Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել 12 միավոր (մեկ էսկադրիլյա) Սու-30ՍՄ կործանիչ․ այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում, ռուսաստանյան «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Չորս կործանիչները, որոնց ձեռք բերման մասին հայտնի էր դարձել ավելի վաղ, Հայաստանը մտադիր է ստանալ 2019-ի վերջին – 2020-ի սկզբին։
«Մենք շարունակում ենք բանակցությունները Սու-30ՍՄ հաջորդ խմբաքանակի մատակարարումների շուրջ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կարող է պատրաստ լինել տվյալ արտադրանքը․ այնտեղ կան ներմուծման փոխարինման հարցեր և այլն։ Առաջին խմբաքանակը ծրագրում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ մյուս տարվա սկզբին»,- ասել է Տոնոյանը։
Պատասխանելով գործակալության հարցին, թե ընդհանուր առմամբ քանի նման մեքենա կցանկանար ձեռք բերել ՀՀ ռազմական գերատեսչությունը, Տոնոյանն ասել է՝ մեկ էսկադրիլյա։
Թարգմանությունը՝ Civilnet-ի: