Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում են ցեխ շպրտել մեզ վրա, մրոտել». Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու

Փետրվար 17,2019 22:54

«Իրավիճակը նորմալ է, ընդհանուր եղել է վերահսկողության տակ, քանի որ մենք թեկնածուների հետ պայմանավորվածություն ենք ունեցել, որ լարվածություն չլինի. ընկերական հարաբերություններ ենք ունեցել, որ ժողովրդի մեջ էլ լարվածություն չեն տարածելու, ամեն մեկն ազատ է ընտրել իր նախընտրած թեկնածուին»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանը:

Մեզ հետ զրույցում Կարեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ իրենց վստահված անձինք հայտնել են, որ ընտրատեղամասերում դեռ քվեաթերթիկներն են հանվում, որին կհաջորդի ձայների հաշվարկը:

Կարեն Սիմոնյանին հիշեցրինք այն, որ Ակունքի թիվ 21/09 տեղամասում միջադեպ էր տեղի ունեցել իր եղբոր, իր վստահված անձի՝ Էրիկ Սիմոնյանի և համայնքի ղեկավարի թեկնածու Նորայր Հայրապետյանի միջև։ Այս առիթով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պարզաբանեց. «Վստահված անձն իմ եղբայրն է: Թեկնածուն օրենք է խախատել, մտել ներս, ինչի իրավունքը չունի: Եղբայրս դուրս է հրավիրել, որից հետո ինքը շանտաժի ձևով մեզ վրա փորձել է ցեխ շպրտել: Մյուս եղբայրս էլ փոխոստիկանապետն է:  Մի փոքր բանավեճ է եղել: Բայց ոչ ընտրախախտում, ոչ մի ավելորդություն չի եղել. ընտրություններն անցել են առանց ցնցումների»:

Կարեն Սիմոնյանը ընտրողների մասնակցությունից գոհ է: Այս համայնքում, ըստ ԿԸՀ տվյալների, 60.14 տոկոս մասնակցություն է գրանցվել:

Մեր հիշեցմանը՝ Ակունք համայնքի նախկին ղեկավար, համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Ղազարյանը մտահոգություն ունի, որ ակունքցին հետքայլ է անում, քանի որ գաղափար չի ընտրում, Կարեն Սիմոնյանը պատասխանեց. «Համամիտ չեմ Սպարտակ Ղազարյանի տեսակետի հետ: Նա  երկար տարիներ պաշտոնավարել է որպես համայնքի ղեկավար, ու այդ տարիներին լուրջ խնդիրներ է ունեցել համայնքը: Գիտեմ՝ մեր հայ ժողովուրդն իմաստուն է, իր ճիշտ գնահատականը կտա այսօր՝ անկախ ամեն ինչից, թե ով է լինելու հաղթողը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728