Առավոտ կանուխ տագնապած հեռախոսս զնգզնգաց: Բոթի կանխազգացումով սիրտս սկսեց ըմբոստ թմբկահարել: Հեռախոսիս էկրանից անզատելի արյունակցիս հեռախոսահամարը ինձ էր պահանջում: Վայրկյանորեն փայլատակած մղձավանջային երազիս վերհուշը վեհերոտ ընկրկեց ձեռքս: Հենց նրան էի ակնթարթներ առաջ տեսնում հանգած եթերային անողորմ իրականության մեջ ու ցավում, մղկտում լալագին: Ու ահա. զանգում է…
Զարհուր ապրումից փշաքաղվեցի: Ենթագիտակցորեն սեղմեցի կճակը:
-Ալո-ալո, բարի լույս,-հուսացի:
-Օրը բարի չէ,- գուժեց,-Գուրգեն պապն է մահացել:
Գուրգեն քեռին, ով ազգականս էր, ոսկեբերան, զվարճախոս մարդ էր:
Որտեղ ինքն էր, այնտեղ խինդն ու ծիծաղն էին: Իմանալով, որ պապիկ եմ դարձել, չարաճճի ժպիտով ասել էր.
-Քեզնից ինչ՞ պապ: Պապիկը պիտի ակնոց դնի, չալիկ ունենա, մազերը սպիտակ լինի: Դու սուտի պապիկ ես:
Բոլորիս սիրելին էր ու վերջին ճանապարհին չուղեկցելը տմարդի կլիներ: Պետք էր գնալ Լեռնավան:
Ձմեռ էր, դաժան ձմեռ, ճանապարհները՝դժվարանցանելի՝ սատանայի երես: Երկյուղած ու նկուն, ճամփա ելանք՝ հանձնված ամենագնացի հունարին: Անկառավարելի դարձած, մեքենան կեռմանում կարծես ճչաց մեզ հետ ու վերագտավ ընթացքը: Կողնակը դարձավ փրկության շավիղ: Ահարկու մղանի պես անզուսպ բուքը բյուր օձալեզվակներով գրոհ էր տալիս գետնասող հևքով: Չարագույժ ու վտանգավոր մեր ընթացքին տագնապը կրնկակոխ հալածեց, քշեց մինչև Լեռնավանի մուտքը նախանշող՝ ձյան տակ ծանրացած եղևնիների պուրակ:
Շենքի մոտ ժողովված մարդիկ մեծ ու փոքր խմբերով աջ ու ահյակ անաղմուկ զրուցում էին: Մրջնային հոսքի նման այցելուներն անդադար ելումուտ էին անում շքամուտքից: Ներսում ծաղկեպսակներով պաշարված դագաղների երկու կափարիչներ էին նիրհում լուռ: Հանձնված հոսանքին՝ տարակուսանքով ելանք վեր: Դրկիցներ էին վախճանվել:
Նեղվածք աստիճանավանդակների առաջ բնակարաններում խռնված էին մարդիկ:
Ուշ երեկոյան շարժումը դադարեց:
Սովորույթի ուժով, երբ հանգուցյալ կա տանը, մինչև լուսաբաց արթուն մերձավորներ են հերթապահում ու ծայր է առնում անսպառ զրույցը մինչ առավոտ:
Գևորգը՝ Գուրգեն պապի միակ որդին, ով քառասունն անց մարդ էր, աշխույժ ու ժպտերես զրուցում էր: Նկատելով խեթ, դժգոհ հայացքս, պրկվեց, զգաստացավ: Քիչ հետո մոտեցավ, նստեց կողքիս, մեղավոր ժպտաց:
-Բարեկամս,- ասաց,- հարգում ու լավ եմ ճանաչում ձեզ: Այո, ինձ համար դժվար է քողարկել զգացմունքներս, որոնք այնքա՜ն հակասական են: Դժբախտությանս ապրումի խորապատկերից չի չքանում դրական հույզիս կնիքը:
Ակամա ուշադրությունս սևեռվեց խորհրդավոր զրուցակցիս կկոցուն դեմքին: Թվաց, թե լսում եմ նրա փոթորկուն ներաշխարհի ալեբախյունը:
-Հայրս ակամա իր մահով լուծեց վրեժս: Մի բեռ, որ երկար տարիներ կրել եմ ուսիս ու չեմ հանդգնել նետել վար:
Մի պահ դադար առավ, լուրջ նայեց դեմքիս՝ կարծես համոզելու, որ չի զառանցում ու շարունակեց.
-Չզարմանաք, եթե պնդեմ, որ վախը նաև կյանքի թիկնապահն է: Այդ ֆենոմենն ամենազոր բնությունն ինքն է դրել անխտիր բոլոր արարածների մեջ, որպես պահապան թալիսման: Դրա բացակայությունը լի է անկման ռիսկերով: Ասում են կա այսպիսի հիվանդություն. երբ մարդը կամ գուցե ցանկացած գոյ դառնում է բացարձակ անվախ, դառնում է նաև խոցելի: Ես կուզեի այդպիսին լինել: Չէ՞ որ կյանքի իմաստը, ինչպես ասում են, շատ ու քչի մեջ չէ: Կյանքիս մի զգալի մասն անցել է մղձավանջի մեջ: Ծվատ ու վրդով հոգիս ցնորքի դուռն էր հասել,-ասաց, երկնչուն հայացքով շոշափեց դեմքս ու շարունակեց.
-Ութսունականների վերջերին էին: Կոմունիստական օրորով ու ոգով մեծացած պատանի էի, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Երկրի բախտի անիվը խելահեղ ընթացք էր ստացել ու անտես ոլորաններով դյութում, քաշում էր վար: Կայուն անկայունությունը խաթարվեց: Շուտով պարզ դարձավ, որ դրախտ տանող բոլոր ճանապարհներն անցնում են դժոխքի միջով:
Մութ ու ցուրտ օրերից մեկն էր, մռայլ մի օր. սահմանում բազում զոհերի մասին սահմռկեցուցիչ լուրեր էին պտտվում: Խավար գիշերին շտաբից հարևանիս հետ տուն էինք գնում: Համարյա հորս տարիքին՝ չարախինդ, չարկատակ մարդը Ճանապարհին ոճրաբիծ մի պատմության տուտը բռնեց՝ սոսկալի դրվագներ նկարագրելով: Ու մի պահ էլ հանկարծ ոտքը կախ գցեց ու հանկարծ աներևակայելի դիվային ծղրտոցով ականջիս գոռաց.
-Դիա՜կ, դագա՜ղ…
Աչքերիս առաջը սպիտակեց, ու խավարը չքացավ: Ազդր-սրունքս տաքացան՝ ակամա դուրս հորդած հեղուկից…
Կարծես լսեցի փշաքաղվող մարմնիս բառաչը: Մազերս ոզնու փշերի պես ալիքվեցին ու բզվեցին: Զարհուրանքից երերաց գիտակցությունս և ու որ է, պիտի կորցնեի այն, երբ պայթեց նրա հրեշավոր քրքիջը:
-Վախեցա՞ր, վախեցա՞ր,-գոչեց, առավ ձերքերի մեջ ու սեղմեց կրծքին:
Ցնցվելով ու սարսռալով, բնազդաբար վանեցի նրան: Այդ օրվանից ներաշխարհս խուժած հրեշը բուն դրեց հոգուս մեջ: Վախենում էի մենությունից, փակ տարածությունից, մութից: Դիվային, հրեշավոր երազներ էի տեսնում՝ սառը քրտինքի մեջ կորած: Իսկ երբ քնած տեղից ծառս էի լինում և գիտակցությունս հստակվում էր, վախենում էի կրկին փակել աչքերս, որովհետև սարսափազդու չար դեմքեր էին պատկերանում:
Դարձա լռակյաց ու ինքնափոփ: Վախենում էի տնից դուրս գալ: Իսկ երբ մտնում էի շքամուտք, տուն՝ հինգերորդ հարկ բարձրանալու համար, ավելի շատ ետ էի նայում, քան առաջ:
Առաջադիմությունս էլ ընկավ: Ստիպված իրողությունը պատմեցի մորս: Թեև թերահավատ, բայց ճարահատ, շրջապատից ծածուկ, ուսյալ մայրս նախ հագուստիցս, հետո ինձ տարավ վախ վերցնող-չափողի մոտ: Սնոտի, ուռած ակնագնդերով կնոջ վհուկ կերպարանքը համալրեց ինձ տանջող դիվական կերպարների փաղանգը: Այդպես, հոգեպես զարկված, մեկնեցի ծառայության,-ասաց ու այծահազի պես ընդհատ-ընդհատ խնդմնդաց՝ այլևս կորցրած իրականության ընկալումը: Պատմելու ողջ ընթացքում աշխուժությունը չլքեց նրան: Կարծես մի սովորական, իր հետ առնչություն չունեցող ասք էր պատմում: Առաջնագծում տարտարոսի խորխորատներն ընկավ ու վերապրեց դանթեական պարունակների ողջ զարհուրանքը: Վրեժխնդրության հրի առկայծումով ու կիսաճերմակ մազերով տուն եկավ: Ամենազոր ժամանակն ամոքեց դիվահալած ոգին: Ամուսնացավ ու հեռացավ հայրական տնից՝ ատելի դրացու քստմնելի դեմքը չտեսնելու փափագով:
-Երեկ ուշ երեկոյան հայրս խավար մուտքի աստիճանավանդակին, տուն՝ հինգերորդ հարկ բարձրանալու ճանապարհին սրտի կաթվածից հանկարծամահ է լինում ու մնում փռված,-մռայլ վրա բերեց կարճ դադարից հետո:
-Հոգուս դահիճ վատահամբավ հարևանս ուշ այդ ժամին դեղատուն գնալու համար դուրս է գալիս տնից: Ինչպես ծանոթ ոտաց ճանապարհ, աճապարելով խավար մուտքի աստիճաններով, արագ-արագ վար իջնելիս, խավարում չնկատելով հանգուցյալ հորս ընկած դին, բախվելով նրան, տապալվում է վրան: Հանկարծակիի եկած, վայրկենապես իրողությունն ընկալած ու կարծես գեհենում հայտնված, աղիողորմ բառաչով առաջ է մղվում ու երեսնիվայր գլորվում անթափանց խավարում: Անսովոր ձայնից մարդիկ դուրս են գալիս բնակարաններից ու ականատես դառնում անօրինակ դժբախտության: Շտապ օգնության մեքենան դժբախտ դեպքի վայրից երկու հանգուցյալ է տեղափոխում հիվանդանոց:
Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ