Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի հեղինակային իրավունքի գործը երկրորդ ատյանում էլ ավարտվեց

Փետրվար 18,2019 12:30

Գարեգին Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավորներ Նաիրա Մարգարյան, Անի Մխիթարյան, Արսեն Մկրտչյան կազմով, Գարեգին Ղազարյանի բողոքի քննությունն օրեր առաջ ավարտեց՝ հրապարակելով վճիռը:
Գարեգին Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանի դեմ` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության, հեղինակային իրավունքի պաշտպանության՝ հեղինակային իրավունքի գրանցումը չեղարկելու, ոչ նյութական վնասի դրամային հատուցման եւ գումար բռնագանձելու պահանջների մասին, ինչը մասնակի բավարարվել էր:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մասնակի բեկանեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. մարտի 21-ի վճիռը, 73.830 ՀՀ դրամ գույքային վնասի հատուցման պահանջի մասով գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության, որոշման պատճառաբանական մասում նշված ծավալով:

Վիճարկելով 2017թ.-ին լույս տեսած «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի հեղինակային իրավունքի, պատվի, արժանապատվության, առաջին ատյանի դատարանի վճիռը, հայցվորը գրքի «հեղինակ», պատասխանող Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանի մասին գրել էր. «Թերարժեքության բարդույթով փոթոթվող սայլուկի (բրբ՝. թեթեւամիտ) անզուսպ մտագարություն (մանիա)՝ սեփական ջարդուխուրդ(վ)ած սայլը ամեն գնով կցել-կցմցելու Հասան-Ջալալյանների շքեղ կառքին: Ահավասիկ՝ նույն ինքը սեփական գրագողությունների, բանաքաղությունների եւ արտագրությունների հաստափոր արգասիքը վերնագրել է «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները»: Այնինչ ռուսերեն, անկետադիր իմաստազրկմամբ, սեւով սպիտակի վրա նախագրել է՝ «Династия Асан-Джалалянов Светские», իսկ անգլերեն՝ «The dynasty of Hasan-Jalalyan…» (այստեղ էլ հոգնակիակերտ մասնիկն «ուտելու»՝ մի ուրիշ կարգի անգրագիտությամբ. պետք է լիներ «Hasan-Jalalyans»): Ասել թե՝ հայերեն հետթարգմանելուց ստանում ենք անհամեմատ «զիլ»՝ արտասահմանյան «պրեստիժ մակնիշի» ու համակողմանիորեն գրավիչ պատվատիտղոս. տառացի՝ «Հասան-Ջալալյանների դինաստիան», առավել հայեցի՝ «հարստությունը», կամ, լայն իմաստով՝ «ազնվատոհմը», որի թեկուզ անարժանից էլ անարժան, բայց՝ ներկայացուցիչ կոչվելու չնչին հիմքեր, ինչպես դեռ կլիահամոզվեք, պատասխանողը չունի»: Արդյոք արտահայտվածն ավելի մեղմ չէր, քան կատարված արարքը՝ ենթադրյալ գրագողությունը:

Վերաքննիչ դատարանն իրավական գնահատականներ բաժնում այդ կապացությամբ հղում էր կատարել ՀՀ վճռաբեկ դատարանի վիրավորանքի եւ զրպարտության գործերից մեկով դատարանի դիրքորոշմանը, նշելով. «Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել եւ ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տես՝ «Պեդերսենը եւ Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով» Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տես՝ «Ռիզոսը եւ Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով» Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45): ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար: Այդուհանդերձ, օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեեւ բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում եւ իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձեւակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ եւ տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ»:

Հիշեցնեմ, որ վիճարկվող վճռով, Գարեգին Ղազարյանի հայցն ընդդեմ Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանի` բավարարվել էր մասնակի, այդ դեպքում դատարանը ճանաչել էր Գարեգին Ղազարյանի հեղինակային իրավունքը «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի անձնանունների եւ տեղանունների ցանկերի նկատմամբ եւ պարտավորեցրել էր Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանին սույն վճիռն օրինական ուժ ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, իր մոտ պահպանված գրքերում, որպես անձնանունների եւ տեղանունների ցանկերի կազմող առանձին թերթիկի տեղադրման (փակցման) միջոցով նշել Գարեգին Ղազարյանի անուն-ազգանունը (Գարեգին Ղազարյանին, որպես ցանկերի կազմող, նշել գրքի հրատարակման կամ վերահրատարակման պարագայում եւս) ամբողջությամբ:

Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած Ստեփան Հասան-Ջալալյանը ներկայացնելով քաղաքացիական գործի նախապատմությունը եւ կատարելով մեջբերումներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2018 թվականի վճռից, նշել էր, որ «հայցվորի կողմից չեն հիմնավորվել վիրավորանքի եւ զրպարտության նյութական իրավունքի պահանջները»:

Ըստ նրա, «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» վերնագրով գրքի հրատարակմամբ ինքը հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով որեւէ եղանակով չէր կարող հրապարակային արտահայտություն անել, ինչպես նաեւ հայցվորի վերաբերյալ հրապարակային ձեւով ներկայացնել փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ կարող էին արատավորել նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Գրքում որեւէ անդրադարձ չկա հայցվորին: Հայցադիմումում հայցվորի կողմից չի ներկայացվել իր կողմից կատարված որեւէ «արտահայտություն» արտահայտված խոսքով կամ պատկերի միջոցով, կամ ձայնային, կամ ժեստային արտահայտությամբ, ինչն ինքնին փաստում է, որ ներկայացված բողոքն առարկայազուրկ է եւ հետեւաբար ենթակա է մերժման»:

Պատասխանողն անդրադառձել էր նաեւ հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար հայցվորի վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում վճարելու պահանջին՝ նշել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այդ պահանջը համարել է առարկայազուրկ՝ «քանի որ Քաղաքացիական օրենսգրքով նման պահանջ չկա»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728