Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք սպառնում, պատգամավորը կարա հանգիստ քնի». Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Փետրվար 18,2019 20:20

«Երբ ԼՀԿ-ի քննադատությունը փորձեմ վերհիշել, ապա, մտքիս գալիս է միայն մուննաթ բառը, որը բովանդակային առումով ոչ մի արժեք չի ստեղծում: Կուզենայի ավելի բովանդակային քննարկում լսել, մի փոքր սնանկ էր նրանց կողմից հնչեցված քննադատությունը», այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավորների քննադատությունների մասին խոսելիս, «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանն էլ ասել էր, որ նրանք կռռում են, բովանդակային քննարկում չեն անում:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես Լենա Նազարյանին շատ սիրում ու հարգում եմ, որ ասում է բովանդակազուրկ էր, հուսով եմ, առաջիկայում կհամոզվի, որ բովանդակազուրկ չէր: Կառավարությունը բաց էր թողել բովանդակային քննարկման առաջին փուլը եւ հետո ասում էր՝ բա առաջարկ չե՞ք տալիս: Այդպես չի լինում, ամեն ինչ ունի իր ժամանակն ու տեղը: Բայց մենք բանավոր էլ ենք առաջարկ արել, իմ ելույթում առաջարկ կար, ես ասում եմ՝ ազատվեք Սերժի կադրերից, ինձ ասում են՝ ա՜, դու Սերժ ես, էդ չեղավ քննարկում: Դրա համար խորին հարգանքով մեր գործընկերների նկատմամբ, մենք չենք կռռում, մենք ամբողջությամբ լծված ենք երկրում իրականացվող փոփոխություններին, մենք մեր դերակատարումն ունենք դրա մեջ, մենք մեր առաքելութունն ունենք, ընդդիմությունը փոփոխությունների մեջ իր դերն է տանում, գործադիր իշխանությունը՝ իր»:

Հարցին՝ «Իմ քայլի» այն պատգամավորին՝ Էդգար Առաքելյանին, որին դուք ասել էիք՝ «սեւ սգո սերվիս կարանք ցույց տանք», ձեզ հարց է ուղղում, ձեր ոճով ասում է՝ «էդ մեզ սպառնը՞մ եք, պարո՛ն Մարուքյանը, չէ ճի՞շտ ենք հասկանում էդ մեսիջը, մեզ սպառնը՞մ եք»: Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Ընդդիմությունը երբեք չի կարող սպառնալ իշխանությանը: Իշխանությունն ունի զորքեր, ԱԱԾ, ոստիկանություն, եւ ընդդիմությունը չի կարող սպառնալ իշխանությանը, այնպես որ պատգամավորը կարա հանգիստ քնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728