Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան։
Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման սկզբում համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը, ողջունելով Արմեն Սարգսյանի այցը ուսումնական հաստատություն, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին, ով նաև գիտնական է: Նա ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես` բնական գիտությունների ու բժշկության ոլորտներում:
Նշելով, որ գիտության ոլորտում մեր ունեցած ավանդույթները ոչ միայն պետք է պահպանել, այլև զարգացնել և հասցնել նոր մակարդակի, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Ես ցանկանում եմ զարգացնել համագործակցությունը հայկական և գերմանական համալսարանների, երկու երկրների գիտնականների միջև»:
Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնվում է ոչ թե բնական պաշարների, այլ մարդկային ռեսուրսների վրա: «Մեր հիմնական լոկոմոտիվը լինելու են նոր տեխնոլոգիաները, նորարարությունները, ստարտափները: Ես այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար և աջակցելու եմ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են զարգացնելու Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժը»,– ասել է նախագահ Արմեն Սարգսյանը` հրավիրելով ներկաներին այցելել Հայաստան:
Վոլֆգանգ Հերմանը, բարձր գնահատելով Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերը, նշել է, որ պատրաստ են համագործակցության` հատկապես ընդգծելով, որ Մյունխենի տեխնիկական համալսարանն իրականացնում է միջազգային փոխանակման բարձրակարգ ծրագրեր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ