ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ նորից ասաց, որ կառավարության ծրագիրն իրագործելու համար պետք է փող, հակառակ դեպքում տնտեսական հեղափոխություն չի լինի:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տնտեսական հեղափոխության համար պետք է լինել տնտեսական ակտիվիստ, ԲՀԿ-ի պատգամավորները պատրա՞ստ են տնտեսական ակտիվիստ լինել՝ Մելքումյանը պատասխանեց. «Ես, որպես տնտեսագետ, պիտի ասեմ, տնտեսական հեղափոխության համար իրավական որեւէ ձեւակերպում ստանդարտ օրենք չկա: Բայց բոլորս էլ հասկանում ենք, մենք լուսնից չենք իջել, տնտեսական հեղափոխություն նշանակում է կտրուկ փոփոխություն իրերի մեջ: Ժողովուրդը պետք է իր մաշկի վրա շատ արագ դա զգա, բայց մենք իրատես ենք՝ արագ իր մաշկի վրա զգալու համար պետք են խոշոր ներդրումներ, ՀՀ-ն կարո՞ղ է տարեկան նվազագույնը 2,5-3 մլրդ դոլար կլանի եւ տեղաբաշխի»: Նա ասաց, որ եթե այդ խնդիրը լուծվի, այլ խնդիր է առաջանում, երբ այսքան փող է մտնում տնտեսության մեջ, հարված է լինում բանկային բիզնեսին ու ֆինանսական կայունությանը: Նա ասաց. «Մենք համոզված ենք, որ առանց մեծ ներդրումների, ՀՀ-ում տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: ՀՀ տնտեսությունում պիտի կապիտալիզացիա տեղի ունենա»:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն այց կատարեց ՌԴ, կարելի՞ է ենթադրել, որ ներդրումներ է բերելու՝ ՀՀ-ում տնտեսական հեղափոխության համար՝ Մելքումյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը իր անելիքն անելու է՝ հանդիսանալու է կամուրջ՝ խոշոր ներդրողների ու տնտեսական հեղափոխության»:
Հարցին՝ երբ կառավարության ծրագրում թվեր չկան, ընդդիմությունը ո՞նց է ստուգելու՝ կառավարությանն իրագործե՞ց իր ծրագիրը, թե՞ ոչ:Մելքումյանը պատասխանեց, որ ոչ թե թիվ իսպառ չկա, այլ գոնե 5 թիվ կա:
ՀԱԿ-ը առաջարկել էր անցում կատարել կիսանախագահական համակարգի եւ մեկ տարվա մեջ ընտրություններ անցկացնել, դուք համաձա՞յն եք դրան՝ Մելքումյանը պատասխանեց, որ չեն քննարկել:
Մելքումյանը նաեւ հերքեց Ծառուկյանի՝ Պուտինի հրավերով ՌԴ մեկնելու եւ Էդուարդ Բաբայանի գործը կարճելու միջեւ կապը, մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ