Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. «Փաշինյանը գնում է անցյալ ու անցյալից սկսի մաքրել, բայց առկա օրենքները դրան չեն ծառայում»

Փետրվար 18,2019 21:21

Փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցի առնչությամբ իր պատասխանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «…կա հարց երկրից եւ ժողովրդից գողացվածի վերադարձի գործընթացի հետ կապված: Հիմա կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ես հասկանում եմ, որ այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է որպես նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում: Այսինքն՝ սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում: Սա նշանակում է, որ նման դեպքերում… ինչն, ըստ էության, անցումային արդարադատության էլեմենտ է, միայն գույքի…այսինքն՝ դրա արդյունքում հնարավոր չէ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկել, բայց կա որոշակի մեխանիզմ, որ մարդն իր գույքի ծագումը պետք է բացատրի եւ այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, այլ այս դեպքում գործում է, կոպիտ ասած՝ մեղավորության կանխավարկածը: Բայց եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքի ձեռքբերումը համարվում է ապօրինի»:

Փաստաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես, ռադիկալ քայլերի գնում, արձագանքեց՝ «Փաշինյանը գնում է անցյալ ու անցյալից սկսի մաքրել:

Արայիկ Ղազարյան

Բայց այդ դեպքում գոյություն ունեցող օրենքները դրան չեն ծառայում»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դա ըստ Փաշինյանի, անցումային արդարադատության էլեմենտ է, Ղազարյանը նկատեց՝ աշխարհում անցումային արդարադատության համապարփակ, ունիվերսալ մեխանիզմ եւ սկզբունք չկա, եւ դա նույնիսկ միջազգային իրավունք էլ չի համարվում. «Նայած թե՝ որ երկրում ինչպես կադապտացվի ազգային օրենքին եւ թե քաղաքական կոնսենսուսի արդյունքում ինչ օրենքներ կընդունեն եւ ինչպես կկիրառեն: Դա է պատճառը, որ շատ մեծ է վտանգը, որ անցումային արդարադատությունը կձախողի եւ շատ պետություններում ձախողվել է, որովհետեւ բախվում է մարդու հիմնարար իրավունքների հետ: Անցումային արդարադատությունը վտանգավոր է, եւ կառավարության ծրագրում համապարփակ առանձին ծրագիր ներառված չէ: Այսինքն, պետք է փորձեն եղած օրենքներով առաջ շարժվել»:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին հղում անելուն, ապա այստեղ էլ իրավաբանը նկատեց՝ՄԻԵԴ-ն առաջին հերթին ասում է՝ ինչ էլ անում եք՝դա պետք է օրենքով սահմանված կարգով լինի եւ եթե ուզում են գույքի վրա բռնագանձում տարածել, դա պետք է լինի օրենքով սահմանված կարգով.

«Մենք արդեն ունենք ՄԻԵԴ-ի որոշում, որտեղ ասել է՝ ինչ վերաբերում է վարչական տույժերին, ասենք՝ 5-10 հազար դրամին, որի արդյունքում անձը զրկվում է իր գույքից, դա վարչական տույժ է, դա մեծ սեփականություն կամ տուն, գործարան չէ, նման դեպքում կարելի է համարել, որ դա գույքի նկատմամբ վերահսկողություն սահմանել է»: Իսկ վարչական տույժ կիրառելը չի համարվում գույքից զրկել:

Արա Ղազարյանի խոսքով՝ նշվածը կարգավորվում է վարչարարության մեջ, բայց եթե քրեական դատարավարության մեջ է, ապա այստեղ գործում են հավելյալ երաշխիքներ, որից մեկն անմեղության կանխավարկածն է. «Եթե ապացուցելու պարտականությունը դրվում է մեղադրյալի վրա, ապա ՄԻԵԴ-ի համար սա բացառություն է, ոչ թե օրինաչափություն: Որովհետեւ դա նշանակում է՝ դրանով շեղվում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասից: ՄԻԵԴ-ն ասում է՝ ես կարող եմ այդ շեղումը, որպես բացառություն դիտել, եւ այդ շեղումը չի խաթարի արդար դատաքննության իրավունքը, եթե օրենքը տրամադրում է հակակշռող դատավարական երաշխիքներ: Մենք այսօր չունենք այդ երաշխիքները, մենք այսօր ունենք քրեական դատավարությունում անմեղության կանխավարկածի մասին նորմ, սահմանադրական նորմ է»:

Իրավաբանը նկատեց՝ որպեսզի կարողանանք առանց դատարանի որոշման գույքի վրա բռնագանձում տարածել քրեական իրավունքում, նախ պետք է քրեական դատավարության օրենսգիրքը փոխենք: Ղազարյանն ասաց՝ եթե ՄԻԵԴ-ն անգամ թույլ է տալիս դա, այն էլ որպես բացառություն, նշում է՝ առաջին հերթին դա պետք է լինի ազգային օրենքով սահմանված կարգով, որովհետեւ օրենքի գերակայությունը պետք է միշտ լինի:

«Եթե անհրաժեշտ է հանցավոր եղանակով ձեռք բերված գույքը բռնագրավվի, ապա դա ոչ այնքան կարեւոր է, որ լինի դատարանի որոշումով, այլ որ լինի օրենքով սահմանված կարգով: Այդուհանդերձ, միջազգային իրավունքը պահանջում է, որ գույքի՝ հանցավոր եղանակով ձեռք բերված լինելը ապացուցվի քրեական դատավարությամբ: Իսկ ՀՀ քրեական դատավարությունը մատնանշում է, որ միայն դատարանի որոշմամբ կարելի է գույքը բռնագանձել: Ստացվում է փակ օղակ»,-ասաց Ղազարյանը: Նրա ներկայացմամբ՝ այստեղ խնդիրը օրենքի գերակայություն է, ուստի պետք է օրենքները փոխվեն, որպեսզի Փաշինյանի ասածը կիրառվի: «Սա չափազանց բարդ խնդիր է: Այսօր առաջին քայլերն անում են: Հիմա ծրագիր կա փողերի լվացման գործով, ապօրինի հարստացման գործերով, որպեսզի ապացուցման բեռը դրվի մեղադրյալի վրա, եթե նա չի կարողանում հակառակն ապացուցել: Բայց այդ ամենը դեռ պետք է ներդաշնակեցվի ամբողջ քրեական օրենսգրքին եւ քրեական դատավարության օրենսգրքին: Կրկնում եմ՝ սա չափազանց բարդ խնդիր է: Իրավաբան- գիտնականները դեմ են: Նման բան անելով ամբողջ համակարգը կցնցվի: Մեր համակարգը պատրաստ չէ դրան: Օրենքները պետք է ոտքից գլուխ փոփոխության ենթարկել: Եթե դա արվի, օրենքներին պետք է հետադարձ ուժ տրվի: Այստեղ բախվում ենք մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ: Առանց այն էլ Հայաստանը մարտի 1-ի գործով մոնիթորինգի տակ մտավ: Մարդու իրավունքների հաշվին չի կարելի այդ քաղաքական նպատակներն իրագործել, որովհետեւ դրանք ավելի մեծ խախտումներ կտան»,-ասաց Ղազարյանը: Նա վստահեցրեց՝ դեմ չէ կոռուպցիայի դեմ պայքարին, բայց ամեն ինչ պետք է արվի օրենքի սահմաններում, իսկ ներկայիս օրենսդրությունը Փաշինյանի նշած գործողությունների իրավունքը չի տալիս. «Եթե կա քաղաքական որոշում, որ պետք է ապացուցման բեռը որոշ գործերով դրվի մեղադրյալի վրա ու առանց դատարանի վճռի բռնագանձել անձի գույքը, ապա կրկնում եմ՝ պետք է օրենքով լինի, ուրեմն օրենքը պիտի փոխվի:

Եթե օրենքը փոխվի, այնքան շատ խնդիրների առաջ ենք կանգնելու, 50-60 տարվա իրավաբանական ավանդույթ պետք է վերանայվի, բայց սրա համար տասնամյակներ են պետք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728