Փետրվարի 16-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդական Յան Հեքերի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման օրակարգի շուրջ՝ անդրադառնալով բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան լավ նախադրյալներ է ստեղծում հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար: Որպես կարևոր ուղղություն, ի թիվս այլոց, ընդգծվեցին բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը Յան Հեքերին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ