Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ու ռեստորանատերերը պայմանավորվել են

Փետրվար 16,2019 21:30

«Վարչապետի հետ հանդիպումն, ինչպես գիտեք, անցել էր շատ բուռն քննարկումներով։ Բայց արդեն հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հնչեցրեց մի քանի կոմպրոմիսային տարբերակներ, որոնց շուրջ պետք է ծավալվեին հետագա քննարկումները»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության («Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանց, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորաններ, «Երեւանի շաուրմա») գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

Հիշեցնենք, 2019-ի հունվարը հայաստանյան ռեստորանների, ժամանցի կենտրոնների եւ հանրային սննդի այլ կետերի սեփականատերերի համար մեկնարկեց բուռն աշխատանքային ռեժիմում՝ պայմանավորված հարկային նոր փոփոխություններով: Հունվարի 1-ից ոլորտում նախատեսվում է այլ հարկման ռեժիմ. շրջանառության հարկը 6%-ից դարձնել 8%, իսկ հաջորդ տարվա հունվարից հարկը կավելանա եւս 2 %-ով` դառնալով 10 տոկոս: Մոտ քսան օր տեւած բողոքի ցույցերի արդյունքում տեղի ունեցավ հանդիպում եւ քննարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:

Իսկ անցած շաբաթ` փետրվարի 14-ին, կայացել է հանդիպում  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ՝ քննարկելու այն հիմնական տարբերակը, որը պետք է ներկայացվեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Հայաստանի ռեստորանների միության ներկայացուցիչներին փոխանցել է վարչապետի խոսքերն այն մասին, որ կառավարությունն արդեն իսկ հստակեցրել է հանրային սննդի ոլորտում հարկման եղանակը:

«Մինչև 01.01.2022 թ․ մնում է 6% շրջհարկը՝ նվազեցնելով հիմնավորված ծախսերի 3%:

Մինչև 01.01.2022 թ․ կառավարությունն անհրաժեշտ վարչարարական գործողություններ կիրականացնի փաստաթղթավորման խնդրահարույց հարցերի կարգավորման ուղղությամբ, և այդ պահից գործարարներին կառաջարկի ընտրություն 10 % շրջհարկը՝ նվազեցնելով հիմնավորված ծախսերի 6 %, կամ՝ ԱԱՀ հարկման դաշտ։ Իսկ ռեստորանների սեփականատերերն ու ղեկավարները պետք է նախապատրաստեն պայմաններ, որ առավել դյուրին և առանց ճգնաժամերի 3 տարվա ընթացքում կարողանան անցնել հարկման այլ ռեժիմի»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Դավիթ Երեմյանը:

Կառավարությունում, սակայն, այս պայմանավորվածության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չեն արել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728