Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողը հրաժարվել է ցուցմունք տալ

Փետրվար 18,2019 18:44

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե կա՞ նախնական վարկած Գյումրու Սլաբոդկա թաղամասի բնակչուհի, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության շարժառիթի մասին, և մի՞թե սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Անդրեևիչ Ռազգելդիևին ռազմաբազայի տարածքում պահելով՝ չեն խոչընդոտվում քննչական գործողությունները։ Մենք նաև հարցրեցինք, թե հայ քննիչների հետ համատեղ ռուսական կողմն է մասնակցո՞ւմ քննչական գործողություններին և ինչո՞վ վստահ լինենք, որ ռուս զինծառայողը ռազմաբազայի տարածքում ազատության մեջ չէ։

Դատախազը տեղեկացրեց, որ ռուսական կողմը քննչական գործողությունների չի մասնակցում, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այն է՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Այս քրեական գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից։

«Քրեական գործով կատարվել և կատարվում են բազմածավալ աշխատանքներ, մենք սպասում ենք փորձաքննական եզրակացությունը ստանալուն։ Ամենայն հավանականությամբ մոտ 20 օրից կստանանք համապատասխան փորձաքննությունների եզրակացություններ, և այդ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, կուղարկվի դատարան։ Արդեն իսկ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցները լիարժեք են անձին դատի տալու համար»,- ասաց դատախազը։

Թե ինչո՞ւ է զինծառայողը ծեծելով մահվան հասցրել իր տանից աշխատանքի գնացող Ջուլիետա Ղուկասյանին, նախնական վարկած անգամ չկա։ Դատախազը տեղեկացրեց, որ մեղադրվող անձը հրաժարվում է ցուցմունք տալ։

Դատախազը վստահեցնում է, որ նրա ռազմաբազայում գտնվելը չի դժվարացնում քննչական գործողությունները, և նա ազատության մեջ չէ․ պահվում է կարգապահական մեկուսարանում։

Իսկ թե ինչո՞ւ է պահվում ռազմաբազայում, Կարեն Գաբրիելյանը շարունակում է պնդել, որ հիմք են ընդունել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում  ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագիրը։

«Նշված համաձայնագրի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց կամ նրանց հարազատների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցավոր արարքները քննվում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից։ Ինչպես արդեն նշեցի, այս քրեական գործը քննվում է մեր իրավասու մարմինների կողմից, բայց, քանի որ ենթադրյալ հանցանք կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է Ռուսաստանի ռազմական բազայում, նշված համաձայնագրի 8-րդ կետով՝ նշված անձի հետ համապատասխան գործողություններն իրականացվում են նրանց ներկայացուցչի միջոցով։ Եվ այդ գործողությունները՝ ձերբակալում, հարցաքննություն իրականացվել են նրանց ներկայացուցիչների միջոցով և այս պարագայում նրա՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկում գտնվելը կհակասեր ՌԴ  օրենսդրությանը։ Այս պարագայում նշված անձը գտնվում է նրանց կարգապահական մեկուսարանում, որևիցե արգելք չի հանդիսանում գործի բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ապահովելու համար », -ասաց դատախազը։

Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանը և Հայկ Հակոբյանը դատարան բողոք են ներկայացրել Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանի՝ 29.12.2018թ. որոշման դեմ, որով վերջինս ամբողջությամբ մերժել  է հանցագործության մեջ մեղադրյալ ռուս զինծառայողին 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ համապատասխան քրեակատարողական  հիմնարկ տեղափոխելու համար միջոցներ ձեռնարկելու միջնորդությունը։ Ըստ նրանց, պետք է ղեկավարվել ՀՀ օրենսդրությամբ և այն պատճառաբանությունը, թե խախտվում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, ուղղակի անհիմն պատճառաբանություն է։

Դատախազը նաև նշեց, որ  մեղադրյալը հրաժարվել է նմուշ տալ, որպեսզի պարզեն՝ թմրանյութ օգտագործե՞լ է, թե՞ ոչ։  Նա պատճառաբանել է, որ նմուշ չտալը իր իրավունք է։ Վերջինիս խմածության աստիճանը ևս հնարավոր չի եղել պարզել, քանի որ նրա վերաբերյալ տվյալներ ձեռք են բերվել դեպքից մի քանի օր անց, և խմածության փաստը փորձաքննությամբ հայտնաբերել հնարավոր չի եղել։ Սակայն, ըստ դատախազի, կան ցուցմունքներ, որոնցով փաստվում է՝ անձը եղել է խմած։

Ռուս զինծառայողը մի քանի հարվածներ հասցրել էր նաև նույն թաղի մեկ այլ բնակչի, սակայն, դատախազի ասելով, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ լուրջ մարմնական վնասվածքներ չեն դրանք։։

Թե որտեղ կլինի դատավարությունը՝ ռազմաբազայի տարածքո՞ւմ, թե՞ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դեռ հայտնի չէ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728