Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը վրդովվել էր «Լուսավոր Հայաստանի» անազնվությունից»

Փետրվար 18,2019 13:30

«Առավոտի» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը

– Խնդիր չե՞ք տեսնում, որ երկրի կարեւորագույն փաստաթղթերից մեկը՝ կառավարության ծրագիրը, որով պետք է տնտեսական հեղափոխություն իրականացվի, խորհրդարանում ընդունվեց բացառապես իշխող ուժի խմբակցության կողմից:

– Ոչ, ընդհակառակը, դա նորմալ քաղաքական գործընթաց է: Եթե ընդդիմադիր խմբակցությունները կողմ էին քվեարկում կառավարության ծրագրին, ապա իրենք այդպիսով որոշակի պատասխանատվություն էին ստանձնում այդ ծրագրի իրականացման համար: Այս իմաստով, ընդդիմության քվեարկությունը լրիվ օրինաչափ էր: Խնդիրը հակառակումն է. այն գործիչները, որոնք հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից, նախկինում, չգիտես ինչու, կողմ էին քվեարկում այդ կառավարության ծրագրին:

– Գուցե լավ ծրագիր էր, կիսում էին պատասխանատվությունը:

– Եթե կիսում էին, թող այդ նույն քաղաքական ուժի մաս դառնային: Այնպես որ, այն ինչ տեղի ունեցավ մեր կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, բնական քաղաքական զարգացում էր: Խնդիրը քննարկումների բովանդակության մեջ էր: Երբ մարդիկ խոսում են ծրագրում առկա իրական խնդիրների մասին, եթե անգամ հնարավոր չէ արդեն այդ ծրագրում ուղղումներ անել, խելամիտ գաղափարները անպայման օգտագործվելու են: Քննարկումների հիմնական իմաստը սա է:

– Ամեն դեպքում, քննարկումներից ընդդիմադիրները դժգոհ մնացին եւ իշխանությանը մեղադրեցին անհանդուրժողականության մեջ:

– Այն, որ ընդդիմադիրները պետք է դժգոհ մնան, դա լավ է, շատ լավ է: Ընդդիմադիրները պետք է միշտ դժգոհ լինեն: Ամենավատ երեւույթը Հայաստանում եղել է այն, որ «ընդդիմադիրները» գոհ են եղել իշխանությունից: Իրականում, եթե ընդդիմությունը «գոհ» է իշխանությունից, ուրեմն, այդտեղ մենք կեղծիքի հիմք ունենք: Եթե գոհ են, ուրեմն նույն քաղաքական հայացքների, նույն կարծիք կրողն են, հետեւաբար, պետք է նույն տեղում լինեն, ոչ թե հակառակ բեւեռում լինեն, բայց պաշտպանեն իշխող ուժին:

Ինչ վերաբերվում է անհանդուրժողականությանը. քաղաքական բանավեճ է ու եթե ես լավ հռետոր եմ եւ կարողանում եմ խոսքով դիմացինին «ցեխը մտցնել», դա չի նշանակում ճնշում: Դիմացինը, երբ մտնում է բանավեճի մեջ, ինքը պետք է հաշվի առնի՝ արդյոք իր մտավոր եւ հռետորական ունակությունները բավարարում են ինձ հետ բանավիճելուն: Քաղաքական մարմնում բանավեճից մարդիկ սրտնեղում են: Դա նույնն է, որ ասեն, քանի որ դու լավ ես խոսում, մի խոսիր, որովհետեւ քո խոսելով մեզ ճնշում ես:

– ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ օրինակ դժգոհեց, որ կառավարությունը խոստացել էր ընդդիմության առաջարկները հաշվի առնել, բայց հետո պարզվեց, որ հաշվի չեն առնելու:

– ԱԺ նախագահը բացատրեց՝ քանի որ հնարավորություն չկա ծրագրում փոփոխություն անելու, այդ առաջարկները հաշվի կառնվեն միջանկյալ փաստաթղթերում՝ կարճաժամկետ ծրագրերում, տարեկան ծրագրերում եւ այլն: Եթե լավ գաղափար է, ինչո՞ւ չօգտագործես:

– Տպավորություն էր, որ ընդդիմության քննադատությունը վարչապետին դուր չեկավ: Նա դա հումորով արտահայտեց՝ հիշելով հայտնի անեկդոտը`«հիմա դու իմ կողմից ես, թե՞ առյուծի»:

– Վարչապետին շատ լավ ճանաչելով կարող եմ ասել, որ ինքը շատ զայրանում է անազնվությունից: Երբ հիմնավոր ինչ-որ բան ես ասում, քննադատում ես՝ նորմալ է:

– Ուզում եք ասել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները դեմագոգիայով էի՞ն զբաղված, իրենց անազնիվ էի՞ն պահում:

– Անազնիվ պահվածքից, անազնիվ, այլ բառերից ու որակումներից զերծ կմնամ:

– Կմասնավորեցնե՞ք ի՞նչն էր անազնիվ. խաղի ա՞յլ կանոններ էին պայմանավորված…

– Ոչ: Պարզապես եթե դու գիտես, որ կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է եւ այդտեղ թվերը պետք է շատ չլինեն՝ դա ոչ բյուջե է, ոչ կարճաժամկետ ծրագիր, այնտեղ պետք է ուղենիշներ լինեն, եւ անընդհատ ասում ես՝ թիվ չկա, թիվ չկա… նույնն է, որ ասես՝ ինչո՞ւ կոշիկը շոր չէ: Որովհետեւ կոշիկը կոշիկ է, շորը՝ շոր:

– Լավ, ունենք այսպիսի իրավիճակ. ասում եք կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, այնտեղ թվեր ճիշտ է, որ չկա, դրանք բյուջեում պետք է լինեն, բայց 2019-ի բյուջեն էլ արդեն ընդունվել է եւ հենց վարչապետն այն իներցիոն որակեց: Այսինքն, 2019-ի համար այս կառավարությունն ու իշխանությունը պատասխանատվություն ստանձնո՞ւմ են, թե՞ այս հատվածը բաց է մնում:

– Ոչ, բաց չի մնում, պատասխանատվություն ստանձնում ենք: Կառավարությունը հնարավորություն ունի իր որոշումներով բյուջեում վերաբաշխումներ անելու: 2019-ի բյուջեն կառավարությունը հանգիստ կարող է բերել եւ համապատասխանացնել այն ուղենիշներին, որոնք ինքը դրել է ծրագրում:

– Հրանտ Բագրատյանը քննադատելով կառավարության ծրագիրը, ասել էր՝ այդ ծրագրում «ինչ կոնկրետ է՝ ճիշտ չէ, ինչ ճիշտ է՝ կոնկրետ չէ»:

– Ես չեմ ցանկանում մտնել մասնագիտական բանավեճի մեջ, ես տնտեսագետ չեմ, բայց ես հաստատ կարող եմ ասել, որ պարոն Բագրատյանը քաղաքական մանիպուլյացիա է անում: Դա էլ նորմալ է:

– Թեպետ իշխանությունը պնդում է, որ տնտեսական հեղափոխության ծրագիր է իր ծրագիրը, բայց նաեւ մեկնաբանություններ եղան, որ այս ծրագրից տպավորություն է, թե կառավարությունում գիտակցում են, որ իրենք ժամանակավոր իշխանություն են:

– Այդ մտահոգներին պետք է հիասթափեցնենք այն պարզ իրողությամբ, որ կառավարությունը որքան է մնալու՝ որոշողը ՀՀ քաղաքացին է, ով իշխանության տերն է՝ իր քվեարկությամբ: Բնական է, միանգամից թոշակներ չենք կարողանալու բարձրացնել, բազմաթիվ սոցիալական հարցեր միանգամից չեն լուծվելու եւ հեղափոխական ոգեւորությունը նստելու է. իրենք մտածում են, որ դա իրենց հնարավորություն է տալու վերադառնալու: Չարաչար սխալվում են: Իրենք այլեւս անցյալ են եւ որքան շուտ այդ մարդիկ համակերպվեն իրենց անցյալ եւ վատ անցյալ լինելու հետ, այնքան իրենց համար լավ, որովհետեւ կկարողանան շարունակել ապրել իբրեւ սովորական քաղաքացիներ:

Երբ 1998-ին հեղաշրջում եղավ եւ ՀՀՇ-ին զրկեցին իշխանությունից, երկու տարի ՀՀՇ-ական գործիչները՝ մեզ՝ լրագրողներիս, անընդհատ ասում էին՝ հիմա հետ ենք գալու. ռուսները էսպես կանեն, արեւմուտքը՝ էնպես կանի, սա կլինի, նա կլինի…ու մենք հետ կգանք: Իրականում, իրենք էլ չէին հասկանում, որ իշխանությունն իրենցից խլելն այդքան հեշտ եղավ, քանի որ իրենք ժողովրդից կտրվել էին: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդից չկտրվենք: Կան խնդիրներ, որոնցով այսօր մեզ դիմում են ու մենք դրանք այսօր չենք կարողանալու լուծել: Դժգոհություններ են լինում եւ այլն, բայց վաղը մենք լուծելու ենք այդ խնդիրները: Կարեւորը մեր մղումն է՝ մենք չենք եկել հարստանալու, չենք եկել անձեռմխելիություն ձեռք բերելու եւ բիզնես անելու: Մենք եկել ենք խնդիրներ լուծելու. այսօր ինչ կարողացել ենք՝ լուծել ենք, վաղն ավելին ենք անելու:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728