թումանյանը մեր պաշտպանության նախարարությունն էր. զենք էր հայթայթում եւ հասցնում մեր գոյապայքարի մարտիկներին, Թիֆլիսում Ամերիկյան դեսպանատունը 1918թ. միմիայն Թումանյանին վստահեց գաղտնի գումարներ տրամադրել զենքի ու զինամթերքի համար։ Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1914-1915թթ. անձամբ էր գնում ռազմաճակատի առաջին գիծ՝ Արեւմտյան Հայաստան, խրախուսելու համար հայ կամավորին՝ փրկելու համար նրա արժանապատվությունը, որը քաղաքական նպատակներից ելնելով վտանգում էին ռուս սպաներն ու գեներալները՝ զանազան մեղքեր բարդելով հայ զինվորի վրա։

Թումանյանը մեր արտաքին գործերի նախարարությունն էր։ Նրա տունը դարձել էր նախագահի նստավայր։ Այստեղ բանակցություններ են եղել գերմանացի, անգլիացի, ֆրանսիացի հյուպատոսների, թուրք, վրացի, պարսիկ եւ այլ ազգերի գործիչների հետ։ Իսկ թե ինչպես է 1905-1906թթ. Թումանյանին հաջողվել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին համոզել իր տրամադրության տակ դնել ռուսական զորք ու զենք՝ ուղղելու համար Կովկասի թաթարների դեմ, հայտնի է միայն իրեն։

Թումանյանը կրթության եւ գիտության նախարարություն էր։ Նա Լ.Շանթի հետ հեղինակեց «Լուսաբեր» դասագիրքը, որը նույնիսկ բանաստեղծի մահից հետո Արեւմտյան Հայաստանում եւ Սփյուռքում անփոխարինելի դասագիրք էր։ Եղեռնի ու պատերազմի տարիներին Թումանյանը կարողացավ հիմնել Հայկազյան ընկերությունը, նախագահել այն՝ նպատակ ունենալով ստեղծել ազգային համալսարան եւ ակադեմիա, ապահովել հայ գիտնականին ու դասախոսին։

Թումանյանը Սփյուռքի նախարարություն էր։ Առաջինը նա կամրջեց Սփյուռքը Հայաստանին։ Երբ Մյասնիկյանը 1921-ին առաջարկեց գնալ Պոլիս՝ Հայաստանին նյութական աջակցություն բերելու նպատակով, Թումանյանը նախ հրաժարվեց, քանի որ վատառողջ էր, ապա Երեւանի Աստաֆյան փողոցում տեսավ սովից մեռած երեխաների եւ մտափոխվեց։ Պոլիս գնալու օրը, երբ կառքը դրսում սպասում էր, քաղցկեղով արդեն հիվանդ բանաստեղծը խորհում էր՝ երանի ոտքերը կոտրվեին ու չգնար։ Այնուամենայնիվ, գնաց եւ հայերի համար «Արեւ ծագեց Մարմարա ծովի վրա»։ Իր վիթխարի հեղինակության շնորհիվ հարյուրավոր կյանքեր փրկվեցին. Թումանյանը հաց հասցրեց նրանց, բանաստեղծի շնորհիվ շատերը Սփյուռքից տուն վերադարձան, Պոլսում հիմնվեց Հայարտուն։

Թումանյանը սոցապ նախարարություն էր։ Ծանոթ եւ անծանոթ քեռիխեչանների, գաղթականների, անապահով գրողների, որբերի ու գաղթականների վիթխարի բազմությունը Թումանյանին հանգիստ չի տվել։ Պահպանվել են բազմաթիվ նամակ-խնդրագրեր, որոնց հեղինակները խնդրում էին իրենց աշխատանքի տեղավորել, միջնորդել զանազան հարցերում, կրթաթոշակներ նշանակել Մոսկվայի Լազարյան ճեմարանից սկսած մինչեւ Ներսիսյան դպրոց ու Գեւորգյան ճեմարան, նպաստ հատկացնել Բարեգործականի կամ այլ հաստատության միջոցներից եւ այլն, եւ այլն։ Լինում էին նաեւ «մուննաթներ», սպառնալիքներ՝ թե եթե իրենց խնդրանքները չկատարվեն, իրենք սովից ու հուսահատությունից կմեռնեն եւ իրենց երեխաների խնամքը կմնա բանաստեղծի վրա։

Թումանյանը արդարադատության նախարարություն էր։

Ամենից շատ Թումանյանն է բարձրաձայնել իր դառնացած ժողովրդի՝ ամբոխի վերածված զանգվածների թերություններն ու հոռի կողմերը, ամենից շատ նա է «խալխին» նախատել յուրաքանչյուր հանցավոր հայի համար, յուրաքանչյուր մարդասպանի համար անխնա մեղադրել ողջ հանրությանը, որովհետեւ «ծառիցն է ընկել պտուղը»։ Ամենից շատ նա է զայրույթի նետեր ուղղել խանդի ու նախանձի, չկամության ու տգիտության, կեղծիքի ու ստի, բարոյական ոճիրների դեմ։ Համարձակվել է ասել. «ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով…մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած», ամենից շատ նա է ընդգծել անկեղծ խոստովանության ու ապաշխարանքի դերը. «…Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»։

Թումանյանը սահմանում էր բարոյական օրենքներ։ Ամոթանք էր տալիս այն օրենսդիրներին, որոնց ստեղծած օրենքների հիմքում բարոյականի պաշտպանությունը չէր. «…Անարդարություն է… ինչ օրենքի անունով ուզում է այդ կատարվի։ Օրենքներ կան, որոնցով ամոթ է օգտվել»։ Սոս Սարգսյանն ասում էր. «Թումանյանը մեր դեռեւս չգրված սահմանադրությունն է, մեր անձնագիրն աշխարհի առջեւ»։ Եթե գրվի նոր՝ թումանյանական սահմանադրություն, այլեւս չեն մնա օրենքներ, որոնցից օգտվելն ամոթ լինի։

Թումանյանը միայն բանաստեղծ չէ, եւ նույնիսկ միայն «անարատ մարդ» չէ, նա երեւույթ է, պետություն է, մի ամբողջ ժողովրդի դատախազ, դատավոր ու պաշտպան միաժամանակ։ Նա մեր առաքինությունն ու «ազնվականության վկայականն» է, ժողովրդի խիղճը, մեր հասարակական հիվանդություններն ախտորոշողն ու դրանք բուժելու, ապրելու ու հարատեւելու դեղատոմսեր առաջարկողը։ Դարերի պատգամախոսն է։ Նա է մեզ սովորեցնում չշահարկել ժողովրդի անունը եւ, որ չափազանց կարեւոր է, տարբերել ամբոխը ժողովրդից։

«Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթեւ։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար (Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան)։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել»,- ասում է Թումանյանը եւ հիշեցնում. «Իշխանությունը մարդկանց կուրացնում է, եթե մարդիկ ավելի փոքր են, քան իրենց պաշտոնը, հարբեցնում է, եթե ավելի տկար են, քան իրենց պաշտոնը»։

Այժմ էլ դժվարին ժամանակներ ենք ապրում, եւ այսօր նույնպես, ինչպես միշտ, օդի ու ջրի պես անհրաժեշտ է Թումանյանը՝ իր լույսով ու լավատեսոթյամբ։ Ամենայն հայոցի իր անխախտ իրավունքով բանաստեղծը հիշեցնում է.

Բայց ի՞նչ անես որ… էսպես

չի մընա…

Էսպես չի մնա, քանզի այլընտրանք չկա։ Սեւակն ասում էր՝ ազգերը ոչ թե մեռնում, այլ ինքնասպան են լինում, եւ չսովորել Թումանյանից՝ նշանակում է ինքնասպան լինել։ Թումանյան ունեցող ազգը չի կարող եւ չպետք է ինքնասպան լինի…

ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բան. գիտ. դոկտոր

«Առավոտ» օրաթերթ, 

19.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728