Անցած տարի էր։ Իմ հերթական այցելություններից մեկը՝ կապված թատերական Թիֆլիսին առնչվող ուսումնասիրությունների հետ, ինձ տարավ Թբիլիսիի թատրոնի, կինոյի եւ երաժշտության թագարան։ Սիրալիր աշխատակիցների օգնությամբ հայտնվեցի մի հետաքրքիր աշխարհում, որոնք առնչվում էին հայկական թատրոնին ու թատերախմբերին։ Դրանք ազդագրեր էին, պաշտոնական գրություններ, նամակներ, անգամ երկտող-գրություններ։ Երբ այս փնտրտուքների մեջ էի, ձեռքս ընկավ մի գրություն, որի տակ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ստորագրությունն է, որի վրա գրված էր՝ Պետական թատրոնի ռիժիսոր ընկ. Ցունցունավային։ (Խոսքը այն հայկական թատրոնի մասին է, որ կառուցել է Պիտոեւը 1902 թ., այն 1921 թ. կոչվել է Ռուսթավելու անունով): Գրությունը ռուսերեն էր։ Ներկայացնենք բնագիրը եւ, որ. «Մեծարգո ընկ. Ցունցունավային. Կոստանդնուպոլսի հայկական դրամատիկական խումբը, որի կազմ են մտնում երիտասարդ արտիստներ եւ այնպիսի ուժեր, ինչպես Փափազյանն է, ցանկալի է նրանց Ռուսթավելու թատրոնում տրամադրել գոնե շաբաթական մեկ օր, որպեսզի նրանք կարողանան աշխատել»: Նամակին հետեւում է մեծն Թումանյանի ռուսերենով ստորագրությունը։ Նամակը թվագրված է՝ 16 հունիսի 1922 թվական։
Նամակը ուղարկեցի Թումանյանի թոռնուհուն՝ Իրմա Սաֆրազբեկյանին։ Նա հաստատեց, որ ստորագրությունը Թումանյանինն է, իսկ նամակը կարող էր գրած լիներ ինչպես ինքը, այնպես էլ դուստրը՝ Նվարդը, քանի որ հիվանդ ժամանակ այդ գործում նրան օգնում էին դուստրերը։ Իսկ ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, ապա դա բնական է, որովհետեւ նա թատերասեր էր, գիտեր եւ ճանաչում էր պոլսահայ արվեստի գործիչներին, որոնք պարբերաբար Թիֆլիս էին գալիս հյուրախաղերի։ Փաստորեն, այդպիսի մի այցելությանն է առնչվում Թումանյանի նամակը։ Այս նամակի գոյությունը վկայում է, որ նրա ծննդից 150 տարի հետո էլ կարելի է փնտրել եւ գտնել մեր մեծերի ձեռագրերը, որոնք պահվում են, օրինակ, Վրաստանի տարբեր արխիվներում ու թանգարաններում, որովհետեւ դրանք կարող են առնչվել կյանքի տարբեր ոլորտներին եւ կարող են հանգրվանած լինել տարբեր արխիվներում ու թագարաններում։ Այս գործում համակարգային ու խելամիտ մոտեցումներ են պետք, որովհետեւ այն, ինչ տեսա իմ այցելած թանգարանում, վեր էր ամեն սպասածներից, քանի որ հայկական թատրոնին առնչվող նյութերը եզակի էին, հարուստ ու բազմազան։ Ինչ որ գտել ենք՝ համարենք թումանյանական մասունք եւ նվեր նրա հոբելյանին։ Գուցե առիթը օգտագործենք եւ ասենք. «Ծնունդ շնորհավոր, Ամենայն հայոց բանաստեղծ ու Մեծ Լոռեցի»։ Իսկ այսօր հազարավոր թումանյանասերներ կայցելեն Խոջիվանք, որ նա իր հանգիստն է գտել եւ նրա ծննդավայր Դսեղ, ուր իր հայրական տան բակում կառուցված մատուռում ամփոփված է նրա սիրտը։ Իսկ նրա երազանքն էր իր հավերժական հանգիստը գտնել Դսեղի բարձրադիր վայրում՝ Դդի ուսին գտնվող գերեզմանատանը….
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ,
19.02.2019