2018 թվականի մայիսի 30-ին Երեւան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն արդարացվեց: Առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը առանց քննության թողեց Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։ Մինչդեռ իրավապաշտպանը մեղադրվում էր ուրիշի գույքը ապօրինի վաճառելու եւ գումարը յուրացնելու մեջ: Խոսքը 140 հազար ամերիկյան դոլարի մասին է: Մեղադրողն էլ կանադահայ բարերար Արփի Մերասն (լուսանկարում) էր: Արփի Մերասը, ցավոք, ավարտեց իր երկրային կյանքը դեռ գործի քննության ընթացքում: Դատական վեճն իբրեւ իրավահաջորդներ շարունակում են Արփի Մերասի որդիները:
Տուժող կողմի շահերի պաշտպան Հրանտ Անանյանը առաջին ատյանի դատարանի դատավորի գործողություններում կաշկանդվածություն եւ կանխակալ վերաբերմունք է նկատել, քանի որ տուժողի ներկայացրած շատ կարեւոր փաստեր, պաշտպանի պնդմամբ, ուղղակի անտեսվել կամ մոռացության են մատնվել: Այդ պատճառով էլ պահանջել է, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի: Պահանջը մերժվել է: «Ես հայտարարել եմ, որ նա ի վնաս տուժող կողմի է հանդես գալիս, անգամ արգելեց, որ տուժող կողմը` Արփի Մերասի որդին, դատարանում ելույթ ունենա: Հույս ունենանք, որ այս անգամ տուժողի ձայնը ավելի լսելի կլինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Անանյանը: Գործն այժմ վերաքննիչ քրեական դատարանում է:
Այս վեճը նախապատմություն ունի. տարիներ առաջ տիկին Մերասը Կանադայում մանկապարտեզ է հիմնում: Հայաստանից շուրջ 30 կարիքավոր երեխաների է իր միջոցներով տեղափոխում Կանադա՝ տալով նրանց այնտեղ բուժվելու, ապրելու հնարավորություն: Այդ ընթացքում էլ կանադահայ բարերարուհին ծանոթանում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ: Նրանց միջև վստահելի հարաբերություններ են ձևավորվում, ինչի արդյունքում Արփի Մերասը Երեւանի Նալբանդյան 50, բն. 42 հասցեում գտնվող իր բնակարանի վերանորոգման աշխատանքները, իսկ հետագայում նաև հենց բնակարանին հետևելը վստահում է Մարինա Պողոսյանին: 90-ականներին ձեռք բերված այս բնակարանը սկզբում ձեւակերպված է եղել Մարինայի եղբոր՝ Արտակի անունով, բայց հետո անվանափոխվել է Արփի Մերասի անունով։ Կանադահայ կինը Մարինա Պողոսյանին լիազորագիր է տալիս բնակարանի հետ կապված հարցերում իր անունից հանդես գալու: Լիազորագիրը տրվել է 2012 թվականին 3 տարի ժամկետով: Բնակարանը 2014-ին վաճառվում է: Տուժողի շահերի պաշտպանը նկատում է` Արփի Մերասի մտքով անգամ չէր էլ անցնի, որ այդ լիազորագիրը Մարիա Պողոսյանը կօգտագործի «սեփական գրպանը հարստացնելու համար` գաղտնի վաճառելով բնակարանն ու այնտեղ առկա ողջ գույքը, տեխնիկան եւ 140 հազարը յուրացնելով»: Իր բնակարանի վաճառքի մասին Մերասը իմանում է պատահաբար`ՀՀ ժողովրդական արտիստներ Արթուր Ութմազյանից եւ Արմեն Խանդիկյանից:
Տուժողի իրավահաջորդները դիմել են վերաքննիչ դատարան`վիճարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը: Նրանք պահանջում են, որ Մարինա Պողոսյանը ազատազրկվի յոթ տարով, նաեւ տուժողի իրավահաջորդին վերադարձնի «հափշտակած» գումարը: «Մեր պնդումը հետևյալն է. լիազորագիրը հնարավորություն է տվել վաճառք իրականացնել, բայց դա հարաբերությունների արտաքին կողմն է, ներքին կողմն այն է, որ հանձնարարողը հանձնակատարի հետ պետք է ինտենսիվ կապի մեջ լիներ: Նա ինքնագլուխ իրավունք չուներ գործողություն կատարել, մինչդեռ ունենք իրավիճակ, երբ բնակարանը վաճառվել է և գումարը յուրացվել»,- վերաքննիչ հայցն այսպես է հիմնավորում Հրանտ Անանյանը` հավելելով, որ եթե անգամ տրված լիազորագրում վաճառքի հնարավորությունն ամրագրված է, միեւնույն է, վաճառքից գոյացած գումարի նկատմամբ սեփականությունը լիազորողինն է: «Այսինքն, ներկայացուցիչը այդ գումարի տիտղոսային տիրապետող չի: Այլ կերպ ասած, եթե ընդունենք, որ Պողոսյանը կարող էր վաճառել բնակարանը, իսկ լիազորագրի կեղծ լինելը կամ այլ խնդիր տուժող կողմը չի վիճարկել այս ողջ ընթացքում, ապա վաճառքից հետո գումարը պետք է փոխանցվեր Արփի Մերասին: Ինչը չի արվել: Ակնհայտ ապօրինի գործողության հետ գործ ունենք, երբ յուրացվել է ոչ միայն բնակարանի վաճառքից գոյացած գումարը, այլև բնակարանում առկա ողջ գույքի ու տեխնիկայի, սպասքի և մնացած իրերի վաճառքից գոյացած գումարը`15 հազար դոլարի չափով»,- ասաց պաշտպանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ