Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այդ օրվա երդմնակալությանը մասնակցած մարդիկ կատարեցին պատմական առաքելություն. Պարույր Հայրիկյան

Փետրվար 18,2019 20:35

«Մեծ եղեռնի հուշարձանը բոլորիս համար որոշակի պատմական իրավիճակ, իրողություններ խորհրդանշող վայր է, սա նաև Ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին մեր պարտավորությունը թարմացնող վայր է, բայց այսօր ուրիշ առիթով ենք այստեղ. ուղիղ 50 տարի առաջ Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) 12 երիտասարդ  անդամներ դարձան ԱՄԿ երդվյալներ: Այսինքն՝ այդ օրը ուխտեցին իրենց կյանքը նվիրաբերել Հայաստանի անկախության գաղափարին»,- այսօր Ծիծեռնակաբերդի հավերժական կրակի մոտ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը:

Վերջինիս խոսքով՝ փետրվարի 18-ն ընտրված էր այն պատճառով, որ իրենց պայքարը զուգահեռներ ուներ 1921 թ-ի փետրվարի 18-ի ապստամբության հետ, երբ ժողովուրդն ապստամբել էր բոլշևիկյան բռնապետության դեմ՝ հանուն Հայաստանի ազատագրման:

«ԱՄԿ-ի պայքարը նույն ուղղությունն ուներ, բայց ԱՄԿ անդամներին մեկ տարի առաջ կալանավորել էին, կալանավորել էին նաև նրանց հետ առնչվող մարդկանց, դատապարտել ազատազրկման: Խորհրդանշական էր, որ մենք, լինելով ԱՄԿ-ի թևը, ոչ միայն պայքարը շարունակեցինք, այլև դրեցինք այնպիսի հիմքերի վրա, որ հետագայում ԱՄԿ-ն դարձավ Սովետական միության ամբողջ տարածքում նաև Արևելյան Եվրոպայի երկրներում գործող միակ քաղաքական այլընտրանքային մշտապես գործող ուժը»,- իր խոսքում նշեց Պարույր Հայրիկյանը:

Նա ընդգծեց նաև, որ այդ օրը երդում տված մարդիկ մեծ դերակատարություն ունեցան ԱՄԿ հետագա գործունեության մեջ: Նրանցից Աշոտ Նավասարդյանը դատապարտվեց 3 անգամ, Անդրանիկ Մարգարյանը ևս դատապարտվեց, հետագայում նրանք դարձան վարչապետ, կուսակցության հիմնադիր. «Փաստորեն, այդ օրվա երդմնակալությանը մասնակցած մարդիկ, որ ընդհանուր ԱՄԿ-ականների տասից մեկն էին, կատարեցին պատմական առաքելություն: Այնպիսի առաքելություն, որի համար ես վերջերս ԱՄՆ-ում լուրջ հրավերների և լուրջ գործերի մասնակցելու հնարավորություն եմ ստացել»:

Վերջում Պարույր Հայրիկյանն ասաց 1967թ.-ին ԱՄԿ ծրագրում ներառված և 1974 թ-ին վերախմբագրված երդման տեքստը, որի հեղինակը Ստեփան Զատիկյանն է:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728