2019 թվականի փետրվարի 16-ին Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամի (AFFA), Մասիսի Զարգացման Հիմնադրամի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Մասիսի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Արարատի մարզի շախմատի պատանեկան առաջնության բացման արարողությունը: Նույն օրը մեկնարկեց առաջնության առաջին տուրը, որի ժամանակ Մասիսի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանը նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել Արարատի մարզի պատանիների առաջնությունը Մասիս քաղաքում, և հույս հայտնեց, որ շախմատային այս իրադարձությունը մեծ խթան կհանդիսանա Մասիսում շախմատի զարգացման համար։
Մրցաշարի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը, Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սևակ Ավոյանը, Մասիսի Զարգացման հիմնադրամի մարզական տնօրեն Արման Պետրոսյանը, շախմատի ֆեդերացիայի Արարատի մարզի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը, Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանը և այլ հյուրեր։
«Իրականում այսօր տոն է երեխաների համար, քանի որ վստահ եմ նրանք անհամբերությամբ են սպասել այս մրցաշարին: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր հնարավորություններ են ստեղծում, որ մեր երեխաները զարգացնեն իրենց ունակությունները,-ասաց Սմբատ Լպուտյանն ու շնորհակալություն հայտնեց Տիգրան Առաքելյանին Մասիսի երիտասարդական կենտրոնում նման հարթակ ստեղծելու համար, որից հետո նշեց,- մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր երեխաները կարողանան ստեղծագործել և զարգացնել իրենց ունակությունները:
Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ վիճակահանությունը, այնուհետ մեկնարկեց մրցաշարի առաջին տուրը։
Նշենք, որ վերջին անգամ նման առաջնություն մարզում անցկացվել է 8 տարի առաջ:
Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:
Հիմնադրամը ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը, որը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման, տաղանդի և ընդունակությունների բացահայտման յուրահատուկ հարթակ է: Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և կամավորություն: Ներկայումս կենտրոն է այցելում մինչև 18 տարեկան 120 երեխա:
Ալվարդ Հարությունյան, Մասիսի զարգացման հիմնադրամի մամուլի բաժնի պատասխանատու