Լրահոս
Օրվա լրահոսը

Հապալասով տորթ

Փետրվար 17,2019 13:29

Հապալասը թերեւս ամենաթանկ հատապտուղներից է, սակայն նաեւ՝ ամենահամեղ ու օգտակարներից մեկը: Հայաստանի սուպերմարկետներում պարբերաբար ստանում են թարմ հապալաս, ընդ որում, գինը, կախված սուպերմարկետից, կարող է շատ տարբեր լինել: Իսկ սառեցված հապալաս կա մշտապես: Լավ առիթի դեպքում արժե մի քիչ թանկ, բայց շատ համեղ այս տորթը պատրաստել:

Անհրաժեշտ մթերքները

Խմորի համար

Կարագ- 200 գրամ

Շաքարավազ- 1 բաժակ

Թթվասեր-1 բաժակ

Մածուն-1 բաժակ

Կիտրոն- 1 հատ

Ձու-6 հատ

Սոդա-1 թեյի գդալ

Վանիլի մզվածք – 1 ճաշի գդալ (կամ մեկ տուփ փոշի վանիլին)

Ալյուր-2 բաժակ

Սառեցված հապալաս- 1 բաժակ

Կրեմի համար

Կարագ-200 գրամ

Սերուցքային պանիր- 400 գրամ

սառեցված հապալաս-1 բաժակ

Շաքարավազ-1 բաժակ

Ռոմ կամ կոնյակ-2 ճաշի գդալ

Եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա- 2 ճաշի գդալ

Զարդարելու համար՝ թարմ հապալաս- 1 տուփ (սովորաբար տուփը պարունակում է 125 գրամ հապալաս)

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնել: Ավելացնել շաքարավազը եւ լավ հարել, որ դառնա կրեմանման միատարր զանգված:

Ավելացնել ձուն, շարունակել հարել: Ավելացնել կիտրոնի քերած կեղեւը եւ ողջ հյութը, սառեցված հապալասը, վանիլը, թթվասերն ու մածունը: Կրկին հարել:

Այժմ ավելացնել չոր մթերքները՝ ալյուրն ու սոդան եւ հարել, պետք է դառնա միջին խտության բիսկվիթի խմոր: Լցրեք յուղաթղթով ծածկված խորը կլոր ամանի մեջ եւ դրեք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցը մոտավորապես 35-40 րոպեով, պատրաստվածությունը ստուգեք փայտե չոփիկի միջոցով, եթե չոր դուրս եկավ խմորի միջից, ուրեմն՝ պատրաստ է, եթե խմորոտ լինի, թողեք մի քիչ էլ եփվի:

Մինչ խմորը եփվում է՝ պատրաստեք կրեմը:

Սառեցված հապալասը լցրեք փոքր կաթսայի կամ ջազվեի մեջ, ավելացրեք շաքարավազն ու ռոմը: Դրեք կրակին, անընդհատ խառնելով եփեք, մինչեւ շաքարավազն ամբողջությամբ հալվի, հապալասը փափկի: Ավելացրեք օսլան, շարունակեք մարմանդ կրակի վրա եփել՝ անընդհատ խառնելով, մոտավորապես 7-10 րոպե: Կրակից վերցրեք, անցկացրեք մետաղյա ցանցով, որպեսզի միատարր լինի եւ դրեք մի կողմ, թողեք ամբողջությամբ սառչի:

Սենյակային ջերմաստիճանի կարագը լավ հարեք, ավելացրեք սերուցքային պանիրը, շարունակեք հարել, քիչ-քիչ ավելացրեք հապալասի թանձրուկը: Կրեմը կդառնա մանուշակագույն նուրբ կրեմ:

Երբ խմորը պատրաստ լինի, հանեք, թողեք սառչի, որից հետո մեջտեղից կիսեք: Շերտերի արանքը քսեք կրեմը, ապա ողջ տորթը նույնպես կրեմապատեք: Զարդարեք թարմ հապալասներով: Դրեք 1-2 ժամով սառնարան եւ մատուցեք:

Այս լուսանկարում ես տորթը զարդարել եմ նաեւ փշրված վարդագույն բեզեի կտորներով: Եթե դուք էլ որոշեք բեզեով զարդարել, ապա դա արեք մատուցելուց անմիջապես առաջ, քանի որ բեզեն հալվում է՝ կրեմի խոնավության ազդեցությունից:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հապալասը մեզ մօտ էլ է թանկ ու դա երբեմն ինձ բարկացնում է 🙂 Բայց շատ առողջարար ու համով հատապտուղ է:

    Մի քիչ թեմայից շեղուեմ. եթէ ուզում էք հապալաս ուտէք, մեր Հայաստանում ամռանը եւ աշնանը վայրի հապալաս շատ կայ:
    Օրինակ՝ յստակ տեղ ասեմ: Շամշադինի Միափորի (Մրղուզի) լեռներում լիի՜քը՝ կիլոներով կարող էք ուտել: Քայլելիս նոյնիսկ ոտի տակ է ընկնում:

    Ամռանը ընկերներով հաւաքւում էք, աւտոյի ճամփի ծախսը կիսում, առաւօտ շուտ գնում էք, գիշերը վերադառնում: Գիշերակաց չկայ: Սնունդ չէք տանում, այլ ուտում էք մեր Տաւուշի անարատ կաթ ու մածունը, միսը, խմում էք մեր աստուածային օղիներն ու ջուրը, վայելում սարերը, ձորերն ու անտառները 🙂

    Մեր Հայաստանն արշաւի համար էնքա՜ն սիրուն տեղեր ունի, որ դրանից չօգտուելը մեղք է: Ու ամենակարեւորը՝ շատ փող պէտք չի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728