Տարին թումանյանական է լինելու: 2019-ի ամբողջ ընթացքում հրատարակվելու և ընթերցասերների դատին են հանձնվելու Ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանն առնչվող գրքեր:
Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը տպագրության է նախապատրաստում թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի «Հովհ. Թումանյանի գիտական կենսագրություն» և «Կանայք Թումանյանի կյանքում», Գառնիկ Շախկյանի «Թումանյանական հանրագիտարանը», Իրմա Սաֆրազբեկյանի կազմած «Թումանյանի ընտրանին» (հայերեն և ռուսերեն), «Թումանյանը՝ քննադատ» և այլ գրքեր:
Մեծ գրողի 150-ամյակին ընդառաջ հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել «Թումանյանը աշխարհի երեխաներին» թարմ, գունեղ նկարազարդումներով գիրքը: Ընտրանին ընդգրկում է Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Գրքում ընդգրկված Թումանյանի սիրված բանաստեղծություններն ու բալլադները առաջին անգամ են թարգմանվել անգլերեն:
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 15:00 Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում տեղի կունենա այս գրքի շնորհանդեսը, կցուցադրվի Թումանյանի մանկական բանաստեղծությունների հիման վրա ներկայացում, որը կրում է «Թումանյանի տարվա չորս եղանակաները» խորագիրը:
Հավելենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն արդեն երկար տարիներ հրատարակում է մեծ գրողի ստեղծագործությունները: Թումանյան մարդու և գրողի կյանքի բազում անհայտ էջեր հանրությանը ներկայացնելու համար հրատարակչությունը բազմակողմանիորեն համագործակցել է մեծ գրողի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ: Նրա տրամադրած մի շարք անտիպ նամակների, հոդվածների շնորհիվ հրատարակչությունը տպագրել և հայ գրքասեր հանրությանն է ներկայացրել Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը` մոտ 35 անուն գիրք, այդ թվում՝ «Թումանյանը ժամանակակիցների հուշերում», «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» , «Թումանյանի ընտանիքի նամականին», «Օլգա Թումանյան», Թումանյանի հեքիաթները, քառյակները, փոխադրությունները, պատմվածքները, բալլադները, պոեմները և այլն:
Էդիթ Պրինտ