Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս գրքում տառապանք չկա, հերոսն անընդհատ ուտում է ու խմում». Մհեր Արշակյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրքի մասին

Փետրվար 16,2019 21:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումն էր այսօր կազմակերպվել ՝«Լոֆթ»-ի եւ «Անտարես»-ի նախաձեռնությամբ:

Քննարկման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը, Հայկ Համբարձումյանը, բանաստեղծ Մհեր Արշակյանը եւ արձակագիր Գրիգը ներկայացրեցին իրենց դիտարկումները։ Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը բանախոսներից հեաքրքրվեց՝ գիրքը գրակա՞ն երեւույթ է, թե՞ արտագրական, վե՞պ է, թե՞ վեպ չէ, Ն. Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ եւ կամ գրքի բարձր վարկանիշը որքանո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյան անձի հետ։ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը լրագրող է, հրապարակախոս, գրող չէ:

Մհեր Արշակյանի խոսքով՝ «Մինչեւ գրքի վերջին էջի վերջին բառը ես բազմաթիվ գրառումներ եմ արել: Վերջին էջից հետո ես հասկացա, որ ասելու ոչինչ չկա: Այնպես որ, այն, ինչ կլսեք, դրանք ընթացիկ մտքեր են, որոնք չեն հասել երկրի հակառակ կողմի վերջին կետը: Էդ մտքերն ուղղակի ստացել են գոյության նույն իրավունքը, որն ստանում է մարդը առավոտյան արթնանալուց հետո` չիմանալով, թե ինչ է իրեն սպասվում:

Այս գիրքը գրականություն է արդեն այնքանով, որ այն գրվել է թաքստոցից: Բայց գրականությունը լինում է ինքնին, ոչ թե ըստ հանգամանքների: Գրականությունն էս գրքի մեջ է համենայնդեպս այն գրողներով, որոնք այս գրքի մեջ կան` Կաֆկա, Սարոյան, Հեմինգուեյ, Շուկշին: Ուրեմն մոռանանք թաքստոցը:

Սա վավերագրություն է, ճանապարհորդություն խոհանոցով: Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ սա հեղինակի ճանապարհորդությունը չէ երկրի հակառակ կողմով դեպի Հայաստան: Հայաստանը պրիզմա է, որի միջով ճանապարհորդում է աշխարհը, սա աշխարհի ճանապարհորդությունն է՝ Հայաստանով: Կա՞ այլ ճանապարհորդություն` ո՛չ, որովհետև ուր էլ գնաս, ինքդ քեզ հետ ես»:

Ըստ Մհեր Արշակյանի, այս գիրքը կարող էր լինել աղոթք թափառական հրեա չլինելու, բայց այս գրքում տառապանք չկա, հերոսն անընդհատ ուտում է ու խմում: Սա Հեմինգուեյն է, որը տղամարդ է հատկապես ախորժակի մեջ: «Վիսկին մատուցեցին թթու դրած մատղաշ եգիպտացորենի հետ. շատ համով էր»,- գրում է հեղինակը: Արշակյանն ասաց. «Ընդամենը երեք էջ առաջ նա փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչ կարող էր անել, որպեսզի չսպանվեին Պողոս Պողոսյանը, Լևոն Գուլյանը, մարտի 1-ի տասը զոհերը: Եվ գտնում է էդ պատասխանը»:

Ըստ Մհեր Արշակյանի, գրական տեսանկյունից գիրքը կարեկցանքի կարիք ունի, իսկ աշխարհայացքային տեսանկյունից երեւի գտածո է. «Բացառիկ էջեր կան, ասենք, դատողությունները հայ ծնողի մասին, որը երեխայի մեջ դաստիարակում է իր կլոնին: Այս գիրքը դիտարկելի է հումանիտար տեսանկյունից, ոչ թե գեղարվեստական, թեպետ մեծ հաշվով այն որեւէ խնդիր չունի գրականության հետ` լեզուն նույնիսկ մարգարեական շերտեր ունի, դե, ասենք, «Շառլը եւ Ուինսթոնը» գլխում, որտեղ հեղինակը խոսում է մարդու առաքելության մասին: Ո՞րն է գրականությունը` որն առանց քեզ էլ կքայլի դեպի վաղվա օրը:

Մինչդեռ այս գիրքը իր ճանապարհը կավարտի այն Հայաստանում, որի բոլոր արատները նկարագրված են այստեղ: Գուցե քիչ հասկանալի լինեմ, բայց այս գրքում մարդը չկա, կա մինչև մարդը: Ես սա ասում եմ՝ նկատի ունենալով հեղինակին, որովհետև ֆրաու Էլիզաբեթը, Ֆրեդը դրվագներն են հենց այն մարդու, որը գրքում չկա: Ընթերցողը կամ հեղինակը կարող է ասել` եթե կենդանի մարդիկ չկան, մեռածները հո կա՞ն, Վան Գոգը կա՞: Վան Գոգը հեղինակին հետաքրքիր է հենց հումանիտար տեսակետից, թե որքան անպաշտպան մարդ էր: Ո՞վ է մարդը: Նա մեծ տառապանքի ներկայացուցիչն է, էջ առ էջ ինքն իրեն գերազանցող տառապանքով:

Հանուն օրինակի` Համլետը, Իվան Կարամազովը, եթե խոսենք գոյություն ունեցածներից` Չարենցը, Մաթևոսյանը կամ Վանո Սիրադեղյանը: Գիրքը, որ մեզ հասցրել է այստեղ իր մասին խոսելու փաստին, մարդ չունի, որովհետև իր ամեն դրվագում դրված համամարդկայինով հանդերձ, Ֆրեդի կամ Վան Գոգի ողբերգությամբ հանդերձ, տառապանք չունի: Կարելի է ենթադրել, որ տառապանքը մնացել է Հայաստանում, առանց որի չի կարող ապրել հեղինակը: Կարող եք այդպես ասել ամենուր, ես կծափահարեմ ձեր ճշմարտությունը:

Բայց նույնիսկ տառապանքը չէ խնդիրը, որովհետև հեղինակը որպես տառապող, մտքերի մեջ է, ոչ թե գործողությունների: Ուրեմն ինչո՞վ այս գիրքը գրականություն չէ, եթե այն ունի գրականությանն անհրաժեշտ բացառապես բոլոր խաղաթղթերը, բոլոր ձեռագրերը, եթե նույնիսկ ոճը խնդիր չէ: Այս գիրքը ապագա չունի: Հեղինակն ինքն է փակում այդ հարցը, հեղինակն ինքն է փակում գրականությունը իր գրքի մեջ:

«Հիմա, հիմա»,-ամենավերջում բղավում է նա: Այս գրքի իրականությունը վաղը չի ուղեկցելու մարդուն, այս գրքի մարգարեությունը նոստրադամուսյան է, ոչ թե` հոմերոսյան: Որովհետև նույնիսկ Ոդիսևսի վերադարձը չի փակում գրականությունը: Գրականությունը գրքից հետո շարունակվող էջերն են, այս գիրքը ավարտվում է վերջակետով»:

Ավելի ուշ վարչապետն ասաց, որ համաձայն չէ, որ գիրքն ավարտված է, ավելին, իրեն թվում է, որ ամեն ինչ նորից է սկսվում, կրկնվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728