Վրաստանի Ջավախքի շրջանում ղարաբաղյան պատերազմում զոհված ջավախցի Միխայիլ Ավագյանի հուշարձանի ապամոնտաժման շուրջ կրքերը հանդարտվում են:
«Кавказский Узел»-ը գրում է՝ «Վրաց պաշտոնյաններին հաջողվել է համոզել չապամոնտաժել ղարաբաղյան պատերազմում զոհված Միխայիլ Ավագյանի հուշարձանը՝ դրա դեմ բողոքի ցույցերից հետո»: Այս մասին հայտնել են տեղի ազգությամբ հայ քաղաքական գործիչները: Ըստ նույն աղբյուրի՝ «Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի հակամարտություն լինի տեղացի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Քաղաքագետները հայտնել են, որ փետրվարի 8-ից հետո նոր ցույցեր հուշարձանի տեղադրման դեմ չեն եղել»:
Երբ Սամցխե-Ջավախքի Բուգաշեն գյուղում Միքայել Ավագյանի կիսանդրին տեղադրվեց, Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն ու Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները մեծ աղմուկ բարձրացրեցին: Վրաստանում Բորչալուից ընտրված թուրք պատգամավորը կոչ է արել ապամոնտաժել Ավագյանի հուշարձանը:
Փետրվարի 16-ին «Кавказский Узел»-ի հետ զրույցում «Վրացական Երազանք» խմբակցության պատգամավոր Հենզել Մխոյանն ասել է՝ հուշարձանի դեմ ցույցերը ընդդիմության սադրանքն էին՝ քաղաքական միավորներ ստանալու նպատակով»:
Փետրվարի 9-ին «Վրացական Երազանքից» պատգամավոր Մահիր Դարզիեւը, Սավալան Միրոզովը եւ այլք, հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ հուշարձանի տեղադրումը հակասում է Վրաստանի ազգային շահերին:
«Кавказский Узел»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը վստահեցրել է՝ վրաց պաշտոնյաներին հաջողվել է համոզել, որ Ավագյանի կիսանդրին չապամոնտաժվի. «Մեր փաստարկն այն էր, որ դե եկեք քանդենք կիսանդրին, բայց այդ դեպքում պետք է ապամոնտաժվեն նաեւ ադրբեջանցիների հուշարձանները: Ընդ որում, կա օրենք, որը արգելում է խորհրդային սիմվոլիզմը, եկեք քանդենք Հեյդար Ալիեւի հուշարձանը, որպես խորհրդային կառավարության ներկայացուցիչ: Արդյունքում վրացական իշխանությունները համաձայնեցին մեր փաստարկների հետ: Բացի դրանից, ապացույցները ստացվեցին կեղծ քարոզչություն `վրացիների դեմ Աբխազիայի պատերազմում Միխայիլ Ավագյանի մասնակցության մասին»: Ավագյանը հայտարարել է, Վրաստանում ադրբեջանցիների համայնքի փորձն՝ օգտագործել իրենց կշիռը հայերի դեմ քաղաքական «հարձակման» համար ձախողվել է:
Հուշարձանի շուրջ «հակամարտությունը» զարգացում չունեցավ. հայտնել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն. «Այդպիսի հակասությունները պետք է հենց սկզբում մարել, որպեսզի վատթարագույնի չհասնի, քանի որ դա վտանգում է պետականությունը: Ադրբեջանցիները չշարունակեցին ցույցերը, իսկ դա արդեն ցուցիչ է, որ իշխանություններն անուղղակիորեն միջամտել են»:
Արեշիձեն ասել է՝ Միխայիլ Ավագյանի հուշարձանը տեղադրվել է շատ վաղուց, բայց նախկինում այն ադրբեջանցիների համար ցույցերի տեղիք չի տվել, հայերն էլ դեմ չէին ղարաբաղյան հակամարտության մասնակից Ջալիլ Սաֆարովի հուշատախտակի տեղադրմանը Մարնեուլի շրջանում:
Այլ մանրամասները կարդացեք՝ այստեղ
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ