Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական ժամանակակից պատմվածքները՝ հայերենով

Փետրվար 18,2019 11:30

«Էդիթ-պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել մի հետաքրքիր գիրք, որը չինական պատմվածքների ժողովածու է։ Գրքի տպագրությանն աջակցել է Հայաստանում Չինաստանի դեսպանությունը եւ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը։ Նախաձեռնությունը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի կողմից է։ Նա էլ կազմել է գիրքը եւ պատասխանատու խմբագիրն է: Մեր թղթակիցը նրան խնդրել է ներկայացնել գրքի ստեղծման պատմությունը եւ բովանդակությունը.

– Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան հետ համատեղ՝ շարունակում ենք հայ ընթերցողին ներկայացնել չինական գրականությունը: Արդեն հայ ընթերցողի սեղանին են դրվել չինական հեքիաթների, առակների, պոեզիայի հրատարակությունները:

Այս անգամ էլ հայերեն են դարձել չինական ժամանակակից պատմվածքները: Դրանք միջնորդավորված լեզվի՝ անգլերենի օգնությամբ հայերեն են թարգմանվել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի՝ թարգմանություններով մասնագիտացող ուսանողների ուժերով՝ անգլերենով հաղորդակցման եւ թարգմանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Սողիկյանի եւ դասախոս Աննա Թումասյանի գլխավորությամբ՝ հայերենով ընթերցողներին պարգեւելով 34 հեղինակի գողտրիկ, հետաքրքիր ու գրավիչ պատմվածքներ: Ի դեպ, պատմվածքների ժողովածուի ընտրության գործում մեզ աջակից է եղել Կոնֆուցիուսի հայաստանյան կենտրոնը՝ տնօրեն Յան Մեյխուայի գլխավորությամբ՝ մեզ առաջարկելով ժամանակակից չինական կարճ պատմվածքների մի ժողովածու, ուր իրենց արտացոլումն են գտել Չինաստանում վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում կատարվող կյանքի փոփոխությունները: Այս առթիվ ահա թե ինչ է նկատում անգլերենով լույս տեսած ժողովածուի նախաբանի հեղինակը՝ Զաո Լիհոնգը.

«Տնտեսական աննախադեպ զարգացման արդյունքում զգալի փոփոխություններ նկատվեցին ինչպես սոցիալական ոլորտում, այնպես էլ՝ մարդկանց կյանքում: Այդ ժամանակաշրջանում չինացի գրողներն ազատվեցին երկաթե կապանքներ դարձած կարծրատիպերից՝ տարբեր կերպ դրսեւորելով իրենց գրական ստեղծագործական տաղանդը: Արդյունքում՝ մեծ թվով գլուխգործոցներ ստեղծվեցին, որոնք դարձան այդ 30 տարիների ընթացքում Չինաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունների վառ ապացույցը: Ուստի մեծ ջանքեր է պահանջում չինական գրական ստեղծագործությունների հավաքագրումը, որը նման է անծայրածիր տիեզերքից աստղեր իջեցնելուն կամ բացված ծաղիկների ծոցում կոկոններ փնտրելուն»:

Իհարկե, չինական կյանքի դարակազմիկ փոփոխություններն իրենց հետ պետք է բերեին գեղարվեստական արտացոլման նոր վիճակ եւ մակարդակ, մանավանդ որ այդ գրականությունը՝ պատմվածքների տեսքով, ընդգրկում է ողջ երկիրը, տարբեր տարածաշրջանները՝ միմյանցից տարբերվող բնաշխարհով, բնակատեղիներով, դրանցում ապրող ազգային բազմազանություն ունեցող մարդկանցով: Ամենակարեւորն այն ոգին է, որ արտահայտում են բազմաթիվ հեղինակներ իրենց կարճ պատմվածքներում: Կրկին մեջբերենք գրքի նախաբանի հեղինակ Զաո Լիհոնգի դիտարկումներից եւս մեկ հատված.

«Այս գրքում զետեղված կարճ պատմվածքներն ընտրված են Չինաստանում 30 տարիների ընթացքում հրատարակված հանրածանոթ գրական հանդես «Շանհայ Լիթրիչըր»- ից: Այս հոյակապ պատմվածքների հեղինակները ծագումով Չինաստանի տարբեր շրջաններից են: Ոմանք հայտնի եւ ազդեցիկ գրողներ են, մինչդեռ մյուսները՝ երիտասարդ եւ խոստումնալից: Հրատարակության օրվանից ի վեր՝ այս գրքի բավականաչափ ստեղծագործություններ լայն տարածում են գտել՝ առաջացնելով համաժողովրդական արձագանքներ: Կոնկրետ ժամանակահատվածում դրանք ծառայում էին որպես նմուշ կամ ոգեշնչում էին որոշ սկսնակ գրողների՝ ձեռք բերելու իրենց համբավը: Այս կարճ պատմվածքներն իրարից տարբերվում են բովանդակությամբ: Դրանք գրված են յուրահատուկ գեղարվեստական ոճով եւ պատկերում են Չինաստանի աշխույժ կյանքը՝ իր գույներով: Վերջին 30 տարիների ընթացքում մի շարք գրական ուղղություններ, ինչպիսիք են՝ «ներբողը», «ազգային գրականությունը», «պիոներ գրականությունը» եւ «նեոռեալիստական գրականությունը», մեկը մյուսի հետեւից ծաղկում էին ապրում չինական գրականության ժանրում»:

Հեղինակները, ունենալով չինական հարուստ գրականության ազդեցությունը, իրենց գեղարվեստական ուղերձներում ձգտել են համամարդկային արժեքների ու փորձել ներկայացնել տարբեր կերպարներ՝ մի կողմից անցյալի լավագույն դրսեւորումներից, մյուս կողմից՝ ժամանակակից մարտահրավերներից սնվող: Եվ պատահական չէ, որ հեղինակները եւ իրենց հերոսները փնտրում են մարդկային իրական կենսակերպին բնորոշ այնպիսի դրվագներ, իրավիճակներ, առանց որոնց դժվար է պատկերացնել համամարդկային լինելիությունը եւ արժեքները: Եվ սա բնորոշ է համարյա թե բոլոր պատմվածքներին՝ «Բարձրահասակ կինը եւ նրա ցածրահասակ ամուսինը», «Երկնքի տակ», «Հին ջրհորը», «Ցամաքած կիրճը», «Թաոթաո նորեկ վանականը», «Խոտերի մեջ», եւ այսպես շարունակ:

Ամեն մի պատմվածքի ասելիքը եւ ոգին այնպիսին է, որ առաջին իսկ տողերից կարծում ես, թե դա մտերմիկ զրույց է ընթերցողի հետ, եւ պատահական չէ, որ առանձին հեղինակները պարզ ու անկեղծ են, անգամ իրենց նկարագրություններում ունեն բաց տեսարաններ՝ դրանցում տեղավորելով իրենց ասելիքի մի մասը: Թերեւս այս է պատճառը, որ ժողովածուում տեղ են գտել 8 այդպիսի պատմվածքներ, որոնցում հեղինակները չեն թաքցնում այն իրականության ամբողջականությունը, որը ցանկացել են կերտել իրենց ստեղծագործությունում:

Գրի առավ ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

16.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728