Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի յուրաքանչյուր հանդիպում տարաբնույթ խոսակցությունների առիթ է հանդիսանում՝ Արցախյան հիմնահարցի հետ կապված: Հակահեղափոխականները աղմկում ու կասկածներ են հայտնում առ այն, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Արցախյան հիմնահարցին ոչ հայանպաստ լուծում տալ: Հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ճիշտ հակառակն են պնդում:
Եթե Փաշինյանը հայտարարում է, որ ինքը Արցախյան հարցով բանակցություններում Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում, հականիկոլականներն ու հակահեղափոխականները նույնիսկ Փաշինյանի այդ հայտարարության մեջ են կասկածելի բաներ փնտրում ու գտնում: Այսինքն, ստացվում է, որ Արցախյան բանակցություններին մասնակցող Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարեր, որ ինքը ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում, այլ՝ Արցախի Հանրապետությունը: Ահա այսպիսի տարօրինակ ու արտասովոր իրավիճակ:
Քանի որ Իլհամ Ալիևը բանակցություններում ներկայացնում է պարտված Ադրբեջանը, բնականաբար, բանակցություններում նրա ուզելիքն ու հավակնություններն ավելի քան հստակ են՝ հետ վերադարձնել կորցրածը: Նրա այս ցանկությունը, փաստորեն, առավել ևս անիրականանալի ու անհավանական է դառնում, եթե բանակցությունների ինքնուրույն ու լիարժեք կողմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղը: Հիմա, փաստորեն, ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում, և եթե դժգոհողներ կան, դրանք պետք է լինեն ադրբեջանցիները:
Ամեն դեպքում, Արցախյան հիմնահարցի հետ կապված մեզանում տիրող խուճապային տրամադրությունները ոչ միայն արդարացված չեն, այլև միանգամայն հիմնազուրկ են, ընդ որում՝ նաև միանգամայն վտանգավոր, որովհետև մեր միանգամայն ավելորդ ու անտեղի խուճապը կարող է ադրբեջանցիների մեջ ավելորդ ու անտեղի հույսեր արթնացնել ու առաջացնել:
Որ Ստեփանակերտում տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը, դա ոմանց համար շատ լավ է, ոմանց համար՝ շատ վատ: Եվ որ երկրորդ նախագահ Քոչարյանն այսօր կալանավորված է, ոմանք դա շատ ճիշտ են համարում, ոմանք՝ շատ սխալ: Ընդ որում՝ Քոչարյանի կալանքը ճիշտ համարողներ և՛ Ղարաբաղում կան, և՛ Հայաստանում: Սխալ համարողներ՝ նույնպես: Ես այս հանգամանքը նշում ու շեշտում եմ, որովհետև հստակ գիտակցում ու հասկանում եմ, որ Հայաստանցի-Ղարաբաղցի հորինովի հակասությունը երբևէ մեզ համար այնքան վտանգավոր չի եղել՝ որքան հիմա:
Իրականում նման հակասություն ոչ նախկինում է գոյություն ունեցել, և ոչ էլ հիմա, և իրականում ու այժմ գոյություն ունեցողը ոչ թե Ղարաբաղցի-Հայաստանցի հակասություն է, այլ՝ վերստին սևեր ու սպիտակներ, այսինքն՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ, և ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ սրանց այս հակասությունը վերածվի Ղարաբաղցի-Հայաստանցի հակասության, մանավանդ որ, ինչպես ասացինք, իրականում այդպիսի հակասություն ոչ նախկինում է գոյություն ունեցել և ոչ էլ հիմա գոյություն ունի:
Ավելին. մեզանում մշտապես պարսավանքի են արժանացել բոլոր նրանք, ովքեր հետին մտքով փորձել են բարձրացնել այս Հայաստանցի-Ղարաբաղցի հորինովի հակասությունը: Ասում ենք՝ հետին մտքով են դա արել, որովհետև այդ չեղած ու հորինովի հակասությունը միայն հետին մտքով նայելով է հնարավոր նկատել ու տեսնել, և հենց հետին մտքով նայելով էլ նկատել ու տեսել են, և այս մասին անցյալ ժամանակով ենք խոսում, որովհետև արդեն բավական ժամանակ է այս հակասության մասին նույնիսկ փողոցային խոսակցություններում չի խոսվում, և Ղարաբաղցին ու Հայաստանցին բացարձակապես նույնն են, և այսպիսի խոսակցության առիթ ու պատճառ չի էլ եղել, և եթե ես հիմա էս թեմայով խոսակցություն եմ բաց անում, կնշանակի՝ ինչ-որ չափով ու ինչ-որ առումով պատճառն ու առիթը կան, չնայած դժվարանում եմ նշել այդ պատճառներն ու առիթները, մինչդեռ չափազանց հեշտ է ցույց տալ ու ապացուցել, որ Ղարաբաղցին ու Հայաստանցին բացարձակապես նույնն են, և ապացույցներն ու վկայությունները բազում են, և ամենախոսուն ապացույցն ու վկան՝ Եռաբլուրը:
Հանուն Ղարաբաղի կյանք են տվել ոչ միայն Ղարաբաղցիներն ու Հայաստանցիները, այլև սփյուռքահայերը, և կարևորն այն է, որ ոչ միայն Ղարաբաղցիները, այլև Հայաստանցիներն ու սփյուռքահայերը երբևէ չեն «հոգնում» ու չեն «հոգնելու» հանուն Արցախի նվիրաբերվելուց:
Պատերազմը, փաստորեն, չի ավարտվել ու շարունակվում է, և՝ «եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմի» իմաստությունն այսօր, ավելի քան երբևէ, ուժի մեջ է, և չնայած ադրբեջանցիներն ու անձամբ Ալիևը շարունակ հոխորտում ու պատերազմով են մեզ վախեցնում, փաստը փաստ է, որ իրենք ևս հասկանում են, որ հարկ եղած դեպքում հայերս ավելի պատրաստ ենք պատերազմի, քան՝ իրենք, և դա՝ շնորհիվ Ղարաբաղի, Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ամուր ու կուռ միասնականության:
Եվ ամենակարևորն այդ միասնականությունն է, որը խարսխված է «մեկ ազգ, մեկ հայրենիք» գաղափարի վրա և մշտապես գոյություն ունի. միասնականություն, որը գոյություն ունի դարերով՝ անկախ մեր կամքից: Միասնականություն, որն ավելի կարևոր է, քան հեղափոխությունն ու հակահեղափոխությունը. միասնականություն, որը գոյություն է ունեցել դարեր շարունակ և որի շնորհիվ են մարմնավորվել մեր բոլոր հավանական ու անհավանական հաղթանակները:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ