Փետրվարի 16-ին, ժամը 12-ն անց 45-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնեց, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմեց, որ նուն օրը ժամը 12-ն անց 20-ի սահմաններում երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել շուրջ 740․000 դրամ ու հեռացել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին USB լարով հետքեր թողել։ Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։
Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Կատարվում է քննություն։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ