Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ Նիկոլ Փաշինյանը տեղի է տվել Ռուսաստանի ճնշումներին, կամ էլ` «դու ինձ, ես` քեզ» սկզբունքով պայմանավորվել է Ռուսաստանի հետ»

Փետրվար 18,2019 14:00

Հայաստանի՝ Սիրիայում առաքելությանը մասնակցելու հետ կապված քննարկումների թեմայով «Առավոտի» հարցերին է պատասխանում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

-Eurasianet պարբերականը հանդես է եկել ՝«ԱՄՆ-ն կշտամբում է Հայաստանին Սիրիայում առաքելությանը մասնակցելու համար» խորագրով հոդվածով: Այստեղ Փոլ Ստրոնսկին այսպիսի կարծիք է հայտնում. «Վաշինգտոնում մենք հասկանում ենք անվտանգությունից ելնելով՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Մենք նաեւ գիտենք, որ Հայաստանը հետաքրքրված է Սիրիայով, քանի որ այնտեղ կա հայկական համայնք: Բայց մենք նաեւ տեղյակ ենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւս վերջին երկու-երեք տարիներին, ինչպես Ղազախստանն ու Ղրղըզստանը եղել են նույն ճնշումների տակ: Փաստորեն, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի պակաս ունակ է ետ մղել Ռուսաստանին, քան իր նախորդը՝ Սերժ Սարգսյանը, եւ նույնիսկ Ղազախստանի ու Ղրղըզստանի նախագահները»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Թե ինչու՞ հենց Նիկոլ Փաշինյանը որոշեց մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիա այդ հարցին միանշանակ պատասխան չեմ կարող տալ: Իմ խորին համոզմամբ այստեղ կարող է լինել երկու պատճառ` կամ նա տեղի է տվել Ռուսաստանի ճնշումներին, կամ էլ` «դու ինձ, ես` քեզ» սկզբունքով պայմանավորվել է Ռուսաստանի հետ: Ըստ այդմ, որեւէ հարցում Ռուսաստանը Հայաստանին մի բան է զիջել, փոխարենը` Հայաստանը համաձայնվել է Սիրիայում մասնակցել մարդասիրական առաքելությանը: Օրինակ` դա կարող էր դրսեւորվել Ռուսաստանի կողմից Հայաստանին ներքին գներով ՍՈՒ-30 կործանիչներ վաճառելով:

-Ինչի՞ մասին է վկայում այն, որ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, եթե հանգամանքները ստիպեն եւ անհրաժեշտություն լինի, Սիրիայում գտնվող հայկական մարդասիրական զորախումբը կարող է նաեւ ռազմական գործողություններին մասնակցել, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք նման պլաններ չունենք: Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ ՀՀ կառավարության ներսում անգամ չկա համաձայնություն այս հարցի շուրջ:

-Կարծում եմ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը ճիշտ չէ հասկացվել: Նա նկատի ուներ, որ եթե նույնիսկ երբեւէ հայկական բանակը մասնակցի որեւէ երկրում ռազմական առաքելության, դա կարվի միջազգային պայմանագրերի հիման վրա: Բացառում եմ, որ Սիրիա ուղարկվող հայկական մարդասիրական առաքելությունը մասնակցի ռազմական գործողությունների: Վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները նման արկածախնդիր քայլի չեն գնա:

-ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ չեն պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայի հարցում: ԱՄՆ-ի այս դիրքորոշումը ի՞նչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ:

-Ակնհայտ էր, որ Միացյալ Նահանգները չեն աջակցելու այս նախաձեռնությանը, քանի որ ԱՄՆ-ը պայքարում է Ասադի ռեժիմի դեմ, ինչպես նաեւ այդ նախաձեռնությունն իրականացվում է նրա աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանի հետ: Սակայն, վստահ եմ` բանը չի հասնի ԱՄՆ կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների: Վաշինգտոնը կբավարարվի միայն Հայաստանին «դեղին քարտ» ցույց տալով: Ամերիկյան իշխանությունների արձագանքը ավելի կոշտ կլիներ, եթե Հայաստանը զորախումբ ուղարկեր Սիրիա, որը կներգրավվեր ռազմական գործողությունների մեջ: Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է աշխատեն ամերիկյան վարչակազմի հետ, որպեսզի այս քայլը բացասական առումով չազդի Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա:

-Հայկական կողմը, հանձին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարեց, որ հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով, սակայն այս հայտարարարությունից հետո էլ շարունակվում են քննարկումները եւ ոչ միշտ Հայաստանի օգտին: Ի՞նչն է պատճառը՝ հայկական կողմի՞ թերացումն է, թե՞ միջազգային հանրության տրամադրվածությունը:

-Իմ խորին համոզմամբ Հայաստանի իշխանությունների կողմից Սիրիա` մարդասիրական առաքելություն ուղարկելու որոշումը սխալ փաթեթավորմամբ է մատուցվել հայաստանյան եւ միջազգային հանրությանը: Դեռեւս նախորդ տարվա օգոստոսի 17-ին, իր կառավարման 100 օրն ամփոփելիս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում մենք ականատես կլինենք հայ-ռուսական մի աննախադեպ հումանիտար ձեռնարկի: Բացի դրանից, ուշագրավ է նաեւ վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ժամանակ վերջինս շնորհակալություն հայտնեց Տոնոյանին այն բանի համար, որ Հայաստանը եղավ մարդասիրական աջակցության առաջին արձագանքողը: Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեին, որ այս նախաձեռնությունը դիտարկվեր որպես բացառապես մարդասիրական քայլ, այն չկապվեր Ռուսաստանի անվան հետ, որպեսզի ԱՄՆ-ը այստեղ չտեսներ աշխարհաքաղաքական ենթատեքստ եւ բացասական արձագանքի չարժանացներ այս որոշումը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728