«Ընտրություններն Ուրցաձորում անցան Նոր Հայաստանի համաձայն»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս են անցել ընտրություններն Ուրցաձորում, այսպես պատասխանեց Ուրցաձոր համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:
Նշենք, որ ըստ ԿԸՀ տվյալների՝ ժամը 17. 00-ի դրությամբ այս համայնքում գրանցվել է 63,03 տոկոս մասնակցություն: Ռաֆիկ Անդրասյանը ընտրությունների ընթացքը հանգիստ համարեց, վստահեցրեց՝ դրանք անցել են առանց խախտումների:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, Ռաֆիկ Անդրեասյանը պատասխանեց. «Ասել եմ ու ասում եմ՝ գերազանց: Երկու ժամից խմելու շորերը հագնում ենք, որ նշենք»: Մեր մյուս հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, համայնքի ղեկավարի թեկնածուն պատասխանեց. «Առաջնայինն այն էր, որ մեծամասնությունն էր ցանկանում: Ու միասին նման որոշում է կայացվել, որ ես առաջադրվեմ: Եթե որոշումը լիներ հակառակը, ես իմ կողմնակիցների կամքին հակառակ չէի գնա»:
Ըստ Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Կարեն Մանուկյանի՝ ընտրությունները խաղաղ են անցել նաև այս համայնքում: Այստեղ գրանցվել է 51.19 տոկոս մասնակցություն: Կարեն Մանուկյանն այս առիթով մանրամասնեց. «Մթնոլորտը հանգիստ էր: Մեր համայնքի բոլոր 12 ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք: Որևէ միջադեպ չի գրանցվել: Իսկ եթե մասնակցությունը համեմատենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված մասնակցության հետ, ապա պատկերը գրեթե նույնն է»: Կարեն Մանուկյանը վստահեցրեց՝ բոլոր թեկնածուների հետ նորմալ հարաբերությունների մեջ են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ