Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրին դառնում է վտանգավոր քաղաք․ ալան-թալանի են ենթարկել ունևորների տները

Փետրվար 18,2019 16:11

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր հանդես գալով ամփոփիչ մամլո ասուլիսով՝ մտահոգիչ թվեր հրապարակեց բնակարանային գողությունների առնչությամբ։ Շիրակի մարզում 2017 թվականի հետ համեմատ 2018 թվականին բնակարանային գողությունների թիվն ավելացել է 20-ով՝ 71-ից դառնալով 91։ Դատախազին անհանգստացնում է բացահայտման ցուցանիշը, որը, ըստ նրա, կազմում է 22 տոկոս։

«Այս հանգամանքն ինձ շատ է մտահոգում․ բազմիցս թե՛ բանավոր, թե՛ գրավոր հանձնարարություններ, միջնորդագրեր են հասցեագրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, տարբեր ստորաբաժանումների, տարբեր գերատեսչությունների։ Անձամբ այսօր գրություն եմ հասցեագրել Շիրակի մարզպետին և առաջարկել եմ, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ղեկավար կազմի հետ քննարկեն և վեր հանեն թիրախ և ռիսկային գոտի հանդիսացող բնակավայրերը, որտեղ կատարվում են գողություններ և գործուն միջոցներ ձեռնարկեն նշված բնակավայրերում տեսախցիկներ տեղադրելու ուղղությամբ, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկեն բազմաբնակարանային շենքերի մուտքերին կոդավորվող դռներ տեղադրելու համար»,- ասաց Կարեն Գաբրիելյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե ովքե՞ր են ալան-թալանի ենթարկվողները, դատախազը պատասխանեց, որ ըստ գործի նյութերի, թիրախում նրանք են, որոնք տանը ոսկեղեն ու գումար ունեն։

«Հիմնականում ունևոր մարդկանց են թիրախ դարձնում ու հիմնականում հանցագործ անձինք տեղեկացված են լինում գողոնի գտնվելու վայրի մասին։ Քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեպքի վայրի իրերի զննությունը, իրեղեն ապացույց համարվող առարկաները հափշտակվել են կոնկրետ տեղից և նշված բնակարանում որևէ խառնաշփոթ իրավիճակ առկա չէ։ Հանցագործներն իրազեկված են եղել գողոնի կոնկրետ տեղակայման մասին», -ասաց դատախազը։

Նրա տեղեկացմամբ, գողություններ կատարվել են այն բնակարաններից, որտեղ ժամանակավորապես կամ մշտապես բնակություն չեն հաստատել։ Եղել են դեպքեր, երբ տանտերերը հարսանիքի են գնացել, վերադարձել են տուն՝ տեսնելով, որ արժեքավոր իրերը թալանվել են։

Բնակարանային գողություններ արձանագրվել են Շիրակի մարզի երեք քաղաքներում՝ Գյումրիում, Արթիկում, Մարալիկում։ Գյումրիում, ըստ դատախազության քարտեզագրման, անչափ ռիսկային են դարձել Անի և Մուշ թաղամասերը։

Դատախազն ասաց, որ համայնքապետերին իր կողմից առաջարկվել է տեղադրել կոդավորվող դռներ ու տեսանկարահանող սարքեր, սակայն գործուն միջոցներ չեն ձեռնարկվել, որի պատճառով այսչափ շատացել են բնակարանային գողության դեպքերը։ Կարեն Գաբրիելյանի փաստմամբ, գողությունների կատարման ձեռագիրը գրեթե նույնն է, որը առիթ է դարձել ենթադրելու, որ գործում է հանցավոր խմբավորում․ նրանք հիմնականում մուտք են գործում բնակարանների մուտքի դռան փականները կամ պատուհանների փեղկերը կոտրելու եղանակով։

Ըստ դատախազի, 2018 թվականին արձանագրված դեպքերը 2017 թվականի հետ համեմատ նվազել են 26-ով, այսինքն` երկու տոկոսով։ Սպանությունների թիվը, ըստ Կարեն Գաբրիելյանի, կտրուկ նվազել է․ 2017 թվականին արձանագրվել էր սպանության 4 դեպք, 2018 թվականին ընդամենը՝ մեկ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728