Լրահոս
Օրվա լրահոսը

Քեռուս մատուցած անակնկալը (պատմվածք)

Փետրվար 17,2019 22:49

Քեռուս մենք չէինք տեսել և ճանաչում էինք նրան միայն նրա լուսանկարներով, որոնք խնամքով պահպանում էր մայրս իր ալբոնում: Նրա մասին մայրս շշուկով էր խոսում, քանի որ այդ ժամանակներում քեռիս ընտանիքի հետ գտնվում էր Ալթայի երկրամասի աքսորավայրերից մեկում: Նրան եռեսունականների վերջում այնտեղ էին աքսորել այն «հանցագործությունների» համար, որ նա Դաշնակցական կուսակցության անդամ էր եղել ու նաև «կուլակի» որդի:

Ժամանակները փոխվեցին, «Մեծ Առաջնորդի» մահից հետո քեռուս  արդարացրին և նա ընտանյոք հանդերձ վերադարձավ Հայաստան:

Քեռիս բավականին կրթված, կարդացած, զարգացած ու շատ ազգասեր մարդ էր:

Մենք այնքան էլ հաճախ չէինք նրա հետ զրույցի բռնվում, քանի որ նա քիչ էր այցելում իր բարեկամներին, իսկ մենք էլ հաճախ չէինք նրանց տուն գնում:

Բայց երբ հանդիպում էինք, նա բարի ժպիտով մեզ հետ զրույց էր անում, հարցնում մեր դասերից կամ աշխատանքից: Մենք էլ առիթը բաց չէինք թողնում ու  հարցնում աքսորականի կյանքից կամ էլ՝ 1918 թվականին իրենց կատարած հեղափոխության և Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման մասին:

Մի անգամ էլ, երբ մենք աշխույժ զրուցում էինք, ես ժպտալով նրան ակնարկեցի.

-Ա՛յ, քեռի ջան, չկարողացաք ձեր անկախացրած Հայաստանը պահպանել, հիմա մենք էլ մի կարգին պաշտոնի կլինեինք, դիրք կգրավեինք մեր պաշտոնյա քեռու օգնությամբ:

Նա երկար մտածեց, քթի տակ ժպտաց, կապույտ աչքերը հառեց վրաս ու ասաց.

-«Ղուռումսաղ», հերդ թողեց, որ անկախ մնայինք:

Իհարկե, մինչև հիմա էլ ես ճշգրիտ չգիտեմ, այդ արտահայտության, երևի թուրքերեն բառի նշանակությունը, բայց հասկացա, որ դա այնքան էլ լավ բան չէր նշանակում:

Իսկ հայրս, իհարկե, այդ ժամանակ ընդամենը տասը տարեկան է եղել և ոչնչով չէր կարող դաշնակցականներին խանգարել իրենց անկախ հանրապետությունը պահպանելու գործում, սակայն նա հետագայում ակտիվ կոմերիտական և կուսակցական գործիչ էր դառել ժամանակի թելադրանքով:

Բայց ես նրա ակնարկից հասկացա, որ ի դեմս հայրիկիս նա նկատի ուներ կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը, որը խանգարել էր անկախ Հայաստանի գոյությանը:

Մայրիկիս պատմելով, չնայած նրան, որ հայրս ակտիվ կուսակցական էր եղել հետագայում, այնուամենայնիվ շատ էր օգնել քեռուս «կուլակաթափության» տարիներին ավելի քիչ նյութական կորուստներ կրելու, բայց անզոր էր գտնվել նրան աքսորից փրկելու գործում:

Քեռիս հատկապես շատ էր սիրում կարդալ հայ դասական գրողների գրքերը և ոչ միայն սիրում էր կարդալ դրանք մի քանի անգամ, այլ ամեն գնով ձեռք էր բերում նոր կամ հին հրատարակված հայոց մեծերի գրած կամ նրանց մասին հրատարակված գրքերը և օրեցօր հարստացնում էր իր գրադարանը:

Չափից ավելի հայրենասեր և ազգային արժեքները սիրող ու գնահատող անձնավորություն էր:

Մասնագիտությամբ նա հռչակավոր մեղվապահ էր:

Մի անգամ, երբ խոսում էինք մեղվապահության մասին, նա պատմեց, թե ինչպես է Ալթայի երկրամասում, եղանակային բարդ պայմաններում, զարգացրել մեղվաբուծությունը ու ամեն անգամ հորդորում էր իր հետ գյուղ գնալ ամառները և մեղվաբուծություն սովորել իրենից:

-Ա՛յ, տղա, քիչ էր մնում աքսորում ինձ Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչում շնորհեին,-ժպտալով ասաց նա,-ինչպիսի տաղանդավոր գլուխներ էին տառապում այդ աքսորավայրերում, էդ գազանը, զուրկ էր մարդկային հատկանիշներից:

Մենք հասկացանք, որ «էդ գազանը Ստալինն էր»:

Բայց, ցավոք սրտի, միայն թոշակի անցնելուց հետո մեծ եղբայրս սկսեց մեղվաբուծությամբ զբաղվել, երբ քեռիս արդեն վաղուց իր մահկանացուն էր կնքել:

Հերթական անգամ, երբ հյուր էի գնացել քեռուս, հրաժեշտի պահին, նա իր հարուստ գրադարանի գրքերից երկուսը բերեց ու ինձ նվիրեց, որոնց տիտղոսաթերթի վրա իր գեղեցիկ ձեռագրով  մակագրեց՝ «Սիրելի Փայլակին՝ իր քեռուց հիշատակ»:

Առաջին գիրքը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն էր, իսկ երկրորդը՝ «Հայոց պատմություն» հատորաշարից:

Ես, իհարկե, այդ գրքերը կարդացել էի, բայց գրադարանից էի վերցրել, հիմա նրանք իմ սեփականությունն էին դառնում և այն էլ՝ իմ հարգալից քեռու նվիրաբերումով:

Անցել էր երևի մեկ տարի, երբ քեռիս այցելեց մեր տուն: Նա հաճախ էր անակնկալ այցեր կատարում իր բարեկամներին, բայց մնում էր շատ կարճ ժամանակով՝ գրեթե ոչ մի անգամ չընդունելով հյուրասիրությունը: Ես արդեն ամուսնացել էի, ընտանիք կազմել ու զարմացա, որ նա այցելել է ինձ:

Նա դռնից ներս մտավ, բարևեց իր բարի ժպիտը դեմքին, անցավ  ճաշասենյակ, նստեց բազմոցին, խորը շունչ քաշեց ու ժպտալով ասաց.

-Իմ նվիրած պատմության գիրքը կբերե՞ս:

Ես անակնկալի եկա ու զարմացած հարցրի.

-Նվերդ հետ ե՞ս վերցնում:

-Ո՛չ, գիրքը բեր, հետո կասեմ:

Ես, շտապով մոտեցա գրապահարանին, այնտեղից երկյուղածությամբ վերցրեցի Հայոց պատմության գիրքը, բերեցի ու դրեցի քեռուս առջև, սեղանի վրա:

-Բաց …էջը:

Հիմա չեմ հիշում այդ էջի համարը, բայց այն ժամանակ ես զարմացա, թե ինչպես է նա հիշում այդ էջի համարը և արագորեն բացեցի նրա մատնանշած էջը ու նկատեցի, որ այնտեղ, մանր շրիֆտով գրված էին այն բոլոր հերոս վրիժառուների ու նրանց կողմից գնդակահարված թուրք դահիճների անունները և հատուցման գործողության իրականացման վայրերը…

-Խնդրում եմ, մի թղթի վրա արտագրի այս էջերը և տուր ինձ,- ասաց նա լուրջ դեմքով ու սպասողական դիրք ընդունեց:

Դե, այն ժամանակներում, համակարգիչ չկար, իսկ տպագրական մեքենա ես չունեի և ստիպված էի տետրի մի քանի էջերի վրա արտագրել այդ անունները:

-Կարգին, ընթեռնելի ձևով կգրես, ես չեմ շտապում,-ընթացքում զգուշացրեց նա:

Ես, իհարկե, գեղեցիկ ձեռագիր ունեի այն ժամանակ և ինչպես հարկն է, արտագրեցի և նրան հանձնեցի տետրի թերթերը:

-Ա՛յ, տղա, ինչ էլ լավ ձեռագիր ունես,- գովեց քեռիս, շնորհակալություն հայտնեց, արագ վեր կացավ տեղից ու տանից դուրս գալուց առաջ, ասաց,-հիշեցեք և հարգեցեք մեր հերոսների վառ հիշատակը, նրանցով է կանգուն մնում հայրենիքը:

Նա միշտ շտապում էր:

Ես նրան տուն ճանապարհեցի ու հետդարձին երկար մտածում էի, թե ինչպիսի մարդկանց է ցանկացել ոչնչացնել խորհրդային պետության առաջնորդը՝ «էդ գազանը»:

Իհարկե, աքսորյալներից մի մասին հաջողվել էր կենդանի մնալ, բայց ինչպիսի պայծառ գլուխների մեծ կորուստներ ունեցավ հայ ժողովուրդը նրա ժամանակ, որը դեռ չէր հասցրել ապաքինել Մեծ եղեռնի թողած վերքերը:

 

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728