Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր տեղեկացրեց, որ 2018 թվականին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատի են տվել երկու անձի։
«2017 թվականին դատի ենք տվել երեք անձի, 2018 թվականին՝ երկու անձի։ Այս ցուցանիշը նույնպես մտահոգիչ է, ես գրություն եմ հասցեագրել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին ու նշված գրությանը կից ուղարկել եմ մարզի տարածքում գործող հյուրանոցային համալիրների հասցեները, որպեսզի արդյունավետ աշխատանք տանեն նշված դեպքերը բացահայտելու համար։ Խնդիրը գիտեք որն է, հիմնականում դատի են տրվել այն անձինք, որոնք աշխատել են հավաքարար, մենեջեր, մատուցողուհի, բայց այս դեպքում քրեական պատասխանատվությունից խուսափել են հյուրանոցների սեփականատերերը և տնօրենները։ Գաղտնիք չէ, որ նրանք ևս ներգրավվածություն ունեն, նյութական շահ հետապնդել են նրանք։
Իմ կողմից համապատասխան հանձնարարությամբ խնդիր է դրվել բացահայտել նրանց արարքները։ Նրանք խուսափում են քրեական պատասխանատվությունից, այս պահին մենք չենք կարողանում ապահովել քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կիրառումը, այսինքն տվյալ մենեջերը, մատուցողուհին, հավաքարարն աշխատանքից դուրս եկան, սեփականատերերն ու տնօրենները բերում են նոր անձանց, նոր մարդկանց են ներգրավում։ Մեր խնդիրը պետք է լինի այս հանցագործության դեմ պայքարը, նշված անձանց դատի տալը։ Խնդիր եմ դրել նշված անձանց հանցավոր գործողությունները բացահայտելը»,-ասաց դատախազը։
Aravot.am-ի այն հարցին, թե միջնորդություն չե՞ք ներկայացնում նման հյուրատները փակելու, որոնք փաստացի ծառայում են որպես հասարակաց տներ, դատախազը տեղեկացրեց, որ երկու հյուրատուն արդեն փակել են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ