Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսանքազրկումներ Արմավիրի ընտրատեղամասերում, ընտրողների պիկեր՝ Վարդաշենում, օգնողների մեծ թիվ. ՏԻՄ ընտրությունների պատկերը՝ ըստ դիտորդների

Փետրվար 17,2019 15:40

Հոսանքազրկումներ, ոստիկանության խիստ հսկողություն, վստահված անձանց հետ կապված խնդիրներ

Aravot.am-ի հետ զրույցում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անդամ, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի անդամ Անտոն Իվչենկոն տեղեկացրեց՝ իրենք դիտորդական առաքելություն են իրականացնում Արմավիրի և Տավուշի մարզերում: Ժամը 15.00-ի դրությամբ առանձնապես արտառոց դեպքեր չկան, կոպիտ խախտումներ նույնպես չեն արձանագրել:

Դառնալով խնդիրներին՝ դիտորդն ասաց. «Կա խնդիր տեղամասերի մատչելիության հետ կապված, որը չի փոխվել ընտրությունների նշանակման օրվանից: Տեղամասերը չեն դարձել ավելի մատչելի, որոշ տեղամասերում նույնիսկ խոշորացույցներ առկա չեն, ինչի պատճառով բավականին բարձր օգնողների թիվ կա: Որոշ դեպքերում կարծում ենք՝ կան մարդիկ, որոնք ունակ են ինքնուրույն ընտրելու, բայց գալիս են օգնողների հետ: Փորձում ենք հասկանալ՝ այն մարդիկ, որոնք  գալիս են օգնողների հետ, արդյոք այդ օգնողները որևէ թեկնածուի հե՞տ են կապված, թե՞ ոչ: Այդ խնդիրը հիմնականում Արմավիրի մարզում է»:

Անտոն Իվչենկոն որոշ դիտարկումներ ներկայացրեց նաև Տավուշի մարզից. «Տավուշի մարզում՝ հատկապես Իջևանում, բարձր վերահսկողություն է ոստիկանության կողմից, ինչը կարծես թե լավ է, բայց ոստիկանության բազմաթիվ առկայությունը միգուցե կարող է լարվածություն առաջացնել: Կա տարածված  խնդիր վստահված անձանց հետ կապված. երբ գալիս է երկրորդ կամ երրորդ վստահված անձը, իրեն հեռացնում է հանձնաժողովի նախագահ, ինքը վերադառնում է, սպասում մուտքի մոտ, բարևում և ուղեկցում է ընտրողներին»:

Դառնալով ընտրողների ակտիվությանը՝ Անտոն Իվչենկոն համեմատեց. «Եթե Վարդաշենում լինում են ընտրողների պիկեր, և մասնակցությունը բարձր է, Արմավիրի մարզի գյուղերում՝ Նալբանդյանն ու Վարդանաշենը չհաշված, մասնակցությունը ցածր է: Գոնե հանձնաժողովականների կողմից բարձր մասնակցություն չի սպասվում»:

Դառնալով ընտանեկան քվեարկություններին՝ Անտոն Իվչենկոն նկատեց՝ այս ընտրություններին այդ երևույթները մեծ տարածում չունեն. «Մեր կանխատեսումն այն էր, որ գյուղական համայնքներում ընտանեկան քվեարկություններ պիտի շատ լինեն, ինչն այդպես չէ: 2017-ի ընտրությունների հետ համեմատ ընտանիքներով գալ ու քվեարկելն այդքան տարածված չի հիմա: Չգիտեմ՝ որքանով է հեղափոխության հետ կապված, բայց հիմա այդքան խմբակային քվեարկություններ չեն լինում: Սակայն տեղ-տեղ առկա են կուտակումներ: Դա մի կողմից կարող է բացատրվել, որ գյուղի համար արտառոց միջոցառում է. մարդիկ հանդիպում, խոսում են, բայց որոշ տեղերում էլ մեքենաներով են և ավելի մեծ խմբերով: Դեռ գնահատական տալ չարժե»:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչը նաև հավելեց՝ Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում հոսանքազրկումներ են, որը կապում են ուժեղ քամիների հետ. «Ամեն դեպքում ոչ ոք չի ենթադրում, որ դա կարող է հատուկ սադրանքանման բան լինել: Հանձնաժողովների նախագահները խոստանում են, որ եթե մինչև հաշվարկը նորմալ չկայունանա վիճակը, միացնելու են դվիժոկներ, որ հոսանքնազրկումներից չտուժեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728