Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմարների նավակից» մինչեւ քաղաքականություն

Փետրվար 18,2019 12:00

Բոլոր ժամանակներում արվեստագետների մոտ եղել են ստեղծագործական դադարի շրջաններ, որոնք երբեմն տարիներ են տեւել, օրինակ՝ Արշիլ Գորկին մի քանի անգամ տարբեր պատճառներով է ապրել նման վիճակներ՝ անձնական, եղեռնի հետ կապված եւ այլն: Այդպիսի ժամանակներ են ունեցել Վան Գոգը, Ռեմբրանդտը եւ ուրիշներ: Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ ստեղծագործական դադարից վերադառնում է քանդակագործ Էդգար Գրիգորյանը: Ժամանակին, եթե չենք սխալվում՝ 2006թ., նրա երեք տարիների ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող առաջին ցուցահանդեսը երկար ժամանակ խոսակցությունների առիթ էր, հատկապես շեշտվում էր թրծակավից քանդակագործի «Հիմարների նավակը» շարքը: Այն խորհրդանշական 5 դիմաքանդակից էր բաղկացած, որ ներկայացնում էին երեք ոլորտ՝ քաղաքական, հոգեւոր եւ արվեստի: Նավակում տեղադրված էր նաեւ բրոնզե հայելի, ինչը այցելուին հնարավորություն էր տալիս իրեն զգալ երեք ոլորտներից մեկում:

Մեր զրուցակցին խնդրեցինք «բացատրել» «Հիմարների նավակը» աշխատանքը: «Մի շրջան տարված էի 16-րդ դարի հոլանդացի նկարիչ Բոսխի արվեստով, որին համարում եմ սյուրռեալիզմի հայրը, եւ նա իր գործերով փշրեց ընդունված կրոնական կարծրատիպեր: Նրա աշխատանքներում պարզ երեւում էր քննադատությունը, նաեւ ծաղրը,- ասաց Էդգարը եւ սահուն «անցում կատարեց» շուրջ 10 տարիների իր ստեղծագործական լռությանը,- փաստորեն այն, ինչ ես տեսնում էի Բոսխի գործերում, շատ նման էր մեր ապրած իրականությանը: Բայց կատարվեց հեղափոխություն, ինչը նշանակում է, որ փշրվեցին մեր հասարակության մեջ արմատացած սովորույթներ, երեւույթներ, մտածելակերպ: Դժվարանում եմ խոսքերով փոխանցել ասելիքս, բայց ի վերջո մեր հասարակությունը հասկացավ, որ ի՛նքը կարող է տնօրինել իր կյանքը, ապրել այնպես, ինչպես ի՛նքն է պատկերացնում…»:

Հարցին՝ արդեն ամբողջովին հաղթահարե՞լ է ստեղծագործական լռությունը եւ ի վերջո ի՞նչն էր դրա պատճառը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Լռությունս հաղթահարել եմ… Այն, ինչ ստեղծագործում էի, արդեն հնացած էր… Իմ հայացքները արվեստիս ու անելիքիս նկատմամբ տարիների դադարի ընթացքում մոդեռնացում են ապրել: Հիմա իմ ուսումնասիրության առարկան մեր օրերի մարդն է, հենց թեկուզ իր վիրտուալ աշխարհով: Ավելի պարզ ասեմ. հիմա մարդիկ արդեն արտահայտվում են ազատ, առանց կաշկանդվելու, էլ չխոսենք վախի մթնոլորտի մասին…»: Քանդակագործը հավելեց, որ աշխարհը փոխվում է ոչ թե րոպեների, այլ վայրկյանների ընթացքում եւ իր ձեւակերպմամբ՝ ժամանակակից արվեստն էլ այնքան բազմազան է ու բազմաբովանդակ: Նա ասաց, որ աշխատում է «Սեւ արկղ» քանդակի վրա ու մանրամասնեց. «Խոսքը հենց վթարային արկղի մասին է, որտեղ տեղադրված աուդիո սարքից դուրս եկող ականջակալից այցելուն կարող է լսել թաքնված տեղեկատվությունը, ինֆորմացիան: Կոնկրետ այս դեպքում խոսքը խորհրդային տարիների հոգեբուժական հիմնարկներում գտնվող հիվանդների զրույցն է տարբեր թեմաներից, նաեւ քաղաքականությունից: Նրանցից մեկը, որ տառապում է շիզոֆրենիայով, հարցնում է՝ ի՞նչ պետք է անի մարդը, որ երջանիկ լինի… Մի հիվանդ էլ փորձում է ապացուցել, որ սպիդը առաջացել է ԿԳԲ-ի նկուղում եւ այլն»:

Հետաքրքրությանը՝ ե՞րբ «կհանդիպենք» «Սեւ արկղին» եւ մյուս նոր քանդակներին, Էդգար Գրիգորյանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ չեմ մտածում… Կուզեի լիներ հանդիսատեսի կամերային կազմ՝ ընկերներ, համախոհներ, գործընկերներ»:

Վերադառնալով «Հիմարների նավակին», կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ հայտնի այդ աշխատանքում ո՞ր կերպարում է տեսնում իրեն: Պատասխանը կարճ էր՝ քաղաքական գործչի:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝

«Հիմարների նավակ» շարքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728