Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանը՝ «Առաջին դեմքից». Իշխանությունը վարում է ստելու քաղաքականություն ու պատասխանատվությունից խուսափելու գործելակերպ

Փետրվար 17,2019 15:00

«Միացյալ Նահանգները չի աջակցում ո՛չ ներգրավվածությունը Սիրիայի զինված ուժերի հետ, լինի դա քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության առաքելություն, ո՛չ էլ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը այդ առաքելության նպատակով»,- փետրվարի 8-ին հայ մասնագետների՝ Սիրիա մարդասիրական առաքելության մեկնարկի մասին ԱՄՆ պետքարտուղարության փետրվարի 13-ի արձագանքը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսպես էր արձագանքել. «Երեւի հարցումներ են եղել հայկական հասարակությունից` ինձ համար անհասկանալի պատճառներով։ «Իմ քայլ»-ի պատգամավորն էլ պնդեց. «Սա պարզ ասած սաբոտաժային երևույթ ու «դանոս» է»: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված 1992-95թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանը չհամաձայնեց, որ եթե ԶԼՄ-ների հարցումը չլիներ՝ պատասխան էլ չէր լինի. «Դա իշխող քաղաքական ուժի եւ նրա պարագլխի քարոզչությունն է՝ շատ ցածր մակարդակով իրականացվող: Այն, որ նման արձագանք լինելու է (իմիջիայլոց, կարող էր շատ ավելի կոշտ լինել՝ կարծում եմ) ավելի քան կանխատեսելի էր: Հիշեք ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի ասուլիսը Երեւանում, երբ նա անդրադարձավ այդ թեմային, ընդ որում՝ բավական կոշտ խոսեց: Իշխանությունն այս հարցում նույնպես վարում է ծածկադմփոցի՝ ամեն ինչ թաքցնելու, ստելու քաղաքականություն ու հերթական անգամ ցույց է տալիս իր պատասխանատվությունից խուսափելու գործելակերպը: Եթե ինչ-ինչ պատճառներ կան, ենթադրենք՝ ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունները պահանջում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ներգրավվի նման գործողություններում, բարի եղեք պարզ խոսել այդ մասին, բացատրել: Մի մասը կարող է ընդունել, մյուս մասը՝ ոչ: Ստանձնեք պատասխանատվությունը, այս ամենը կատարեք օրենքով սահմանված ընթացակարգով, այլ ոչ թե խախտելով մի շարք օրենքներ»: Մասնավորապես՝ պետք է լիներ կառավարության որոշում, պաշտպանության նախարարի հրաման եւ այլն:

Մեր զրուցակիցը «սուտ» որակեց պնդումները, թե սա մարդասիրական առաքելություն է: Նշեցինք, որ այլ հակասություններ եւս կան՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ընդգծել էր, թե այս քայլը հայկական կողմի նախաձեռնությունն էր: Մինչդեռ նույն օրը Մոսկվայում, Ռուսաստանի պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը շնորհակալություն էր հայտնել Հայաստանին Սիրիա մեկնելու Ռուսաստանի կոչին առաջինը արձագանքելու համար: ՊՆ-ն հաղորդել էր, որ նախաձեռնությունը «իրականացվում է ռուսաստանյան կողմի աջակցությամբ», այնինչ ՊՆ փոխնախարարը նշել է, որ «միջազգային որեւէ կոալիցիայի կազմում չի լինելու, դա բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող աջակցություն է»: Դավիթ Շահնազարյանը լրացրեց՝ ՊՆ խոսնակն ասում էր, թե եղել է Սիրիայի իշխանությունների կողմից գրավոր դիմում, վարչապետի խոսնակն ասում է՝ բանավոր դիմում. «Ստի ոտքերը կարճ են: Դրա համար էլ իշխանավորների ասածները՝ եւ ոչ միայն այս հարցում, անընդհատ իրար հետ հակասությունների մեջ են: Բայց Դավիթ Տոնոյանի մի հայտարարությունը ամբողջովին ջախջախեց իշխանության կառուցած այս ստի բուրգը»: Նշեցինք, որ պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը, որ եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու՝ Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան, հաջորդ օրը եւ ինքը խմբագրեց, եւ վարչապետը, սակայն մեր զրուցակիցը չհամաձայնեց. «Հետո ի՞նչ, որ խմբագրվեց: Ասվել է, չէ՞, այդ ամենը»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն այս առնչությամբ քննադատություններին այսպես էր հակադարձել. «Շատ բացասական եմ վերաբերվում այն հայտարարություններին՝ հիմնականում նախկին իշխանության, որոնք առանց պարզելու հարցը՝ արդեն այդ խումբը հայտարարել են նոն գրատա: Դա շատ վտանգավոր է: Նախկին իշխանությունը իր ատելությամբ կարող է գնալ մինչև վնաս հասցնելուն և աշխարհաքաղաքական աղմուկ է բարձրացնում: Նրանք աղմուկ են բարձրացնում, իսկ Թուրքիայի իշխանությունները՝ ոչ: Եթե դա լիներ այն, ինչ ներկայացնում են նախկին իշխանությունները, պատկերացնո՞ւմ եք՝ Թուրքիան ինչ աղմուկ կբարձրացներ»: Դավիթ Շահնազարյանը սա նույնպես քարոզչական դրսեւորում դիտարկեց. «Վերջիվերջո, հասկացանք՝ նախկին իշխանությունը հանցագործներ էին, մարդասպաններ էին, առավոտյան նախաճաշին նորածիններ էին ուտում… այդ ամենը հասկացանք; Բայց այս ամենի պատասխանատվությունն ամբողջովին ձերն է: Եվ դուք ինքներդ նույնիսկ միասնական տեսակետ չունեք, չեք էլ նստել պայմանավորվել թե ձեր այս քայլը, սուտը ինչպես եք քողարկելու, դրա համար անընդհատ հակասությունների մեջ եք հայտնվում»:

Մեր զրուցակիցը պնդում է, թե այս քայլի քաղաքականապես արդարացվածության առումով նույնպես լրջագույն կասկածներ կան: Այս համատեքստում մասնավորապես մեջբերեցինք կանխատեսումները, թե Հայաստանը կստանա որոշակի արտոնություններ իր այս քայլի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի մյուս գործընկերները խուսափեցին ցանկացած տեսակի ներգրավվածությունից Սիրիայում, իսկ Հայաստանը նման որոշում կայացրեց: Դավիթ Շահնազարյանը նման սպասումները որակեց չարդարացված. «Մի պարզ բան ասեմ՝ նախորդ իշխանություններին էլ է մի քանի անգամ արվել այս առաջարկը…»: Ընդհատեցինք՝ նշելու համար, որ կա փորձագետի պնդում. «Այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռեւս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել»: «Սա իշխանության փորձատգետներն են,- արձագանքեց նա, ու ճշտմանն էլ, թե պնդման հեղինակը ռուսաստանցի է (Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւը)՝ չվերանայեց իր գնահատականը:- Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մի քանի անգամ արվել է առաջարկը եւ պատասխանը եղել է հետեւյալը՝ եկեք ՀԱՊԿ-ով որոշում կայացնենք ու ՀԱՊԿ-ով գնանք, մասնակցենք. Հայաստանն առանձին դա չի անելու»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Лента.ру-ի հրապարակմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս տարվում են գաղտնի բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ։ Հնչած պաշտոնական հայտարարությունը, որն արել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ դեռ չկան՝ պրն Շահնազարյանը որակեց «դեմագոգիկ». «Այն, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչների՝ մասնավորապես վարչապետի եւ ԱԳ նախարարի մի շարք այլ հայտարարություններ՝ ուղղակիորեն ապացուցում են այն ամենը, ինչ ես ամիսներ շարունակ ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ ասել եմ… Այս գործընթացում տիրող խայտառակ իրավիճակը ես եմ բերել հանրային դիսկուրս՝ դեռ ամռանը, աշնանը, դրանից հետո՝ քարոզարշավի ընթացքում: Ու չնայած իշխանության եւ նրան սպասարկող մի շարք այսպես կոչված «փորձագետներին», որոնք ասում էին, թե սա «շահարկում» է, որոշ «փորձատգետներ», թե սա «ցինիզմ» է՝ այնուամենայնիվ, հաջողվեց եւ Արցախի հարցը հանրային դիսկուրսի առարկա է»: Ճշտմանը՝ իսկ ե՞րբ էր Արցախի հարցը դուրս եկել քննարկումների օրակարգից՝ պատասխանեց. «Մինչեւ դեկտեմբերի երկրորդ կեսը, ըստ էության, դրա շուրջ հանրային դիսկուրս չկար բացարձակապես ու միայնակ էի հնչեցնում այդ հարցը: Հիմա, փառք Աստծո, դա ինձ հաջողվել է եւ, անկեղծ ասած, շատ գոհ եմ»:

Հեղափոխական որակվեց կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետի ներկայացրած այն հիմնավորումը, թե ինչու պետք է Արցախը լիարժեք ներգրավված լինի բանակցային գործընթացում: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված է բանակցություններին՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության։ «Ղարաբաղի ադրբեջանցիները, այդ համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացի, և հետևաբար՝ Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև նրանց կողմից։ Հետևաբար Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի կառավարությունը ունեն մանդատ ներկայացնելու նաև այդ մարդկանց… Մեր կառավարությունն ասում է, որ մենք մանդատ չունենք ներկայացնել Ղարաբաղը ու Ղարաբաղի ժողովրդին, որովհետև Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցել, նրանք ունեն իրենց կառավարությունը և խորհրդարանը»: Այս հիմնավորմանը պրն Շահնազարյանը մասնավորապես արձագանքեց. «Այդ դեպքում կարող ենք ասել, թե Զոհրաբ Մնացականյանն իր գործընկեր Մամեդյարովի հետ քննարկում է ոչ թե Ղարաբաղի անվտանգությունն ու կարգավիճակը, այլ Հայաստանի կարգավիճակն ու անվտանգությունը: Սա զավեշտ է: Երկրորդ՝ բացարձակապես չտիրապետելով հարցին՝ իրենց թվում է, որ երբ այդ փաստարկը բերում են, թե Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված է՝ Ալիեւն անմիջապես պիտի զանգի, Նիկոլ Փաշինյանին ասի՝ Բակո Սահակյանին ասա, որ մյուս անգամ ինքն էլ գա մեր հանդիպմանը: Անլուրջ փաստարկ է դա, պոպուլիզմ է: Նույնիսկ չեն հասկանում մի շատ պարզ բան, որ Արցախին բանակցությունների սեղանի մոտ բերելը պայմանավորվածությամբ չի լինում՝ դրա համար այլ մեխանիզմներ պետք է աշխատեն, որոնց մասին իրենք գաղափար էլ նույնիսկ չունեն»: Նա նշեց, որ թեեւ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր Փաշինյանը խոսում է Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին, բայց այդ մասին դրույթ չկա կառավարության ծրագրում. «Գրված է՝ ինչ որ պահի պետք է վճռորոշ ձայն ունենա: Ինչո՞ւ ես հրաժարվում դրանից, քանի որ հասկանում ես, որ պոպուլիզմով, բղավելով Արցախը չես կարողանալու դարձնել բանակցային կողմ»:

Ըստ մեր զրուցակցի՝ փոփոխության է ենթարկվել մի շատ էական հանգամանք. «Չափազանց կարեւոր է հակամարտության կառավարման հարցը, որը միջազգային հանրությունն իր վրա էր վերցրել: Երբ սկսվեց այդ «վերելակային» ձեւաչափը, որը շարունակվեց Դավոսում 1,5 ժամ զավեշտալի ձեւակերպմամբ՝ «ոչ պաշտոնական» հանդիպման ընթացքում (դժվար է հասկանալ, որ երկու, պարզ ասենք՝ պատերազմող երկրների ղեկավարները հանդիպումն անվանում են «ոչ պաշտոնական»), ոչ միայն զինադադարի պահպանման հիմք համարվեց 1994 թվականի եռակողմ՝ Ղարաբաղի ստորագրությամբ փաստաթուղթը, այլ նաեւ այս երկկողմ հանդիպումները: Սա նշանակում է, որ արդեն ինքն Ալիեւի հետ հակամարտության կառավարումը միջազգային հանրությունից վերցնում են իրենց ձեռքը»: Չհամաձայնեց դիտարկմանը, թե գուցե սա առավել արդյունավետ է՝ հաշվի առնելով, որ պակասել են սահմանային միջադեպերը եւ զոհերը. «Ինչո՞ւ չունենք: Այդ հարցի սպառիչ պատասխանը տվել եմ. Ալիեւն Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով կատարում է լրջագույն ինժեներական աշխատանքներ: Ես ցուցադրել եմ լուսանկարները: Այստեղից արգելափակող 1-2 կրակոց եւ տեխնիկան դադարեցնում էր աշխատանքը: Այն մեծ թափով է իրականացվել»:

Իշխանական լրատվամիջոցներից մեկը նույնականություն էր նկատել. Ադրբեջանն է պնդում, որ պիտի բանակցեն միայն Հայաստանի հետ, Ղարաբաղը չպիտի մասնակցի բանակցություններին, իսկ նման պահանջ ներկայացնելը նշանակում է փակուղի մտցնել բանակցությունները. «Հայաստանի «մտահոգներն» ու Ադրբեջանի իշխանությունները մեկին մեկ նույն բանն են ասում»: Այս մասին հիշատակմանը մեր զրուցակիցը մասնավորապես արձագանքեց. «Սա շատ ցածրորակ քարոզչություն է: Գիտե՞ք՝ մենք բազմապատկման աղյուսակի մասին էլ նույն կարծիքն ունենք, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ Ալիեւը բացառապես նույն կարծիքն ունեն նախորդ իշխանությունների մասին՝ սա ի՞նչ է նշանակում»:

Ամփոփեց. «Այս իշխանությունը վարում է (Նիկոլը դա պետական դավաճանություն էր անվանում, ես այլ բան եմ ասում) բանակցային գործընթաց, որն ամբողջապես ադրբեջանական սցենարով է: Միջազգային հանրության համակրանքը (Լավրովն այդ մասին ասաց) Ադրբեջանի կողմն է: Եվ այս ամենը թաքցնում են մեր հասարակությունից: Շատ մոտ ապագայում պատրաստվում է եռանախագահողների այց տարածաշրջան: Նրանք շատ կոնկրետ աշխատանքներ են սկսել՝ թղթին հանձնելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Միլանում ու Փարիզում: Միջազգային հանրությունը շտապում է, Ադրբեջանը շտապում է»:

Դավիթ Շահնազարյանի հետ զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաեւ հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին: Ո՞ր հասարակություններին՝ հարցնում է նա եւ պատասխանում, որ միայն Արցախը պետք է դա ընդունի: Խոսեցինք նաեւ այն մասին, որ փոխզիջումների անհրաժեշտության մասին ՀԱԿ փոխնախագահի հարցազրույցին ի պատասխան՝ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը նրան անվանեց «անհայրենիք»: Այս եւ բազմաթիվ այլ հարցերի մասին Դավիթ Շահնազարյանի առավել ամբողջական պատասխանները՝ տեսանյութում:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728