Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։
Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։
Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը, ինչը նոր խթան կարող է հանդիսանալ փոխգործակցության խորացման գործում։
Զրուցակիցները խոսել են տնտեսական, առևտրային, կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարների, մասնավորապես արհեստական բանականության մշակման հարցում գործակցության, ինչպես նաև երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ