Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքակրթական հարաբերությունների զարգացման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը

Փետրվար 18,2019 17:36

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան ընկերակցող պետական պատվիրակության մոտ օրերս Իրան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ակնկալվում է՝ հայկական և իրանական կողմերը կքննարկեն միջպետական հարաբերություններին հետաքրքրող ընդգրկուն հարցեր, ընդ որում՝ կարևորվում է տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային նախագծերի մինչ այժմ ընդհատված համատեղ նախագծերի քննարկման լայն օրակարգ:

Օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Tert.am-ի հետ ունեցած հարցազրույցում խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան սպասվելիք պաշտոնական այցի օրակարգի և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին:

Դեսպան Արտաշես Թումանյանի խոսքով՝ ներկայումս իրենց խնդիրն է բարենպաստ միջավայր ստեղծել՝ պահպանելու համար Հայաստան-Իրան համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի (էներգետիկա, գազի ոլորտ) իրականացման շարունակականությունը, ինչպես նաև՝ աջակցել իրանական տնտեսվարողներին Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման, կողմերի գործարարների միջև առևտրային կապերի հաստատման և ամրապնդման գործում:

Մյուս կողմից՝ Հայաստանի Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են:

Նա տեղեկացրեց, որ փետրվարի 27-ին պաշտոնական այց է կատարելու Իրանի Իսլամական Հանրապետություն։

«Համոզված ենք, որ Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ։ Այդ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը։ Այդ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործին մասնակից», – ասաց Փաշինյանը։

Հաշվի առնելով Հայաստան-Իրան հարաբերությունների և տնտեսական կապերի ու գործակցության կարևորությունը երկու հարևան և բարեկամ երկրների համար, սակայն Հայաստանի անկախացումից ի վեր՝ վերջին 27 տարիների ընթացքում ակնհայտորեն զգալի տեղաշարժ չի նկատվել այդ ոլորտում և մինչ այժմ թե Իրանում և թե Հայաստանում հերթական փոփոխվող կառավարությունները միայն բավարարվել են հայտարարություններ տարածելով և միմյանց ջերմ մաղթանքների ուղերձներ հղելով, իսկ տնտեսական, առևտրական և գործարարական ու ներդրումային ոլորտներում համագործակցությունները կամ ընթացել են դանդաղ կամ էլ ապրանքաշրջանառության ծավալները լավագույն դեպքում մնացել են 200 միլիոն դոլարի սահմաններում:

Հաշվի առնելով Իրանի կարևորությունը Հայաստանի համար, որպես տարածաշրջանի միակ մուսուլման բարեկամ երկիրը, և նմանապես Հայաստանի կարևորությունը Իրանի համար, որպես միակ քրիստոնյա վստահելի հարևանը, որի սահմանների կողմից ոչ մի վտանգ չի սպառնում Իրանին, պետք է ասել, որ երկու կողմերի առևտրական և տնտեսական համագործակցությունները իրոք անբավարար են և պետք է այդ ուղղությամբ շատ լուրջ քայլեր ձեռնարկել:

Նույնպես պետք է նկատի առնել, որ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարել են, որ կփորձեն նոր որակ մտցնել Հայաստանի արտաքին հարաբերության մեջ: Այս նոր հայեցակարգի ոլորտում նույնքան կարևորվում է Իրանի հետ քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, կրթական և մշակութային ոլորտներում լուրջ դինամիկա առաջացնելով չշարունակել նախկին կառավարությունների ոչ արդյունավետ ընթացքը, որն ոչ մի զարգացում ու առաջընթաց չարձանագրեց Իրան-Հայաստան տնտեսական, առևտրական և ներդրումային 27-ամյա կաղող հարաբերություններում:

Հայաստանի Ազգային ժողովում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը, այսինքն` Հայաստանը կպահպանի իր չեզոքությունը հակադրվող կողմերի միջև, միաժամանակ շարունակելով իր կառուցողական համագործակցությունը ԱՄՆ-ի և Իրանի հետ և դա վկայում է Հայաստանի ներկա իշխանությունների առավել հավասարակշիռ և հեռանկարային քաղաքականության մասին, ինչը շատ լավ ընկալվում է Վաշինգտոնում և Թեհրանում:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ «Սկզբնական շրջանում Իրանում այնքան էլ չէին վստահում Փաշինյանին, մտածում էին՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը Արևմուտքի կողմից հովանավորված նախաձեռնություն է, որը կարող է վատթարացնել Իրանի հետ հարաբերությունները։ Հիմա այդ կասկածները փարատվել են, բայց մեծ հաշվով երկու երկրների հարաբերությունները շարունակում են դոփել տեղում և որևէ լուրջ ռազմավարական ծրագրեր չկան: Ես հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը նորմալ, լուրջ ծրագրերով կժամանի Իրան և այնտեղ, բացի բաժակաճառային հայտարարություններից, նաև լուրջ հարցեր կքննարկեն»։

Իրանում այժմ հասկացել են, որ Հայաստանի հարաբերությունների ընդլայնումն Եվրոպայի հետ կարող է նպաստել Համատեղ Գործողությունների Համապարփակ ծրագրից՝ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Եվրամիություն-Իրան հարաբերությունների բալանսավորման պահպանմանը, քանի որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները թուլացրել են Իրանի տնտեսությունը և Իրանը փորձում է իր առևտրական և ֆինանսական հարաբերությունները պահպանել Եվրամիության անդամ երկրների հետ, և այդ ուղղությամբ ստեղծվել է Ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմ, որը կարող է հեշտացնել Եվրամիության հետ Իրանի ֆինանսական փոխանակումները, իսկ Հայաստանը որպես Իրանի միակ քրիստոնյա հարևան և բարեկամ երկիր կարող է որոշակի դերակատարություն ունենալ ֆինանսական փոխանակումների գործում: Մյուս կողմից՝ իրանցի ներդրողները ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել և կառուցել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հատվածը, իսկ Իրանի կառավարության համար նաև կարևոր է Հայաստանի վրայով դեպի Եվրոպա գազամուղի և երկաթուղու կառուցման նախագծի իրականացումը, որի նյութական և էներգետիկ շահերն ու առավելություններն Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեն։

Այդուամենայնիվ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի շրջանակներում, անչափ կարևոր է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի, որը մինչ այժմ մասամբ անտեսվել է Հայաստանի դիվանագիտական ապարատում: Իրանը որպես իսլամական համակարգ իր արտաքին քաղաքականության և փափուկ դիվանագիտության ոլորտում ներգրավել է կրոնների մերձեցման և քրիստոնյա-Իսլամ հարաբերությունների մշակման և զարգացման հայեցակարգը: Իրանը նաև Հայաստանին դիտում է որպես քրիստոնեական քաղաքակրթության և Ասիական-Եվրոպական մշակույթների մերձեցման խաչմերուկում գտնվող կարևոր երկիր: Այդ առումով Իրանի հոգևոր պետերը և կրոնագետները և իշխանությունները միշտ էլ փորձել են Հայաստանի հետ հարաբերություններում բարձրացնել քաղաքակրթական և կրոնական երկխոսության և իսլամ-քրիստոնեություն մերձեցման դիսկուրսը: Սակայն մինչ այժմ Մայր Աթոռ Ս․Էջմիածնի կաթողիկոսության կողմից համապատասխան բավարար քայլեր չեն ձեռնարկվել այդ ուղղությամբ: Այս պարտականությունը ըստ երևույթին վերապահված է Կիլիկիո կաթողիկոսության, որը ակտիվ մասնակցություն է բերում Իրանում անցկացվող իսլամ-քրիստոնեություն կրոնների երկխոսության սեմինարներին և այլ գործընթացներին:

Հաշվի առնելով Իրանի Իսլամական հանրապետության կրոնական բնույթը, Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի կաթողիկոսությունը կարծում եմ, որ առավել քան անցյալը պետք է ջանքեր գործադրի Հայոց եկեղեցու, քրիստոնյա աշխարհի ուղղափառ դավանանքի և Իրանի հոգևոր կենտրոնների փոխգործակցության և քրիստոնյա-իսլամ (շիա-ուղղափառ) կրոնների մերձեցման դիսկուրսի ընդլայնման գործում: Քանի որ դա նաև՝ կնպաստի Հայաստանի և Իրանի, մշակութային, կրոնական, քաղաքական և տնտեսական հարաբերությունների առավել ամրապնդմանը և գործնական դաշտում առևտրատնտեսական գործակցությունների իրականացմանը:

Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի շրջանակում, պետական պատվիրակության կազմում պետք է ներառել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի կաթողիկոսության բարձրաստիճան հոգևորականներ: Իսկ Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը խթանող կարևորագույն հանդիպումներից կարող է լինել Հայաստանի պետական և կրոնական պատվիրակության հանդիպումն Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն Առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հետ:

Իհարկե, սա կարող է իրականացնել հետագա հանդիպումների ու այցելությունների ժամանակ, սակայն հնարավոր է այս այցի ընթացքում հարմար ենթահող ստեղծել ապագայում Իրանի հոգևոր կենտրոնների և Հայաստանի առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների միջև կրոնական և քաղաքակրթական փոխգործակցության և փոխայցելությունների ընդլայնման համար։

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Իրան-Թեհրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728