«Խնդիրը հարթված է. դիտորդը խմբագրել է իր գրառումը»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հանգուցալուծում ստացավ Նոր Գեղի համայնքի 28/2 տեղամասում գտնվող «Ականատես» դիտորդական խմբի ներկայացուցիչ Ծովինար Դանիելյանի և հանձնաժողովի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամի միջև միջադեպը, այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման պատասխանատու Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք՝ դիտորդ Ծովինար Դանիելյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել, թե «Նոր Գեղի գյուղում հանձնաժողովի անդամը ասում ա երկու կնիք տվեք արագ անեմ, հետո մի քանի անգամ չի դնում դրոշմանիշի վրա կնիքը ասումա, բայց էտ պարտադիր չի դիտորդի դիտարկմանն էլ պատասխանումա էտ էր մնացել սորոսի լրտեսները ինձ ասեն ես ոնց աշխատեմ: Ուրեմն էս հանձնաժողովի անդամը լավ չի ընկալել դասընթացը։ Ասումա հանձնաժողովը ինչ ուզի կարա անի, երբ ուր ուզի նստի, թքած վիճակահանության , սահմանված կանոնների վրա։ Դիտորդին էլ ասումա սրանք իրանց սորոսի փողերը մի տեղ պետքա ծախսեն թե չէ եկել են ուզում են կեղտ բռնեն։ Մեկ մեկ դասընթաց անցկացրեք էլի ու բացատրեք, որ ամենակարող չեն»:
Բացի այդ գնահատական էր տվել, թե «էս Լուսավոր Հայաստանցին մնացել է նախկին վարչակարգի տակ»: Հենց այս գրառումն է Ծովինար Դանիելյանը խմբագրել:
Դավիթ Խաժակյանն այս առիթով մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Դիտորդը համարել էր խնդրահարույց այն, որ հանձնաժողովի մեկ անդամը կատարել է մյուսի պարտականությունները՝ ժամանակավորապես: Ես խոսել եմ դիտորդի հետ և պարզաբանել, որ դա նորմալ աշխատանքային պրոցես է, երբ հանձնաժոովի մի անդամը դուրս է գալիս սնվելու, քվեարկելու, կամ վատ է զգում, կամ դուրս է գալիս իր կարիքները հոգալու, մյուսը կարող է փոխարինել: Դա նորմալ ընթացակարգ է: Դիտորդն իր գրառումը խմբագրել է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ