Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր». Այսօրվա կառավարության առաջնային խնդիրն է՝ ազգային շահերի դիրքից իրավաքաղաքական գնահատական տալ մեր 100-ամյա անցյալին

Փետրվար 18,2019 11:58

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

18 փետրվարի 2019 թ.                                                   Երևան

Թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ 1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբությունն ազգային արժանապատվության և պետականություն ունենալու իրավունքի վկայական է:

Փետրվարյան ապստամբությունը նաև ապացույց է, որ հայության Սարդարապատյան հաղթանակները ոչ թե պատմական պատահականություն էին, այլ ազգին բնորոշ առաքինի հատկանիշների օրինաչափ դրսևորումների արդյունք:

Փետրվարյան ապստամբությունը, նույնիսկ պարտված լինելով, կուտակեց և պահպանեց Սարդարապատյան հաղթանակներով վերստեղծված պետականության հաջորդ վերածննդի լիցքն ու ռեսուրսը:

Փետրվարյան ապստամբությունը ռազմաքաղաքական և իրավաքաղաքական առումներով ամբողջացրեց և ամրագրեց Լեռնահայաստանի հերոսական ոգորումի իմաստն ու նպատակադրումը՝ լինելու և մնալու Հայկական պետականության կազմում: Որովհետև այս պոռթկման ամենակարևոր արդյունքը Զանգեզուրի փրկվելն էր. այն չտրվեց Ադրբեջանին և մնաց որպես Հայաստանի մաս, ինչի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր սահմանը Իրանի հետ, ճեղքեց թուրքական շրջապատման վտանգը, հնարավորություն ստացավ 70 տարի Խորհրդային Միության կազմում գոյատևելու միութենական հանրապետության կարգավիճակով, իսկ 1991 թ. Խորհրդային Միության լուծարումից հետո ստանալու անկախություն և դառնալու միջազգային իրավունքի սուբյեկտ:

Փետրվարյան ապստամբությունը՝ Լեռնահայաստանի հերոսամարտի հետ միասին, ցույց տվեց, որ 1-ին Հանրապետությունն ամենևին էլ դատապարտված չէր, եթե դրանց բովանդակությանն ու տրամաբանությանը համահունչ կերպով մշտապես առաջնորդվեր ընդվզման ոգով ու վճռական մենակի հոգեբանությամբ և արմատախիլ աներ բոլշևիկյան վարակը:

Բոլշևիկությունն արմատախիլ անելու հրամայականը խիստ արդիական է նաև այսօր: Մեզանում դեռևս կենսունակ բոլշևիկության հետևանքով էր առաջացել Փետրվարյան ապստամբությունը ծնած իրավիճակի կրկնության սպառնալիքը և այն կանխելուն էր ուղղված Սասնա Ծռերի 2016 թ. հուլիսի 17-ի ապստամբությունը:

Այդ հրամայականը կյանքի կոչելու համար Փետրվարյան ապստամբության արժանապատիվ ու ընդվզող հետնորդ մեր ժողովուրդը կարիք ունի իրեն արժանի առաջնորդության և համախմբման:

2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզման շնորհիվ այդ պատվավոր ու պատասխանատու  առաքելությունը ստանձնելու հրամայականին դեմ հանդիման հայտնված այսօրվա կառավարության առաջնային խնդիրն է՝ ազգային շահերի դիրքից իրավաքաղաքական գնահատական տալ մեր 100-ամյա անցյալին, ջախջախել ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքի վերածվող 5-րդ շարասյունը, երկիրը մաքրել բոլշևիկյան վարակից և նոր էջից կազմակերպել պետականության վերակերտումը:

«Սասնա ծռեր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728