Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնագնդի առաջնություն, դահուկավազք ու բազկամարտ՝ «Ապարանյան ձմեռ» փառատոնին

Փետրվար 17,2019 12:47

Ըստ ժողովրդական ավանդության՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին ջերմաստիճանը կտրուկ նվազում է: Ժողովրդական ասքը՝ «Սուրբ Սարգսի բուքը», Ապարանում ամենօրյա երևույթ է:

Փետրվարի 16-ին Ապարանում անցկացվեց «Ապարանյան ձմեռ» փառատոնը: Մարզամշակութային միջոցառման հետաքրքրության և սպասվածության սահմանները սկսվում են Ապարանից և հասնում մինչև Ռուսաստան, Գերմանիա, Ավստրիա և այլ երկրներ …

Գերմանացի Ֆրիդրիխ Յանգերը Ապարան արդեն երրորդ անգամն է այցելում:

«Փառատոնի մասին տեղեկացել էի ինձ սպասարկող զբոսաշրջային կազմակերպությունից: Սա հրաշալի համընկնում էր իմ՝ Հայաստան կատարած այցի հետ: Կարծում եմ՝ այս քաղաքը հիանալի հնարավորություններ ունի ձմեռային տուրիզմի կենտրոն դռնալու»:

Միջոցառումը կազմակերպվել է Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ: Փառատոնին աջակցել են Եվրասիա բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ձնեմարտի ֆեդերացիան, «Վորլդ Վիժն» կազմակերպության ապարանյան գրասենյակը և «Շրջակա միջավայրի կայունության աջակցման կենտրոն» ՀԿ-ն:

Միջոցառման կազմակերպիչները փառատոնի կարևորագույն նպատակը համարում են հին ավանդույթների ու մշակույթի վերականգնումը: Փառատոնին ներկա էր նաև Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանը:

Դավիթ Գևորգյանը կարևորեց մարզական, մշակութային միջոցառումների անցկացումը:

«Այսպիսի միջոցառումների ընթացքում կարողանում ենք շփվել աշխատանքային իրավիճակից դուրս: Իմ մոտեցումն է, որ նման միջոցառումները համախմբեն ամբողջ մարզին, և «Ապարանյան ձմեռ» փառատոնն ավելի մեծ մասշտաբով մասնակիցներ ընդունի, որոնց, վստահ եմ, ապարանցիները կդիմավորեն մեծ սիրով»:

Միջոցառումը երկու մասից էր բաղկացած՝ մշակութային և մարզական: Մշակութային մասում նախ ներկայացվեցին Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի ծիսակատարությունները, ապա համայնքները հանդես եկան ազգային երգ ու պարով:

Մարզական մասում դահուկավազքի, լեռնադահուկի, պարան ձգելու, բազկամարտի կողքին կենտրոնական դեր ուներ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ձնագնդի առաջնությունը, որը կազմակերպվել էր Հայաստանի ձնագնդի ֆեդերացիայի կողմից: Ֆեդերացիան ձևավորվել է այս տարի՝ միջազգային փորձի հիման վրա:

Ֆեդերացիայի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը նշեց, որ ապագայում պլանավորում են ստեղծել Հայաստանի ձնամարտի հավաքական:

«Հայաստանի կլիմայական պայմանները նպաստավոր են սպորտաձևի զարգացման ու տարածման համար: Ապարան քաղաքը ֆեդերացիայի գործունեության զարգացման համար ունի մեծ տեսլական, մենք համագործակցություն ենք սկսել համայնքապետարանի հետ, սպորտաձևի տարածումը զարկ կտա Ապարանում ձմեռային զբոսաշրջության զարգացմանը: Իսկ «Ապարանյան ձմեռ» փառատոնը մեզ հնարավորության է տալիս ոչ միայն սպորտաձևը ցույց տալու, տարածելու, այլև խաղերի ընթացքում աչքի ընկնող խաղացողները հետագայում պոտենցյալ թիմակիցներ կարող են դառնալ մեզ համար»:

Առաջնության առաջին պայքարն (սիրողական) ընթացավ Ապարանի Եղիպատրուշ գյուղի թիմի և Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների միջև: Հաղթանակ տարան տեղացիները:

Փառատոնը և ձնամարտի առաջնությունը կունենան շարունակական բնույթ:

 

Զարա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728