Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են անցնում ՏԻՄ ընտրությունները Ուրցաձորում և Վարդենիսում

Փետրվար 17,2019 13:01

Այսօր՝ առավոտյան 08.00-ից ՀՀ 24 համայնքներում մեկնարկեցին ՏԻմ ընտրություններ: 14 համայնքում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում ընթանում են համայնքի ղեկավարի և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

Խոշորացված Ուրցաձոր համայնքում տեղի են ունենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առաջադրվել են համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ՔՊ-ական Գեւորգ Ավետիսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ, անկուսակցական Բագրատ Խաչատրյանը եւ եւս չորս անկուսակցական թեկնածուներ:

Aravot.am-ը համայնքի ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Գևորգ Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են անցնում ընտրությունները: Նա պատասխանեց, որ դեռ չի գնացել ընտրության, բայց համայնքում ընդհանուր մթնոլորտը հանգիստ է, ժողովրդի տրամադրությունը բարձր, և ամեն ինչ կարգին է: Նա տեղեկացրեց՝ ընտրատեղամասում կուտակումներն չկան: Հետաքրքրվեցինք՝  ինչպե՞ս կգնահատի իր շանսերը, քանի որ ՏԻՄ ընտրություններում ժողովուրդը չի նայում՝ թեկնածուն որ կուսակցությունից է, այլ նայում է, թե նա ինչ լավ գործ կարող է անել համայնքի համար, Գևորգ Ավետիսյանը պատասխանեց. «Կարող եմ բոլորին էլ մրցակից համարել, քանի որ ընտրությունը ժողովրդի ձեռքում է: Ժամը 20.00-ից հետո հաշվարկի ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա. այս պահին եկեք շանսերից չխոսենք»:

Մեր մյուս հարցին՝ ընտրությանը մասնակցելու  հիմնական նպատակը ո՞րն է, թեկնածուն պատասխանեց. «Ցանկությունը, որ մեր գյուղում վերականգնվի միասնականությունը, գյուղն ունենա զարգացում և առաջընթաց: Այս 20 տարիների ընթացքում ոչ մի նման  քայլի ականատես չենք եղել»:

Վարդենիս համայնքում ևս արտահերթ ընտրություններ են: Համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Արամ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համայնքի բոլոր տեղամասերում տիրապետում է իրավիճակին. ոչ  մի տեղ ինչ-որ արտառոց դեպք տեղի չի ունեցել. «7 տեղամաս, մեկը Այրք վարչական շրջանում, ամեն ինչ նորմալ հանգիստ է: Այս պահի դրությամբ մոտ ութսուն մարդ է կատարել է իր ընտրությունը: Մի քիչ պասիվ են, բայց ինձ թվում է՝ կապված է եղանակի հետ՝ այսօր տեղումներ կան՝ ձյուն, ցուրտ»:

Արամ Մելքոնյանը հույս ունի, որ հեղափոխությունից հետ ՏԻՄ ընտրություններում բնակչության մասնակցությունը կավելանա: Այս առիթով նա ասաց. «Հույս ունեմ, որ այս անգամ ընտրությունների մասնակիցների թիվը 10.200 ընտրողից գոնե 7000 կլինի, նախորդ տարիներին գրանցվել է 5600-5800 ցուցանիշ»:

Համայնքի ղեկավարի թեկնածուն իր շանսերը չցանկացավ գնահատել, անկեղծացավ. կարծում է՝ առավելություն է այն, որ ինքը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է: Նա վստահեցրեց՝ ընտրություն կատարելիս համայնքի բնակիչները հաշվի են առնելու թեկնածուի փորձը, գիտելիքները, հնարավորությունները. «Երևի այս անգամ ծանոթ- բարեկամ-հարազատը քիչ դեր խաղա: Ես երևի թե թեկնածուներից ամենից քիչ ծանոթ-բարեկամներ ունեցողն եմ, բայց մարդկանց կողմից վստահությունը մեծ է»:

Իսկ թե հիմնականում ի՞նչ նպատակով է առաջադրվել, Արամ Մելքոնյանն ասաց, որ հնգամյա ծրագրով միայն շարժվելը ճիշտ չէ, քանի որ ամեն օր նոր փոփոխություններ են տեղի ունենում: Ըստ նրա՝ պարզապես պետք է անդադար աշխատել. «Պետք է աշխատել շատ ավելի երկար, քան տրամադրված է աշխատելու համար, ինչը արել եմ վերջին երկու ամսում. գիշերը 3-ին էլ եմ արթնացել, որ մարդիկ ապահով գնան աշխատանքի, եթե տեղումներ են եղել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագն says:

    Գևորգ Ավետիսյանը կամ կույր և խուլ է կամ էլ լուսնի վրա է ապրել անցյալ քսան տարիներին, իսկ Ուրցաձոր խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին շնորհավորում ենք արդար ընտրությունների համար. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ հաղթանակեց և ժողովրդի ընտրյալ Ռաֆիկ Անդրեասյանը այսօր ևս ընտրվեց համայնքապետ.
    Մի քանի “նեղված” ընդդիմախոսներին էլ մաղթում ենք, որ ի վիճակի լինեք ընդունելու ժողովրդի կամքը և շարունակեք ապրել և արարել ձեր իսկ ծննդավայր գյուղերի համար և եթե մարդկայնորեն ունակ եք, ձեր ձևով նպաստեք համայնքի բարօրությանը և մի խանգարեք կամ ոտքի տակ քանդեք.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728