Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանին այլեւս «թափով» պաշտպանելու կարիք չկա. նախաքննությունը, կարծես, բարենպաստ ավարտ ունի». փաստաբան

Փետրվար 18,2019 17:11

Օրերս Մանվել Գրիգորյանի արդեն նախկին շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Մկրտչյանը սոցցանցի էջում հետեւյալ գրառումն էր կատարել. «Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքի անհիմն հերյուրանք լինելու պատճառով: Ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ, կասկածողները սրիկա են»,-գրել էր Արսեն Մկրտչյանը։

Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանելով իր մոտեցումը՝ Արսեն Մկրտչյանը նախ շեշտեց, որ նման գրառում է կատարել ոչ թե որպես փաստաբան, այլ որպես ազատամարտիկ. բացի այդ, գրառումը հրապարակային չէ եւ հասանելի է միայն իր ընկերներին : «Ես եղել եմ այն մարդը, որը մարտական ընկերների մոտ պետք է փարատեր զինվորի հացը գողանալու մասին կասկածները կամ հաստատեր դրանք: Մարտական ընկերների համար, որոնք ինձ հավատում են, ես այլեւս անելիք չունեմ: Որպես ազատամարտիկ՝ համոզվել եմ, որ ԵԿՄ-ականների եւ ազատամարտիկների շրջանում Մանվել Գրիգորյանին այլեւս պաշտպանելու անհրաժեշտություն չկա: Իսկ որպես փաստաբան՝ կարող եմ ասել, որ ներկայումս ծանրաբեռնված եմ այլ հնչեղ գործերով»,-նշեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք՝ եթե փաստաբանը մեղադրանքն անհիմն է համարում, չի նշանակո՞ւմ, որ նա պետք է շահագրգռված լինի դա ապացուցել: Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Հարցադրումը ճիշտ է, եթե ինձ վերաբերվեք միայն որպես փաստաբանի: Բայց, ինչպես նշեցի, ես նաեւ ազատամարտիկ եմ եւ այս գործում ներգրավվել եմ որպես մարդ, որը մասնակցել է ապրիլյան ռազմական գործողություններին: Երբ մի բան եմ ասում, մարդիկ ինձ ընկալում են միայն որպես փաստաբանի՝ մոռանալով, որ մենք էլ անձնական դիրքորոշում ունենք, ազատամարտիկ ենք: Այն ազատամարտիկները, որոնք ինձ հետ խրամատում են եղել եւ կասկածներ են ունեցել, իրենց առաջ ես այլեւս ապացուցելու խնդիր չունեմ»:

Հարցրեցինք նաեւ, թե Արսեն Մկրտչյանը շարունակելո՞ւ է Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանությունն առհասարակ: Նա տեղեկացրեց, որ փաստաբանի ծառայությունների մատուցման պայմանագիրը Մանվել Գրիգորյանի հետ կնքել է միայն նախաքննության փուլի համար, նախաքննությունն էլ ավարտվել է. «Պայմանագիրը շարունակելու հարց չի քննարկվել: Եթե լինի անհրաժեշտություն դատաքննության փուլում համաձայնության գալու Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանության հարցում, նրա շահերը կներկայացնեմ նաեւ որպես փաստաբան: Մանվել Գրիգորյանին այլեւս «թափով» պաշտպանելու անհրաժեշտություն չկա, կարծես թե նախաքննության բարենպաստ ավարտ է եղել: Եթե դատաքննության փուլում որոշենք, որ պետք է շարունակեմ գործակցել նրա հետ, կշարունակեմ»:

Արսեն Մկրտչյանը նաեւ հավելեց. «Հանրության շրջանում թյուր կարծիք կա, թե Մանվել Գրիգորյանին չեն ուզում պաշտպանել, բայց իրականում փաստաբանական շատ մեծ խումբ է աշխատում, շատերն էլ ուզում են ներգրավվել նրա շահերի պաշտպանության գործում»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակման, առանձնապես խոշոր չափի հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափի հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափի գույքի շորթումը կազմակերպելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728