Լրահոս
Օրվա լրահոսը

Մտածում է, թե ինքը, շատ ձայներ ունենալով, պիտի իրավիճակի տերը լինի. Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Փետրվար 18,2019 21:12

«Մեր սիրելի Նիկոլ Փաշինյանն այնքան ստեր ասաց, որ ես ինձ չեմ կարող ստիպել լուրջ վերաբերել նրա կողմից ներկայացվող որևէ բանի: Ցավում եմ դրա համար»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին ասաց Պարույր Հայրիկյանը:

Վերջինիս խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրային հարցերում բավական շեղումներ է թույլ տվել՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, ընտրությունների հետ կապված, և այդ պատճառով է, որ մեր զրուցակիցը չի կարող լուրջ վերաբերել վարչապետի հայտարարություններին և խոսքերին:

Խոսելով արցախյան խնդրի մասին՝ պարոն Հայրիկյանն ասաց, որ այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հավատարիմ չեղավ:
Մեր հարցին, թե ըստ իրեն՝ ի՞նչ դիրքորոշում ունի հիմա ներկայիս իշխանությունը արցախյան հարցի շուրջ, նա պատասխանեց. «Չգիտեմ, բայց գիտեմ, որ հետևողական չեն»:

«Գիտեք, ես ատելությամբ ու չարությամբ չեմ ասում: Ես գիտեմ, որ իր բեռը և ոչ միայն իր՝ ով էլ լինի իր դիրքում այսպիսի ժառանգության պայմաններում շատ դժվար է լինելու, բայց ես չեմ սիրում խոսքը խախտող մարդկանց»,- նշեց պարոն Հայրիկյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նախկինում օրենքի մակարդակով կառավարության ծրագիր ընդունեց, և այդ կառավարության ծրագրում հայտարարեց, որ այս ընտրական օրենսգիրքն է Հայաստանի վատ խորհրդարանի պատճառը, հետո նույն ընտրական օրենսգրքով գնաց ընտրությունների: Ըստ պարոն Հայրիկյանի՝ նա պիտի ասեր՝ ես շտապում եմ, ուզում եմ շուտ լինի, բայց քանի որ մենք կառավարության ծրագիր ենք ընդունել, որը օրենք է, մենք պիտի նախ այդ ընտրական օրենսգիրքը փոխենք, բայց Նիկոլ Փաշինյանը գնաց այլ ճանապարհով:

«Մտածում է, թե ինքը, շատ ձայներ ունենալով, պիտի իրավիճակի տերը լինի: Սրտանց գրագիտություն եմ մաղթում: Բոլշևիկները 100 տոկոս ունեին խորհրդարանում, իրենք 300 մլն էին, ես 100 հոգի էի, բայց դա ոչ մի արժեք չունի, երբ դու ճշմարտությանը դեմ ես: Հանրապետականները իրենից շատ ձայներ ունեին խորհրդարանում, բայց անէացան, չէ՞: Հիմա այդ շատ փուչիկ ձայները քեզ ի՞նչ պիտի տան: Դու պիտի ճշմարտությամբ ապրես»,- հավելեց Պարույր Հայրիկյանը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728